- 21 Նոյեմբերի, 2023
- Ժողովրդավարություն եվ մարդու իրավունքներ
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի՝ Արցախում սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության անունից դիմել էր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ժամանակավոր միջոց կիրառելու մասին խնդրանքով։
Հայաստանը Դատարանին խնդրել էր կիրառել թվով 10 միջոց։
Արդեն նոյեմբերի 17-ին Դատարանը հրապարակեց որոշումն ընդդեմ Ադրբեջանի՝ Բաքվի նկատմամբ կիրառելով հերթական ժամանակավոր միջոցները (բավարարելով հայկական կողմի պահանջների մի մասը).
1․ (ա) ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, և որոնք ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն,
(բ) ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք մնացել են Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, և որոնք ցանկանում են հեռանալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն,
(գ) ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք մնացել են Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են Լեռնային Ղարաբաղ, և որոնք ցանկանում են մնալ այնտեղ, զերծ լինեն ուժի կիրառումից կամ ահաբեկումից, որը կարող է նրանց փախուստի պատճառ դառնալ»:
2․ «պաշտպանել և պահպանել գրանցամատյանները, անձը հաստատող և մասնավոր սեփականությանն առնչվող փաստաթղթերը և գրառումները, որոնք վերաբերում են առաջին կետում նշված անձանց, և պատշաճ կերպով հաշվի առնել այդ փաստաթղթերը և գրառումները իր վարչական և օրենսդրական պրակտիկայում»:
«Ինչպես նշվեց, Հայաստանի 5-րդ միջնորդության քննության ժամանակ Ադրբեջանը միակողմանի հանձնառություններ էր ստանձնել, ի թիվս այլնի՝ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հասանելիությունը ապահովելու և ՄԱԿ-ի կողմից ստուգումներ անցկացնելու, մշակութային հուշարձանները պահպանելու և չվնասելու կամ չոչնչացնելու վերաբերյալ, որոնք Դատարանը վերահաստատեց և նշեց, որ դրանք ունեն իրավաբանական պարտադիր ուժ»,- նշված է ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնական էջում։
Ըստ դրա՝ Դատարանը միաժամանակ պարտավորեցրել է Ադրբեջանին նաև «հաշվետվություն ներկայացնել կիրառված ժամանակավոր միջոցների և Դատարանում Ադրբեջանի ներկայացուցչի կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված քայլերի վերաբերյալ ութ շաբաթվա ընթացքում»։
Դատարանն այս որոշմամբ միևնույն ժամանակ վերահաստատեց իր 2021 թվականի դեկտեմբերի 7-ի և 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումներով կիրառված ժամանակավոր միջոցները:
Ըստ ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի՝ Դատարանի որոշումը «նշանակալից է, քանի որ Դատարանի պատմության ընթացքում մեկ դատական վարույթի շրջանակում այս քանակի ժամանակավոր միջոցներ երբևէ չեն կիրառվել որևէ այլ պետության նկատմամբ, ինչը վկայում է Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունները չկատարելու մասին»։
Փաստացի, Դատարանը հայկական կողմի ներկայացրած պահանջների մեծ մասը բավարարել է կամ վերահաստատել է նախկինում կայացված որոշումներով ընդդեմ Ադրբեջանի կիրառված ժամանակավոր միջոցները։
Միևնույն ժամանակ, սակայն, Դատարանը չի բավարարել երկու կարևոր պահանջ։ Դրանք են՝
1/ Ադրբեջանը պետք է դուրս բերի ռազմական և իրավապահ ամբողջ անձնակազմը Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիական հաստատություններից, որոնք զբաղեցված են 2023 թվականի սեպտեմբերի 19-ից իր զինված հարձակման հետևանքով»:
2/ Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղի ներկայիս կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ զինվորականների նկատմամբ պատժիչ գործողություններից։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն անտեսել և չի կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ նույն գործի սահմաններում նախկինում կայացրած մի շարք որոշումներ, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի արգելափակման դադարեցման, ռազմագերիների վերադարձի և այլ հարցերի վերաբերյալ։
Դատարանը 2023 թ․ փետրվարի 22-ին պարտավորեցրել էր Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Դատարանը նույն պահանջը վերահաստատել է 2023 թ. հուլիսին։
Հայաստանը «Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի» խախտման առնչությամբ ընդդեմ Ադրբեջանի հայց էր ներկայացրել 2021 թ․ սեպտեմբերի 16-ին, նույն ամսում հակընդդեմ հայցով դատարան մտավ նաև Ադրբեջանը։
Արդեն դեկտեմբերի 7-ին Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց ՀՀ-ի և Ադրբեջանի հայցերով հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշում․ 2 միջանկյալ միջոց կիրառվեց Հայաստանի և 4-ը՝ Ադրբեջանի նկատմամբ: Դրանք էին ռազմագերիների անհապաղ վերադարձը, Ադրբեջանի պետության կողմից հայերի հանդեպ խտրական վերաբերմունքի և ատելության հրահրման բացառումը, հայկական պատմամշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի կանխումը, ինչպես նաև, ըստ այդ որոշման, Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնար գործով քննվող խնդիրները սրող արարքներից։
Դատարանի որոշումներից որևէ մեկը Ադրբեջանը չի կատարել։ Կարդացեք նաև՝ «Երևանի ու Բաքվի՝ ՄԱԿ-ի դատարանում մերժված ու բավարարված պահանջները»։
Նանե Մանասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»