ՏԿԱԻՆ-ի օտարերկրյա գրանտերը

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» շարունակում է ներկայացնել ՀՀ պետական մարմինների կողմից ստացված օտարերկրյա դրամաշնորհների մասին շարքը: Այս անգամ կանդրադառնանք ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ստացված դրամաշնորհներին:

ՀՀ ՏԿԱԻՆ-ը վերջին 2005-2014թթ.-ին ընթացքում այլ պատությունների պետական և Եվրամիության մարմինների կողմից ստացել է 6.2 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ և մոտ 9.5 մլն ԱՄՆ դոլարի համարժեք գույք: Այսպիսով վերջին 10 տարիների ընթացքում ըստ մեզ հատկացված տեղեկությունների ՏԿԱԻՆ-ը ստացել է 15.7 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ:

2010թ.-ին Ճապոնիայի կողմից ՀՀ ՏԿԱԻՆ-ին ստացել է 28 հրշեջ մեքենաներ և դրանց պահեստամասեր՝ շուրջ 8.3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:

Շվեցարիայի զարգացման  և համագործակցության գործակալության (SDC) կողմից 2010թ. «Արձագանք. Բուժմիավորումներ» անվանումով դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ՏԿԱԻՆ-ին է հատկացվել 26.6 հազար ԱՄՆ դոլար: Նույն գործակալության կողմից 2013թ.-ին հատկացվել է 750.0 հազար ԱՄՆ դոլար «Աջակցություն տարածաշրջանային արագ արձագանքման թիմերին» ծրագրի իրականացման համար: Եթե այս դրամաշնորհներին գումարենք Շվեցարիայի կողմից ՏԿԱԻՆ-ին հատկացված անհատույց գույքը, ապա կստացվի, որ գումարային Շվեցարիան հատկացրել է մոտ 1.2 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ:

2011-2013թթ.-ին Եվրոպական տարբեր կառույցներից ՏԿԱԻՆ-ը ստացել է 489.7 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ: Մասնավորապես, ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակից 2011թ. 279.8 հազար դոլար «Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի իրականացման գնահատման հետազոտություն» ծրագրի համար, Եվրամիության «Յոթերորդ շրջանակային ծրագիր Մարի Կյուրի հիմնադրամ»-ից 2011-2012թթ.-ին 47.5 հազար դոլար «Երկրաշարժերի կանխատեսման հնարավորության, սեյսմիկության և կլիմայի փոփոխության կորելյացիայի համալիր հետազոտում» ծրագրի և Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական օգնության զարգացման և համագործակցության հարցերով գլխավոր վարչության (DEVCO) կողմից 2012թ.-ին 162.3 հազար դոլար «Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայի երկրներում կենսաբանական ռիսկերի հակազդման կարողությունների ուժեղացում» ծրագրի համար:

ՀՀ  տարածքային կառավարման (ներկայումս՝ ՀՀ ՏԿԱԻՆ) նախարարությունը համագործակցելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ կազմակերպել է «Կոտայքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ծրագրի միջոցառումներ: Ծրագրի նպատակն է Հրազդանում կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան տարածաշրջանային աղբավայր ՀՀ Կոտայքի մարզի 7 և ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքային համայնքների համար: Ծրագրի դրամաշնորհային միավորը կազմում է մոտ 4.7 մլն ԱՄՆ դոլար:

tkain 1

ՀՀ ՏԿԱԻՆ-ը 2006-2014 թվականների ընթացքում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի (UNDP) կողմից  ստացել 434.0 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գույք, որը հիմականում համակարգչային տեխնիկա է:

ԱՄՆ-ից, Գերմանիայից և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունից ՀՀ ՏԿԱԻՆ-ը անհատույց ստացել է համապատասխանաբար 167.3, 127.7 և 192.7 հազար դոլար արժողությամբ գույք:

Այլ պետություններից ստացվել է  մոտ 179.0 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ կամ անհատույց գույք: Մասնավորապես՝ Սևծովյան տնտեսական համագործակցության նախագծերի զարգացման հիմնադրամի կողմից (PDF) 2014թ.-ին հատկացվել է 38.0 հազար դոլար «Մշակել և պատրաստել ռադոնային տվյալների չափման ու հավաքման կուտակիչ, ստեղծել տվյալների հավաքման կենտրոնով ցանց» անվանումով ծրագիրն իրականացնելու համար:

Հարկ ենք համարում նշել, որ անհատույց հատկացված գույքի ցանկը բավականին լայն սպեկտր է պարունակում սկսած ճապոնական հրշեջ մեքենաներից վերջացրած էստոնական օրացույցներով ու լեհական մուրճերով: Սակայն ՏԿԱԻՆ-ից ստացված տվյալները միշտ չէ, որ պարունակում են գույքի արժեքը, ուստի կարող ենք պնդել, որ իրականում ներկայացված թվերը մինիմալ են:

Այսպիսով, մեր երկրի փրկարար և տարածքային կառավարման գերատեսչությունը դրամաշնորհային աջակցություն է ստացել Շվեցարիայից, Ֆրանսիայինց, Գերմանիայից, Ճապոնիայից, Էստոնիայից, ԱՄՆ-ից, Չեխիայից, Մեծ Բրիտանիայից, Բրազիլիայից, Լեհաստանից և տարբեր միջազգային կառույցներից , սակայն, անգամ մի լումայի աջակցություն չի ստացել մեր դաշնակից Ռուսաստանից:

Տաթևիկ Վարդանյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող