Դանիել Իոաննիսյանի ելույթները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2019թ․ համաժողովում • ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 16-ին Վարշավայում մեկնարկած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Մարդկային չափման հարցերով համաժողովի ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հանդես է եկել ԵԱՀԿ տարածաշրջանի երկրներում ընթացող ժողովրդավարական և հակաժողովրդավարական գործընթացների, Հայաստանի ու Արցախի ժողովրդավարական գործընթացների և ընտրությունների, հավաքների ազատության իրավունքի մասին ելույթներով։ Ելույթների հայերեն տարբերակները ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

ՕՐ 2-ՐԴ

Վերջին տարիների ընթացքում թե՛ Հայաստանում և թե՛ այլ ԵԱՀԿ անդամ երկրներում բոլորս ականատես ենք լինում հակաժողովրդավարական քարոզչության աճին: 

Տարբեր երկրներում քարոզչական մեխանիզմներով Ռուսաստանը կա՛մ փորձում է ավելացնել հակաժողովրդավարական ուժերի ազդեցությունը, կա՛մ ստիպել ու անգամ սադրել իշխանություններին իրականացնելու հակաժողովրդավարական փոփոխություններ:

Սա մենք տեսնում ենք թե՛ Եվրոպական երկրներում, թե՛ հետխորհրդային տարածաշրջանում և թե՛ աշխարհի այլ վայրերում:

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ականատես եղանք մեդիա դաշտում մոնոպոլիայի վերացմանը և հեռուստատեսությունների ազատականացմանը: Բացառապես դրական այս փոփոխությունից, սակայն, շատ արագ օգտվեցին պրո-ռուսական և հակաժողովրդավարական ուժերը, որոնք մոբիլիզացրեցին մեծ մեդիա ռեսուրսներ ու սկսեցին տանել հակաժողովրդավարական քարոզչությունը:

Ես չեմ կարող ասել, որ ողջունում եմ խոսքի ազատության ապահովման մասով Հայաստանի իշխանությունների բոլոր քայլերը: Բայց այն, ինչ անում է Ռուսաստանը, պետք է հակազդեցության ենթարկվի ժողովրդավարական արժեքները հարգող բոլոր ուժերի կողմից:

Այդ հակազդեցությունը, բնականաբար, չի կարող լինել նույն որակի հակաքարոզչությամբ: Առավել ևս՝ այն չի կարող արտահայտվել գրաքննությամբ: Այդ հակազդեցությունը պետք է ունենա կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ քայլեր:

Կարճաժամկետ առումով պետք է ավելացնել ժողովրդավարության աջակիցների կոմունիկացիոն կարողությունները և ֆակտ-չեքինգը:

Միջնաժամկետ առումով պետք է խրախուսել անկախ լրատվամիջոցների զարգացումն ու հանրության լայն շերտերի մեդիագրագիտության աճը:

Երկարաժամկետ առումով պետք է զարգացնել կրթությունը և մասնավորապես՝ քննադատողական մտածողությունը: Կարծում եմ՝ պատկերը նույնն է ցանկացած այլ անդամ երկրում:

Հայաստանում մեր իրականացրած սոցիոլոգիական հետազոտությունը ցույց տվեց հստակ կորելացիա կրթության, մեդիագրագիտության և ժողովրդավարական արժեքների սատարման միջև:

ԵԱՀԿ տարածաշրջանում ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը չունի այլ ճանապարհ, քան այս քայլերի իրագործումը: Եթե այժմ գործողություններ չձեռնարկվեն այս քայլերի ուղղությամբ, մի քանի տարուց կարող է ուշ լինել, քանի որ Ռուսաստանը և մի քանի այլ անդամ երկրներ ակտիվորեն աշխատում են հակառակ ուղղությամբ: 

 

ՕՐ 3-ՐԴ

Բոլորս գիտենք, որ ընտրությունները հանդիսանում են ժողովրդավարության հիմնական ցուցանիշը: Վերջին տասնամյակներում մենք տարբեր երկրների օրինակով արձանագրում ենք, որ նախկինում ժողովրդավարական ընտրություններ ունեցած երկրներում ընտրությունները սկսում են կեղծվել: Այդ կեղծիքները լինում են թե՛ քվեարկության օրը և թե՛ դրանից առաջ՝ մրցակցայնության վերացումով:

Այս առումով ես ուրախ եմ արձանագրել այն դրական փոփոխությունները, որոնք նախորդ մեկ տարվա ընթացքում տեսանք Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ:

Կարծում եմ՝ հաջորդ հանգրվանը պետք է լինի ժողովրդավարական ընտրությունների ինստիտուցիոնալ հիմքի կերտումը, որպեսզի դա կախված չլինի իշխանությունների քաղաքական կամքից:

Սակայն ես ուրախ եմ նաև արձանագրել, որ ժողովրդավարական ընտրությունների էջը բացվել է ոչ միայն Հայաստանում, այլև Լեռնային Ղարաբաղում, որտեղ 10 օր առաջ տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Մենք «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» մեր գործընկերների հետ որոշեցինք լայնածավալ դիտորդություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Շուրջ 250 տեղամասերում ունեինք 180 դիտորդ: Դիտորդության արդյունքում եկանք այն եզրակացության, որ բոլոր խնդիրներով հանդերձ՝ ընտրությունները մրցակցային էին ու ժողովրդավարական:

Ընդ որում, սա առաջին անգամն էր, որ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղում ընդդիմությունը չի վիճարկել ընտրությունների արդյունքները:

Գաղտնիք չէ, որ Լեռնային Ղարաբաղը ունի վիճելի կարգավիճակ, և Ադրբեջանն այն համարում է օկուպացված տարածք: Բայց մեզ համար կարևորը ժողովրդավարական արժեքներն են: Ես չեմ համեմատի Լեռնային Ղարաբաղի ընտրությունները Ադրբեջանում տեղի ունեցող ընտրությունների հետ, քանի որ մենք Ադրբեջանում դիտորդություն չենք իրականացրել, ու որովհետև բոլորդ գիտեք դրանց մակարդակն՝ ըստ ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի զեկույցների:

Ցանկացած կարգավիճակում մեզ համար կարևոր են ժողովրդավարական արժեքները: Անկախ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից՝ այնտեղ ապրող մարդիկ իրավունք ունեն ընտրելու սեփական իշխանություններին:

Ի տարբերություն Ռուսաստանի կողմից հարևան երկրների օկուպացված տարածքների՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ապրում է շատ ավելի ժողովրդավարական պայմաններում, քան կապրեր, եթե լիներ Ադրբեջանի կազմում:

ՕՐ 4-ՐԴ

Հավաքների ազատության մակարդակը ժողովրդավարության հիմնական ցուցիչներից  է: Եվ այս առումով իրավիճակը հուսադրող չէ: Եթե Ռուսաստանում հավաքների ազատության վիճակն ու օրենսդրությունը տարեց տարի վատանում են, ապա Միջին Ասիայի որոշ երկրներում ընդհանրապես չգիտեն, թե ինչ է հավաքների ազատությունը:

Սա նշանակում է, որ ժողովրդավարական արժեքները կիսող բոլոր ուժերն ու կազմակերպությունները պետք է գործուն քայլեր իրականացնեն ԵԱՀԿ տարածաշրջանում հավաքների ազատության իրավունքի զարգացման ուղղությամբ:

Խաղաղ հավաքների իրավունքի արդյունավետ իրականացման աջակցությունը կարող է բաղկացած լինել հետևյալ գործիքակազմից՝

  1. Հանրային իրազեկվածության բարձրացում: Քաղաքացիները պետք է իմանան, թե ինչ իրավունքներ ու պարտականություններ ունեն խաղաղ հավաքներ իրականացնելիս։ Նաև, քաղաքացիները պետք է իմանան, որ իրենք ունեն էապես ավելի շատ իրավունքներ, երբ հավաքը կրում է խաղաղ բնույթ:
  2. Պետք է զարգացվեն հավաքների պոտենցիալ կազմակերպիչների կարողությունները: Մասնավորապես, կարողությունները պետք է կապված լինեն հավաքի խաղաղ բնույթի պահպանման և լրատվամիջոցների ու ոստիկանության հետ համագործակցության հետ։
  3. Պետք է ավելացվեն հավաքների վայրից ոչ խաղաղ պահվածքով մարդկանց հեռացնելու՝ ոստիկանության կարողությունները:
  4. Պետք է աջակցություն ցուցաբերել հավաքները լուսաբանող լրատվամիջոցներին: Հավաքի մասին օբյեկտիվ լրատվության տարածումը շատ կարևոր է, բայց պակաս կարևոր չէ ցուցարարների նկատմամբ ապօրինի միջամտությունների փաստագրումը:
  5. Անհրաժեշտ է աջակցել այն թիմերին, որոնք զբաղվում են ապօրինի միջամտություններից տուժած անձանց իրավունքների պաշտպանությամբ:

Այս գործողությունները, բնականաբար, պետք է բխեն տվյալ երկրում ստեղծված իրավիճակից, մթնոլորտից ու ձևավորված ժողովրդավարական ավանդույթներից:

Այս ամենի հետ զուգահեռ՝ պետք է հասնել նրան, որ ԵԱՀԿ անդամ պետությունների օրենսդրությունը բարելավվի և հստակեցվի հետևյալը՝

1. Խաղաղ հավաքի անցկացման համար պետք չէ թույլտվություն: Կազմակերպիչները պետք է միմիայն իրազեկեն իշխանություններին:

2. Չի կարելի ուժ կիրառել խաղաղ և այլոց իրավունքները անհամաչափ չսահմանափակող հավաքի նկատմամբ:

3. Չի կարելի ազատազրկել կամ էական չափով տուգանել հավաքի մասնակիցներին ու կազմակերպիչներին, եթե հավաքը կրել է խաղաղ բնույթ:

Առնչվող