2020 թվականին անհամաչափ սահմանափակված իրավունքները

2021 թվականի փետրվարին «Էքոնոմիսթ Ինթելիջենթ Յունիթը» հրապարակեց «Democracy Index 2020» զեկույցը, որտեղ Հայաստանի ցուցանիշը 2019 թվականի համեմատ նահանջ ապրեց` 5.54-ից դառնալով 5.35 (զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ):

Նախ պետք է նկատենք, որ Հայաստանի համար այդ ցուցանիշը 2020 թվականի ցուցանիշից բարձր եղել է միայն 2019 թվականին (2018-ին այն եղել է 4.79, իսկ դրանից առաջ՝ է՛լ ավելի ցածր): Թեև զեկույցի հեղինակները նահանջը պայմանավորում են պատերազմի արդյունքում հայտարարված ռազմական դրության հիմքով իրավունքների սահմանափակմամբ, այդուհանդերձ, փորձենք հասկանալ, թե 2020 թվականին հատկապես ո՞ր իրավունքներն էին, որ համատարած կերպով սահմանափակվել են Հայաստանի իշխանությունների կողմից և մասնավորապես ե՞րբ է դա եղել:

Իրավունքների՝ երբեմն անհամաչափ սահմանափակումները եղել են Նոր կորոնավիրուսային հիվանդության համաճարակով պայմանավորված արտակարգ դրության և Ադրբեջանի ռազմական ագրեսիայով պայմանավորված ռազմական դրության սահմաններում: Ընդ որում, որոշ սահմանափակումներ կիրառվել են փաստացի, բայց առանց որևէ ֆորմալ հիմքի:

Նշենք, որ այստեղ անդրադառնում ենք Հայաստանի իշխանությունների կողմից իրավունքների միայն սիստեմատիկ՝ համակարգված սահմանափակումներին և չենք անդրադառնում սահմանափակումների եզակի դեպքերին, ինչպես նաև չենք անդրադառնում անմիջականորեն Ադրբեջանի ագրեսիայից բխած իրավունքների խախտումներին։

Խոսքի Ազատությունը

2020 թվականին խոսքի ազատությունը սահմանափակվել է երկու անգամ: Առաջին սահմանափակումը արտակարգ դրության սկզբում՝ մարտի 16-ից ապրիլի 13-ին էր: Խոսքի ազատության սահմանափակումն այդ ժամանակ քննադատվել է թե՛ քաղաքացիական հասարակության և թե՛ միջազգային հանրության կողմից (ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար, ԵԱՀԿ խոսքի ազատության հանձնակատար և այլն)։

Շաբաթներ անց գրաքննության կանոնները մեղմվեցին, իսկ ապրիլի 13-ին՝ ընդհանրապես չեղարկվեցին:

Խոսքի ազատության հաջորդ սահմանափակումը մտցվեց ռազմական դրության սահմաններում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, և խստացվեցին հոկտեմբերի 8-ին: Պատերազմի ավարտից քիչ անց՝ նոյեմբերի 20-ին, իրավունքի այս սահմանափակումը կասեցվեց Սահմանադրական դատարանի կողմից՝ Մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությամբ, իսկ դեկտեմբերի 1-ին այն նաև ուժը կորցրած ճանաչվեց Ազգային ժողովում: Թեև բնական պրակտիկա է ռազմական դրության ժամանակ խոսքի ազատության սահմանափակումը, սակայն խնդրահարույց էր սահմանափակման չափը: Օրինակ, ակնհայտ ողջամիտ է ռազմական տեխնիկայի տեղաշարժի հրապարակման արգելքը, սակայն ողջամիտ չէ իշխանության քննադատության կամ սեփական կորուստների մասին հիմնավոր հրապարակումների արգելքը: Այդ վերջին արգելքը, օրինակ, հանգեցնում էր հանրության կողմից իշխանության որոշումների նկատմամբ անվստահությանը (օրինակ՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դեպքում):

Խաղաղ հավաքների ազատությունը

Հավաքների ազատությունը ևս սահմանափակվեց երկու* անգամ: Արտակարգ դրության սահմաններում հավաքների իրավունքը ամբողջությամբ կասեցվեց մարտի 16-ին: Սկսած հունիս ամսից՝ քաղաքացիական հասարակությունը և Հանրային խորհուրդը առաջարկում էին թույլատրել հավաքները ողջամիտ հակահամաճարակային սահմանափակումներով: Սակայն կառավարությունը գնաց այդ քայլին միայն օգոստոսի 12-ին, երբ թույլատրեց խաղաղ հավաքների իրականացումը ողջամիտ ու համաչափ սահմանափակումներով:

Խաղաղ հավաքների իրավունքը արգելվեց նաև ռազմական դրության սահմաններում՝ սեպտեմբերի 27-ից: Անկախ նրանից, թե ինչպես կգնահատենք պատերազմի ժամանակ ռազմական գործողություններից հեռու բնակավայրերում այս իրավունքն արգելելու համաչափությունը, նկատենք, որ այն չեր կարող դիտվել համաչափ արդեն պատերազմի ավարտից հետո: Այդուհանդերձ, իրավունքի արգելքը վերացվեց միայն դեկտեմբերի 1-ին՝ Ազգային ժողովի կողմից:

* Թեև 2020 թվականի սեպտեմբեր 12-ից հայտարարված կարանտինի սահմաններում ևս առկա է խաղաղ հավաքների իրավունքի սահմանափակում, սակայն այն ողջամիտ և համաչափ է:

Իշխանություն ընտրելու իրավունք

Սահմանադրությամբ արգելվում է որևէ տեսակի ընտրությունների անցկացումը արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ: Արդյունքում, 2020 թվականի մարտից Հայաստանում տեղի չունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Իջեւան, Ստեփանավան, Լերմոնտովո և այլ համայնքներում (որտեղ դրանք պետք է տեղի ունենային):

Նշված համայնքներում առ այսօր շարունակում են պաշտոնավարել նախկինում ընտրված համայնքների ղեկավարներն ու ավագանիները, ինչը, բնականաբար, խնդրահարույց է: Ողջամտորեն, այդ համայնքներում կարող էին ընտրություններ կազմակերպվել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կամ ձմռանը, սակայն դա տեղի չի ունենում ֆորմալ պատճառներով:

Տեղեկատվության ազատության սահմանափակում

Տեղեկատվության ազատության սահմանափակում չի նախատեսվել ո՛չ արտակարգ և ո՛չ էլ ռազմական դրության սահմաններում: Սակայն ռազմական դրության ժամանակ այն փաստացի սահմանափակվել է՝ առանց իրավական հիմքերի: Հանրային կառավարման մարմինները, առանց իրավական հիմքի և ողջամիտ տրամաբանության, թե՛ պատերազմի ժամանակ և թե՛ առ այսօր գաղտնի են պահում տեղեկություններ (կամ կեղծ տեղեկատվություն են տրամադրում) կապված վիրավորների, զոհերի, Արցախում տարածքային կորուստների, մի շարք կարևոր որոշումների հիմքում ընկած հանգամանքների և այլ հարցերի շուրջ:

Գործադուլների իրավունքի սահմանափակում

Գործադուլների իրավունքն ամբողջությամբ սահմանափակվել է երկու անգամ՝ հավաքների ազատության հետ ամբողջությամբ զուգահեռ և ճիշտ նույն ժամկետներում: Այդուհանդերձ, արտակարգ դրության ժամանակ գործադուլների իրավունքի ամբողջական սահմանափակումն անհամաչափ էր, քանի որ առանց հավաքի գործադուլը որևէ կերպ չի կարող լինել վարակի տարածման աղբյուր: Այս պատճառով հունիսին Հանրային խորհուրդը առաջարկեց գործադուլների իրավունքը սահմանափակել միայն այն հիմնարկներում, որոնք էական դեր ունեն համաճարակի դեմ պայքարի հարցում:

Այդուհանդերձ, հարկ է նշել, որ չի նկատվել դեպք, որ որևէ հիմնարկի աշխատողներ փորձեն գործադուլ կազմակերպեն և դա խոչընդոտվի ոստիկանության կամ իշխանության այլ ներկայացուցիչների կողմից:

Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող