- 16 Մարտի, 2021
- Հաղորդագրություններ

2018 թ․ հեղափոխության օրերին որպես հանրային պահանջ է ձևակերպվել, իսկ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո վերահաստատվել է, որ իշխող քաղաքական ուժը վերարտադրող և չարաշահումների լայն հնարավորություններ ստեղծող Ընտրական օրենսգիրքը պետք է փոխվի։ Այդ բարեփոխման խոստումն ու պարտավորությունն ամրագրվել է նաև ՀՀ կառավարության ծրագրում և դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունում, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թ. նոյեմբերի 18-ին հրապարակած ճանապարհային քարտեզում։
Շուրջ երկու տարի ՀՀ Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորներ, արտախորհրդարանական ուժեր, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, միջազգային կառույցներ և պետական տարբեր մարմիններ քննարկումներ են ունեցել Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ։ Այդ քննարկումների արդյունքում մշակվել է մի նախագիծ, որն անդրադառնում է ընտրական օրենսդրության գրեթե բոլոր խնդրահարույց կետերին։ Նախագիծն արդեն իսկ պաշտոնապես շրջանառվել ու հրապարակվել է ԱԺ կայքում, ինչպես նաև ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ՝ փորձագիտական կարծիք ստանալու համար:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն առաջարկում է պարզ համամասնական ընտրակարգ, որը պետք է օգնի զարգացնել և բովանդակային դարձնել խորհրդարանական համակարգը, ինչպես նաև երաշխավորի ընտրակաշառքի ու քրեածին հեղինակությունների ազդեցության կանխարգելումը ընտրությունների վրա։ Պարզ համամասնական ընտրակարգի անցումը 2018 թ․ հավանության է արժանացել բոլոր այն ուժերի կողմից, որոնք այժմ ներկայացված են ՀՀ Ազգային ժողովում։ Այդ ընտրակարգը նաև եղել է փաստացի գլխավոր հստակ փոփոխությունը, որ կանխատեսվում էր բարեփոխումների համատեքստում և հավանության էր արժանացել արտախորհրդարանական ուժերի կողմից։
Ընտրական օրենսգրքի և հարակից օրենսդրության փոփոխությունների ընդունումն այն կարևոր քայլն է, որով ԱԺ բոլոր խմբակցությունները կարող են ցույց տալ, որ նախընտրական պայքարում հրաժարվելու են
- Վարչական ռեսուրսի օգտագործումից, որը սահմանվել և հստակեցվել է փոփոխություններով՝ սահմանելով նաև համապատասխան քրեական և վարչական պատասխանատվություն,
- Քարոզարշավի ապօրինի ֆինանսավորումից, որը նախագծով ստացել է ավելի արդյունավետ կարգավորում՝ հաշվետվողականության ու թափանցիկության տեսանկյունից,
- Բարեգործության և այլ քողարկված միջոցներով ընտրակաշառքի բաժանումից, որի կարգավորումները վերանայվել ու բարելավվել են, այդ թվում՝ երրորդ անձանց հայտարարագրման միջոցով,
- Հավաքներին և հատկապես նախընտրական հավաքներին մասնակցելու պարտադրանքից, որի համար սահմանվել է քրեական պատասխանատվություն,
- Կանանց ցածր ներկայացվածությունից, որի հաղթահարման համար նախագիծը սահմանել է ներկայացվածության ապահովման արդյունավետ մեխանիզմներ,
- Իշխանության գերկենտրոնացումից, որի հաղթահարման համար նվազեցվել է կուսակցությունների ընտրական գրավը և արգելապատնեշը, հանվել են կոալիցիաների ձևավորման նախկին սահմանափակումները և ամբողջությամբ վերանայվել է լրացուցիչ մանդատների բաշխման սխեման,
- Անհավասար մրցակցությունից և անձակենտրոն ապաքաղաքական գործունեությունից, որի հաղթահարման համար նախատեսվում է նախընտրական ծրագրերի պարտադիր ներկայացում, բանավեճերի և անվճար եթերաժամանակի ավելացում, կենտրոնացում կուսակցության ընդհանուր քաղաքականության վրա։
Ներկայիս քաղաքական ճգնաժամի հաղթահարման գլխավոր երաշխիքն արտահերթ ընտրությունների անցկացումն է, սակայն վարկաբեկված ու ակնհայտորեն թերի օրենսգրքով ընտրությունների կազմակերպումն ինքնին և ի սկզբանե կհանդիսանա ռեսուրսների, ոչ թե ծրագրերի մրցավազք և կասկածի տակ կդնի նոր Ազգային ժողովի լեգիտիմությունն ու վարկանիշը։
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունման և կիրարկման թիվ մեկ պատասխանատուն Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունն է։ Միևնույն ժամանակ, ընդդիմադիր խմբակցությունների և իշխանության հավակնող քաղաքական ուժերի կողմից օրենսգրքի փոփոխությանը չսատարելը ինքնին կգնահատվի որպես վարչական և ապօրինի ռեսուրսներին ապավինելու մտադրություն և քաղաքական ճգնաժամը հաղթահարելու պատրաստակամության բացակայություն։
Արտահերթ ընտրությունները պետք է նշանակվեն միմիայն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումից հետո՝ հնարավորինս սեղմ ժամկետներում՝ առանց ստորադասելու արտահերթ ընտրությունների հրամայականը ժամկետների վերաբերյալ միջազգային ընդհանրական կանոններին։
Հայտարարությունը ստորագրված է հետևյալ կազմակերպությունների կողմից․
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Հանրային լրագրության ակումբ
Մարդու իրավունքների Հելսինկյան ասոցիացիա
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ
«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Սոցիոսկոպ» ՀԿ
«Քաղաքական երկխոսություն» ՀԿ
Կանանց իրավունքների տուն