ԵԱՀԿ Մինսկի խումբը և ռուս-թուրքական տանգոն

2015 թվականը զինադադարից հետո հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի համար միանշանակ ամենաբացասականն էր: Հայկական գյուղերի հրետանակոծումը և ծանր հրետանու կիրառումը ադրբեջանական կողմից, քաղաքացիական զոհերը, հրադադարի ռեժիմի գրեթե անընդմեջ դարձած խախտումները դարձել են, կարծես թե սովորական երևույթ: Դեկտեմբերի 19-ին ակնկալվող Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ ևս, ըստ ամենայնի, իրավիճակը սահմանին կլարվի էլ ավելի՝ սովորության համաձայն:

Այդուհանդերձ, 2015 թվականը հակամարտության կարգավորման պատմության ընթացքում կարևոր էր հատկապես բանակցային ֆորմատի տեսանկյունից: ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին Ադրբեջանի հնչեցրած անընդմեջ քննադատություններն ու Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակման մասին նորությունները աննախադեպ էին: Այս ամենին գումարվեց նաև նոյեմբերի 4-ին ԵԽԽՎ-ի քաղաքական հարցերով հանձնաժողովի որոշումը՝ հավանության արժանացնել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի զեկույցի հիման վրա կազմված «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» անվանումով բանաձևի նախագիծը, որտեղ Հայաստանին կոչ է արվում «դուրս բերել հայկական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանություն»: Այս բանաձևը, առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի պլենար հանդիպում հրավիրել և քննարկել ԼՂՀ-ի համար միջանկյալ կարգավիճակի հաստատումը, այսինքն՝ փորձում է որոշումներ թելադրել Մինսկի խմբին: Բնականաբար Ադրբեջանի կառավարությունը բազմաթիվ ջանքեր է գործադրել, որպեսզի փորձի Եվրոպայի խորհրդի միջոցով ազդել ԵԱՀԿ ՄԽ-ի որոշումների վրա:

ԵԽԽՎ բանաձևը

Թե ԵԱՀԿ ՄԽ-ն և թե Հայաստանը գրեթե նույնանման բացասական արձագանք տվեցին այս բանաձևին: Թեև բանաձևի հաստատումը քվեարկության է դրվելու 2016-ի հունվարին և դեռ պարզ չէ՝ այն կհաստատվի, թե ոչ, այդուհանդերձ միայն նմանօրինակ փաստաթղթի մշակումն արդեն իսկ սպասվող փոփոխությունների ահազանգ է: Ուշագրավ է, որ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր թվիթերում ևս բացահայտ նշել էր, որ ԵԽԽՎ-ն և այլ միջազգային կազմակերպությունները Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ որևէ զեկույց կամ բանաձև պատրաստելուց առաջ պետք է խորհրդակցեն Մինսկի խմբի համանախագահների հետ: ԵԱՀԿ արտգործնախարարների տարեկան համաժողովում դեկտեմբերի 3-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը, հանդես եկան համատեղ հայտարարությամբ, նշելով.
«Մենք ընդգծում ենք, որ Մինսկի խումբը մնում է միակ ձեւաչափը, որն ընդունում են կողմերը, եւ որը վայելում է ԵԱՀԿ մասնակից երկրների ամբողջական վստահությունը: Բանակցային գործընթացի ձախողումների մեջ համանախագահներին մեղադրելու փորձերը միայն թաքցնում են հիմնական խոչընդոտը՝ բանակցային կարգավորմանը հասնելու համար Հայաստանում եւ Ադրբեջանում քաղաքական կամքի պակասը»: Այս տեսակետը հստակ համընկնում է Երևանի տեսակետի հետ: Վերոնշյալ հանդիպման ընթացքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը միջազգային հանրության առջև հայտարարել էր, որ Բաքուն փորձում է փոխել ԵԱՀԿ ֆորմատը, իսկ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը վերջերս սահմանագծում լարվածության ուժեղացումը անվանել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ ուղղված ահաբեկչություն: Փաստորեն ո′չ ԵԱՀԿ ՄԽ անդամները, ո′չ էլ Երևանը այլևս չեն թաքցնում այն, որ Բաքվի ուզածը Մինսկի խմբից ազատվելն է:

Ռուսական ֆակտորը

Անցած մի քանի ամիսներին այլ ահազանգեր էլ էին հնչում: Աշնանը՝ Լավրովի Ադրբեջան կատարած անսպասելի այցից հետո, Բաքուն լուրեր էր տարածում առ այն, որ այդ այցի շրջանակներում ակտիվ քննարկվել է ԼՀՂ հակամարտությունն, իսկ Ռուսաստանը խնդրի կարգավորման համար հստակ ծրագիր ունի: Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հայտարարել էր, որ Լավրովը հակամարտության կարգավորման առաջարկներ է արել իր այցի ընթացքում: Երկու ամիս անց՝ Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցից հետո ռուսական Կոմերսանտ թերթը հայտարարել էր, որ կա հակամարտության լուծման հնարավոր երկու ուղի: Ըստ առաջին տարբերակի՝ հայկական կողմը հետ է վերադարձնում «օկուպացված» տարածքների մեծամասնությունը, իսկ ըստ երկրորդի՝ ԵԱՀԿ կամ ՀԱՊԿ խաղաղապահներ են տեղակայվում Ղարաբաղում: Նմանօրինակ հայտարարությունները բնականաբար նորություն չունեն, այդուհանդերձ Կոմերսանտի վստահ տոնը հուշում է Մոսկվայում նմանօրինակ տարբերակների քննարկման ակտիվացման մասին: Ուշագրավ է, որ պաշտոնական մակարդակով Մոսկվայի կողմից նման պնդումների հերքում դեռևս չի եղել, ինչն իր հերթին հիմք է տալիս ենթադրելու, որ Մոսկվան էլ դեմ չի ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջքի ետևում Ադրբեջանի հետ համաձայնության գալուն:

Մինչդեռ իրավիճակը նոյեմբերի վերջին փոքր ինչ փոխվեց Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման պատճառով: Այս դեպքից հետո կարելի է ակնկալել, որ Թուրքիան էլ ավելի ակտիվ դեր կխաղա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կամ ավելի ճիշտ ապակարգավորման գործընթացում: Եթե այս ամենին ավելացնենք նաև Էրդողանի հայտարարությունն առ այն, որ Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին օգնել հետ վերադարձնել իր հողերը, ինչպես նաև Էրդողանի ոչ ռացիոնալ քաղաքական քայլերն ու հակահայկական հայտարարությունները, ապա կարելի է ակնկալել թուրք-ադրբեջանական հարաբերությունների սերտացում:

Անցած ամիսների այդ զարգացումները մի քանի եզրահանգման են հանգեցնում: Նախ և առաջ, իրավիճակը կտրուկ փոխվել է՝ Ադրբեջանը ավելի կտրուկ ու անկառավարելի քայլերի է դիմում, Ռուսաստանը, փորձելով ակտիվացնել իր տարածաշրջանային դերը և արևմուտքին նոր մարտահրավերներ նետել, կարծես թե պատրաստ է Ադրբեջանի հետ համաձայնության գալ Ղարաբաղյան հակամարտության շուրջ, իսկ վերջին շաբաթների ընթացքում ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության ֆոնին Լեռնային Ղարաբաղը ավելի ու ավելի հաճախ է հիշատակվում: Մի շարք լրատվամիջոցներ պնդում էին, որ հնարավոր է հակամատության գծում բախումները ուժեղանան Թուրքիայի ջանքերով՝ որպես քայլ ուղղված Ռուսաստանի դեմ: Մինչդեռ ռուս-թուրքական հարաբերությունների սրումը Հայաստանում ոգևորությամբ ընդունողներ կային, թեև նմանօրինակ իրավիճակը միջազգային քաղաքականության տեսանկյունից ոչ մի կերպ Հայաստանին ձեռնտու չէ:

Մասնավորապես, ԼՂՀ հակամարտության հարցում այսօր Ադրբեջանի՝ Ռուսաստանից էլ ավելի շատ զիջումներ և պրո-ադրբեջանական որոշումներ կորզելու համար բանակցային դիրքերն ավելի են ամրապնդվում: Այժմ Ադրբեջանի կառավարությունը կարող է խաղալ Մոսկվայի և Անկարայի՝ տարածաշրջանում իրենց դիրքերն էլ ավելի ամրապնդելու ցանկության հետ՝ ստիպելով երկու կողմին էլ գնալ զիջումների՝ «եթե ոչ դու, ապա մյուսը» տակտիկան կիրառելով: Անցած տարիների ընթացքում Կրեմլի կողմից Բաքվին լայնածավալ զենք ու զինամթերք վաճառելուց Հայաստանի ձեռք բերած դառը փորձը ցույց է տալիս, որ ՌԴ-ն իր տարածաշրջանային շահերի համար պատրաստ է Հայաստանին զոհաբերել: Ավելին՝ հայկական կողմը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով չի կարող երկու կողմի շահերի հաշվին իր շահերն առաջ տանելու տակտիկա կիրառել:

Աննա Փամբուխչյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող