- 15 Հուլիսի, 2020
- Ընտրություններ, Ժողովրդավարություն եվ մարդու իրավունքներ
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում ընտրական իրավունքի հետ կապված գլխավոր փոփոխությունը տարիքային ցենզի իջեցումն էր 21-ից 18 տարեկան: 1960-ական թվականներից սկսած` այս փոփոխությունը տեղի է ունեցել աշխարհի կայացած ժողովրդավարությունների մեծամասնությունում: Մեծ Բրիտանիայում ու Կանադայում` 1970 թվականին, ԱՄՆ-ում` 1971 թվականին, Ավստրալիայում` 1973-ին: 1991 թվականին Շվեյցարիան աշխարհի վերջին կայացած ժողովրդավարությունն էր, որն ընտրելու իրավունքի նվազագույնը շեմն իջեցրեց մինչև 18 տարեկան: Այս փոփոխությունները դիմադրություն չէին առաջացրել հասարակությունների կողմից: Ավելին՝ դրանք արտացոլում էին այդ հասարակություններում առկա տրամադրությունները:
1990-ական թվականներից սկսած՝ ընտրական իրավունքի վերաբերյալ բանավեճի գլխավոր առարկան արդեն դարձավ տարիքային շեմը 18-ից 16 տարեկան դարձնելու խնդիրը: Այս հարցում առանձնահատուկ ակտիվություն են ցուցաբերում երիտասարդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բազմաթիվ կազմակերպություններ, ինչպես նաև հիմնականում սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն ունեցող կուսակցությունները:
Այսօր, սակայն, աշխարհի այն երկրների թիվը, որտեղ քաղաքացիներն ընտրելու իրավունք ստանում են մինչև 18 տարեկանը, մեծ չէ: Արևելյան Թիմորում, Եթովպիայում, Ինդոնեզիայում, Հյուսիսային Կորեայում և Սուդանում նվազագույն շեմը 17 տարեկանն է, իսկ Արգենտինայում, Ավստրիայում, Բրազիլիայում, Կուբայում, Էկվադորում և Նիկարագուայում` 16-ը: Որոշ երկրներում քաղաքացիները կարող են ընտրել 16 տարեկանից սկսած, եթե նրանք աշխատանք ունեն կամ ամուսնացած են: Օրինակ՝ Հունգարիայում 16 տարեկանում ամուսնացած քաղաքացիներն ունեն ընտրելու իրավունք:
Ընտրական իրավունքի տարիքային ցենզը իջեցնելու կողմնակիցների գլխավոր փաստարկներից մեկը ժողովրդավարական ներառվածության ու լեգիտիմության կարևորությունն է: Ըստ այս տեսակետի` բոլոր նրանք, որոնց շահերի վրա ազդեցություն են ունենում կոլեկտիվ որոշումները, պետք է այդ որոշումների ընդունման գործընթացում մասնակցելու իրավունք ունենան: Բացի այդ, ինչքան մեծ է ընտրելու իրավունք ունեցող մարդկանց թիվը, այնքան մեծ է ընտրված իշխանության լեգիտիմությունը: Սակայն այս տրամաբանությամբ շարժվելու դեպքում պետք է ոչ թե իջեցնել տարիքային շեմը, այլ վերացնել այն: Սա, իհարկե, իրատեսական տարբերակ չէ:
Շեմն իջեցնելու կողմնակիցները հաճախ փորձում են նաև զուգահեռներ տանել այս խնդրի և կանանց ու սևամորթ ստրուկների էմանսիպացիայի միջև: Այս հարցի շուրջ բանավեճերում երբեմն օգտագործվում են նույն փաստարկները, որոնք օգտագործվում էին սուֆրաժիստական շարժման առաջնորդների կողմից: Այնուամենայնիվ, այս տիպի համեմատությունները համոզիչ չեն, քանի որ սեռն ու մաշկի գույնը մարդու մշտական հատկանիշներ են, իսկ տարիքը` ոչ:
Ընտրական տարիքի շուրջ քննարկումներում առանձնահատուկ տեղ ունի նաև մասնակցության վերաբերյալ բանավեճը: Բանավեճի մի կողմը պնդում է, որ տարիքային շեմն իջեցնելը բացասական ազդեցություն է ունենալու ընտրություններում քաղաքացիների մասնակցության տոկոսի վրա: Այս պնդումը լուրջ փաստական հիմք ունի: Երիտասարդ ընտրողների շրջանում մասնակցության տոկոսը, իրոք, միջինից ցածր է: Ավելին՝ 20-րդ դարի վերջին, երբ բազմաթիվ երկրներում «ընտրական տարիքը» իջեցվել էր մինչև 18 տարեկան, իջել էր նաև ընտրություններում բնակչության մասնակցության միջին տոկոսը: Բանավեճի մյուսը կողմը նշում է, որ տարիքային շեմն իջեցնելը երկարաժամկետ կտրվածքով դրական ազդեցություն է ունենալու մասնակցության վրա: Ինչքան վաղ ընտրողները սկսեն քվեարկել, այնքան մեծ է հավանականությունը, որը տարիների ընթացքում նրանց մոտ ձևավորվելու է քվեարկելու սովորություն (voting habit): Սակայն այս հարցում, իհարկե, գլխավոր խնդիրը ոչ թե ընտրողների քանակն է, այլ որակը:
Այդ իսկ պատճառով նվազագույն շեմի իջեցման հետ կապված բանավեճերում առանցքային դեր ունի քաղաքական հասունության գործոնը: Շեմն իջեցնելու դեպքում պետք է առաջին հերթին համոզմունք լինի, որ 16 և 17 տարեկանները քաղաքականապես նույնչափ հասուն են, ինչքան 18 տարեկանները: Այս հանգամանքը կարևոր է ժողովրդավարության որակը պահպանելու առումով: Քանի որ խնդիրն ուսումնասիրող հետազոտողների մեծամասնությունն այս գործոնը որոշիչ է համարում, մինչ առաջ անցնելը անհրաժեշտ է ներկայացնել քաղաքական հասունության չափորոշիչների ամբողջությունը:
Չանը և Քլեյթոնը առանձնացնում են քաղաքական հասունության մի քանի չափորոշիչներ, որոնք ցույց են տալիս ընտրողների ունակությունն ու պատրաստակամությունը կատարել ժողովրդավարական ընտրություն: Այդպիսի չափորոշիչներից է, օրինակ, հարցականի տակ գտնվող տարիքային խմբի հետաքրքրվածության աստիճանը քաղաքականությամբ: Մյուս կարևոր չափորոշիչը քաղաքական գիտելիքներն են: Ընտրողները պետք է գիտելիքներ ունենան քաղաքական համակարգի վերաբերյալ, ինչպես նաև հասկանան հանրային և քաղաքական բանավեճերի առարկա հանդիսացող խնդիրների էությունն ու կարևորությունը: Ցանկալի է նաև, որ ընտրողներն ունենան քաղաքական համոզմունքներ, որոնց միջև տրամաբանական հակասություններ չկան:
Չանը և Քլեյթոնը ուսումնասիրել են Մեծ Բրիտանիայում անցկացված մի շարք սոցհարցումներ և եկել այն եզրահանգման, որ 16 և 17 տարեկանները քաղաքական հասունության առումով զիջում են տարիքային ավելի բարձր խմբերին: Հեղինակները, մասնավորապես, նշում են, որ Մեծ Բրիտանիայի 16 և 17 տարեկան քաղաքացիների մեջ անհամաչափ մեծ է քաղաքականությամբ չհետաքրքրվողների թիվը: Նրանք ավելի քիչ գիտելիքներ ունեն քաղաքականության վերաբերյալ և տարբեր քաղաքական հարցերի շուրջ ունեն մոտեցումներ, որոնց միջև շատ հաճախ հակասություններ են լինում:
Սակայն Չանի և Քլեյթոնի հետազոտության գլխավոր խնդիրն այն է, որ հարցումն իրականացվել է երկրում, որտեղ տարիքային շեմը չի իջեցվել: Այս հարցն ուսումնասիրող ակադեմիական շրջանակներում գոյություն ունի տեսակետ, ըստ որի՝ 16 և 17 տարեկանների մոտ քաղաքականության նկատմամբ հետաքրքրության ցածր մակարդակը և քաղաքական գիտելիքների պակասը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանք, զրկված լինելով ընտրական իրավունքից, պարզապես քաղաքականապես ակտիվանալու շարժառիթներ չունեն: Ենթադրվում է, որ քաղաքական հասունությունը փոխկապակցված է ընտրելու իրավունքի հետ, և շեմը իջեցնելու դեպքում տարիքային այդ խմբում ընդգրկված քաղաքացիների մոտ քաղաքական հասունության աճ է արձանագրվելու: Այդ առումով նպատակահարմար է ուսումնասիրել այն երկրների փորձը, որոնք կա՛մ արդեն իջեցրել են ընտրելու իրավունք ունեցողների տարիքային շեմը, կա՛մ այդ խնդիրն ուսումնասիրելու համար պրակտիկ էքսպերիմենտներ են իրականացրել: Ստորև ավելի մանրամասն անդրադարձ կկատարվի Նորվեգիայի և Ավստրիայի օրինակներին:
2008 թվականին Նորվեգիայի կառավարությունը որոշել էր 2011 թվականին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում 430 մունիցիպալիտետներից ընտրել 20-ը և դրանցում ընտրական իրավունք ունեցողների տարիքային շեմը փորձնականորեն իջեցնել մինչև 16 տարեկան: Այդ որոշումը կայացվել էր Նորվեգիայում նվազագույն շեմի վերաբերյալ տարիներ շարունակ ընթացած բանավեճերի արդյունքում: Ընտրություն կատարելիս կառավարությունը փորձել էր բազմազանություն ապահովել մունիցիպալիտետների չափսի, աշխարհագրության, մունիցիպալ խորհուրդների քաղաքական, ինչպես նաև բնակչության տարիքային կազմի հարցում: Ընտրության գործընթացում կառավարությունը նաև առաջնահերթություն էր տվել այն մունիցիպալիտետներին, որոնք երիտասարդությանը հասարակական կյանքում ներգրավելու քաղաքականություն էին վարում մինչ այդ:
Բերգը ուսումնասիրել է նորվեգական էքսպերիմենտի արդյունքները և փորձել է հասկանալ, թե ինչ տարբերություններ են արձանագրվել քաղաքական հասունության առումով այդ 20 մունիցիպալիտետների 16 ու 17 տարեկան ընտրողների ու մյուս մունիցիպալիտետների 16 ու 17 տարեկան քաղաքացիների միջև, որոնք ընտրություններին մասնակցելու իրավունք չունեին: Հեղինակը ուսումնասիրել է նաև 20 ընտրված մունիցիպալիտետներում քաղաքական հասունության մակարդակը ընտրելու իրավունք ստացած 16 ու 17 տարեկան քաղաքացիների և 18 տարեկան քաղաքացիների մոտ: Հետազոտության հիմնական նպատակը ընտրական իրավունքի և քաղաքական հասունության միջև կապի ուսումնասիրությունն էր:
Բերգը իր հետազոտության մեջ օգտագործում է քաղաքական հասունության 4 չափորոշիչներ` քաղաքական հետաքրքրվածություն, քաղաքական արդյունավետություն, հայացքների մեջ զսպվածություն, հետևողականություն քաղաքական հայացքների և քվեարկության միջև:
Քաղաքական հետաքրքրվածության մակարդակը չափելու համար հարցումներում օգտագործվում է մեկ հասարակ հարց. «Ինչքա՞ն եք դուք հետաքրքրված քաղաքականությամբ»: Բերգը քաղաքական արդյունավետություն է անվանում անհատի գնահատականը սեփական կոմպետենտության` քաղաքականության վրա ազդելու ունակության և քաղաքականության մեջ մասնակցություն ունենալու վերաբերյալ: Հեղինակը նշում է, որ հայացքների մեջ զսպվածությունը բնորոշ է քաղաքական գիտելիքների մեծ պաշար ունեցող քաղաքացիներին, որոնք ընդունակ են նաև իրենց հայացքները տարբեր գաղափարախոսական ուղղությունների հետ նույնականացնել: Եվ վերջապես հայացքների և քվեարկության միջև հետևողականությունը չափվում է` օգտագործելով տարբեր ոլորտների վերաբերյալ հարցման մեջ տեղ գտած պատասխանները և հարցվածների քվեարկության արդյունքները:
Նորվեգիայում խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից մեկ տարի առաջ ավագ դպրոցներում անց էր կացվում ընտրությունների սիմուլյացիա: Նորվեգիայի «Հասարակական գիտությունների վիճակագրական ծառայությունը» 1989 թվականից սկսած հավաքում է դպրոցական ընտրությունների արդյունքները և հարցումներ է իրականացնում այդ ընտրությունների վերաբերյալ: Բերգն իր հետազոտության մեջ օգտագործում է 2011 թվականի հարցումը, որը պարունակում է 30,758 աշակերտների պատասխաններ: Ուսումնասիրելով հարցմանը մասնակցած աշակերտների պատասխանները` նա եկել է հետևյալ եզրահանգումների.
- Քաղաքական հետաքրքրվածության առումով զգալի տարբերություն է նկատվում էքսպերիմենտին չմասնակցած մունիցիպալիտետների 16 ու 17 տարեկան աշակերտների և 18 տարեկան աշակերտների միջև: 18 տարեկանները ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում քաղաքականության նկատմամբ, քան 16 ու 17 տարեկանները: Հակառակ բոլոր սպասումներին` քաղաքական հետաքրքրվածության հարցում տարիքային այս տարբերությունը պահպանվում է նաև էքսպերիմենտին մասնակցած մունիցիպալիտետներում: Նվազագույն շեմը 16 տարեկան դարձնելը լուրջ ազդեցություն չի ունեցել քաղաքական հասունության այս չափորոշիչի վրա:
- Քաղաքական արդյունավետության հարցում Բերգը գրեթե նույն պատկերն է արձանագրում: 18 տարեկանները թե՛ էքսպերիմենտին մասնակցած մունիցիպալիտետներում, թե՛ երկրի մյուս մասերում ավելի բարձր քաղաքական արդյունավետություն ունեն, քան 16 ու 17 տարեկանները:
- 20 մունիցիպալիտետներում տարիքային շեմի փորձնական իջեցումը էական ազդեցություն չի ունեցել նաև հայացքների մեջ զսպվածության հարցում: Ավագ դպրոցների 18 տարեկան աշակերտներն ունեն զսպվածության ավելի բարձր մակարդակ, քան 16 ու 17 տարեկանները:
- Քաղաքական հայացքների և քվեարկության միջև հետևողականության առումով 18 տարեկանները ևս ավելի բարձր ցուցանիշ են արձանագրել, քան ավելի կրտսեր աշակերտներն ինչպես էքսպերիմենտին մասնակցած, այնպես էլ մյուս մունիցիպալիտետներում: Այս չափորոշիչի պարագայում ևս նվազագույն շեմի իջեցումը իրավիճակը չի փոխել:
Այսպիսով, Բերգի հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Նորվեգիայում քաղաքական հասունության հարցում զգալի տարբերություն կա 18 տարեկանների և 16 ու 17 տարեկանների միջև: Տարիքային շեմի փորձնական իջեցումը այդ տարբերության վրա էական ազդեցություն չի ունեցել:
Տարիքային ցենզի թեմայով զբաղվող հետազոտողների ուշադրության կենտրոնում է գտնվում նաև ավստրիական փորձը: 2007 թվականին Ավստրիայում տեղի են ունեցել ընտրական օրենսգրքի բարեփոխումներ, որոնց արդյունքում համապետական ընտրություններում ընտրելու իրավունք ունեցողների տարիքային շեմը դարձել է 16 տարեկան: Ավստրիան Եվրամիության միակ երկիրն է, որտեղ շեմը 16 տարեկան է: Այս բարեփոխմանը զուգահեռ՝ իրականացվել էր նաև իրազեկման արշավ: Բացի այդ, դպրոցներում 8-րդ դասարանի ուսումնական ծրագրի մեջ էր մտցվել նաև նոր առարկա` քաղաքացիական կրթություն: Դպրոցները ստանձնել են երիտասարդ ընտրողներին քաղաքական գիտելիքներով ապահովելու պարտականությունը:
Զեգլովիցն ու Զանդոնելան իրենց համատեղ հետազոտության մեջ ուսումնասիրել են Ավստրիայում նվազագույն շեմի իջեցման ազդեցությունը 16 ու 17 տարեկան քաղաքացիների քաղաքական հետաքրքրվածության վրա: Հեղինակները փորձել են հասկանալ, թե արդյո՞ք ընտրական իրավունք ստացած 16 ու 17 տարեկան Ավստրիայի քաղաքացիների մոտ քաղաքական հետաքրքրվածությունը ավելի մեծ է եղել, քան 16 ու 17 տարեկանների մոտ, որոնք ընտրական իրավունք չունեին: Այս նպատակով նրանք օգտագործել են 2004 թվականին անցկացված EUYOUPART հարցման տվյալները, որին մասնակցել էին 15-ից 25 տարեկան Ավստրիայի հազար քաղաքացիներ: Երկրորդ հարցումը, որն օգտագործվել է հեղինակների կողմից, Votes at 16-ն էր, որն անց էր կացվել 2008 թվականի հոկտեմբերի դաշնային ընտրություններից հետո: Դրանք նվազագույն շեմը 16 տարեկան դարձնելուց հետո առաջին ընտրություններն էին: Երկրորդ հարցմանը մասնակցել էին 16-ից 18 տարեկան 1000 ավստրիացիներ:
Զեգլովիցն ու Զանդոնելան այս երկու հարցումների համեմատական վերլուծություն են իրականացրել և պարզել, որ նվազագույն շեմի իջեցումից հետո 16 ու 17 տարեկան ավստրիացիների մոտ քաղաքականության նկատմամբ հետաքրքրությունը 2004 թվականի համեմատ զգալիորեն աճել է: Հեղինակները նաև նշում են, որ տարիքային այս խմբի ներկայացուցիչների մոտ քաղաքական հետաքրքրվածության աճի մեջ կարևոր դերակատարություն են ունեցել դպրոցները, որոնք շեմի իջեցումից հետո աշակերտների քաղաքական կրթության համար պատասխանատվություն են ստանձնել: Ընտրական իրավունք ստանալուց հետո 16 ու 17 տարեկան աշակերտները պարտավորություն են զգացել ընտրություններից առաջ տեղեկացված լինել և դպրոցը ընկալել են որպես քաղաքական գիտելիքներ ստանալու համար լավագույն վայր:
Ինչպես տեսնում ենք, պատկերը այդքան էլ միանշանակ չէ: Նորվեգիայի 20 մունիցիպալիտետներում անցկացված էքսպերիմենտը ցույց է տվել, որ տարիքային ցենզի իջեցումը էական ազդեցություն չի ունեցել 16 ու 17 տարեկան քաղաքացիների քաղաքական հասունության վրա: Վերջիններս քաղաքական հասունության առումով զիջում էին ավելի բարձր տարիքային խմբերին թե՛ ընտրական իրավունք ստանալուց առաջ, թե՛ հետո: Ավստրիայի փորձի ուսումնասիրությունը հակառակ արդյունքները արձանագրեց և դրական կոռելյացիա ցույց տվեց ընտրական իրավունքի և երիտասարդ ընտրողների քաղաքական հետաքրքրվածության միջև: Այնուամենայնիվ, Ավստրիայի օրինակը պետք է դիտարկել այդ երկրի առանձնահատուկ համատեքստի ներքո:
Եթե այս բանավեճը տեղափոխում ենք հայաստանյան իրականություն, ապա ակնհայտ է դառնում, որ «ընտրական տարիքը» իջեցնելու մասին խոսակցությունները վաղաժամ են: Եթե կայացած քաղաքական ինստիտուտներով և ժողովրդավարական հարուստ ավանդույթներով արևմտյան երկրներում դեռևս այս հարցի վերաբերյալ ակադեմիական կոնսենսուս գոյություն չունի, ապա միայն վերջերս ժողովրդավարական անցում իրականացրած Հայաստանում նմանատիպ քայլի դիմելը կարող է բացասական ազդեցություն ունենալ ժողովրդավարության որակի վրա: Բացի այդ, ինչպես արդեն նշվել է, Ավստրիայում երիտասարդների մոտ քաղաքական հետաքրքրվածության աճի վրա որոշիչ ազդեցություն են ունեցել դպրոցները: Հայաստանյան դպրոցները, սակայն, առանց կրթական համակարգի արմատական բարեփոխումների, այդպիսի գործառույթ իրականացնելու հնարավորություն չունեն:
Տիգրան Գրիգորյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»