- 11 Հունվարի, 2016
- Արտաքին քաղաքականություն
Եվրոպայում ծագած միգրացիոն ճգնաժամը համարվում է ամենախոշորը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր եւ ԵՄ մարմինների քննարկման առանցքային թեմաներից մեկն է: Համաձայն անցած տարվա վերջին ամիսների տվյալների, 2015 թվականին Սիրիայից եւ Իրաքից շուրջ մեկ միլիոն երկու հարյուր հազար փախստականներ են ժամանել Եվրոպա, որոնց մեծ մասին ընդունել է Գերմանիան:
Թուրքիայի օրինակը
Հիմնականում հենց Գերմանիայի նախաձեռնությամբ էլ ԵՄ-ում ընդունվել էր փախստականներին պարտադիր քվոտաներով տեղաբաշխելու սկզբունքը, ըստ որի՝ ԵՄ երկրները պետք է միմյանց միջեւ, այսպես ասած, բաժանեին փախստականի կարգավիճակ ունեցող ներգաղթյալներին: Ընդհանուր առմամբ, խոսքը գնում էր շուրջ 160 հազար անձանց մասին: Ամենամեծ մասը, ԵՄ երկրների շարքում, պետք է ընդուներ Գերմանիան՝ շուրջ քառասուն հազար մարդ, այնուհետեւ Ֆրանսիան՝ երեսուն հազար մարդ: Այնպիսի խոշոր եվրոպական երկրների դեպում, ինչպիսին են, օրինակ, Իսպանիան եւ Լեհաստանը, խոսքը գնում է, համապատասխանաբար, 19 եւ 12 հազարական փախստականների մասին:
Ընդ որում, կան երկրներ, որոնք դեմ գնացին Գերմանիայի նախաձեռնած այս համակարգի ներդրմանը և փախստականների ընդունմանը… Խոսքը, մասնավորապես՝ Չեխիայի, Ռումինիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի մասին է:
Միեւնույն ժամանակ, Եվրամիությունը քայլեր է ձեռնարկում Սիրիայից եւ Իրաքից փախստականների ներհոսքը կասեցնելու կամ գոնե նվազեցնելու ուղղությամբ եւ այդ հարցում ակնկալում է այլ երկրների ներգրավվածությունը: Դրա վառ օրինակն է Թուրքիան: Անկարայի եւ Բրյուսելի միջեւ ձեռք բերված համաձայնություններով, Թուրքիան Եվրամիությունից երեք միլիարդ դոլար պետք է ստանա իր տարածքում փախստականներին տեղավորելու եւ այդ կերպ նրանց հոսքը դեպի Եվրոպա զսպելու համար:
Եվրոպացիների համար փախստականների ճգնաժամի կարեւորությունն ակնհայտ է դառնում նաեւ նրանով, որ Թուրքիայի կողմից միգրանտների հոսքը զսպելու դիմաց, Բրյուսելը նոր դռներ է բացում Անկարայի համար՝ Եվրամիությանն անդամակցելու բանակցություններում: Հատկանշական է, որ այդպիսով, ԵՄ-ն նաեւ փաստացի դեմ է գնում իր սկզբունքներին՝ աչք փակելով Թուրքիայի արեւելքում քրդերի նկատմամբ իրականացվող բռնությունների ու այդ երկրում ժողովրդավարության հետընթացի վրա: Բացի այդ, ինչպես նույն նոյեմբերին հայտնել էր Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, սպասվում է, որ Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ առաջիկա ամիսների ընթացքում առանց վիզայի ռեժիմ հաստատվի:
Հայկական ներդրումը
Սիրիական հակամարտության սկզբից ի վեր, Հայաստանում ապաստան են գտել Սիրիայի շուրջ 17 հազար քաղաքացիներ: Սա նշանակում է, որ փոքրիկ Հայաստանն ավելի շատ սիրիացի փախստականների է ապաստան ու կարգավիճակ տրամադրել, քան, օրինակ, հսկա Լեհաստանը, որտեղ, ինչպես ասեցինք, համաձայն պարտադիր քվոտաների, տեղավորվելու է 12 հազար փախստական:
Շատ տրամաբանական կլիներ սպասել, որ Հայաստանի ղեկավարությունը փորձեր օգտագործել այս նշանակալի փաստը Եվրոպայի համար անչափ ցավոտ այս հարցում: Մասնավորապես, փախստականների տեղավորելու ու կարգավիճակ տալու համար կարելի էր ստանալ, թե′ նյութական աջակցություն և թե′ քաղաքական դիվիդենտներ:
Ի վերջո, եվրոպական չափանիշներով 17 հազար սիրիացի փախստական ընդունելը (այն էլ՝ փոքր երկրի կողմից) հերոսություն է և արժանի է գնահատականի… Դա առավել արդիական է այն պահին, երբ եվրոպական որոշ երկրներ չեն ցանկանում կիսել համաերվոպական այս խնդիրը և որևէ այլ երկրի աջակցություն երախտապարտությամբ է ընդունվում:
Սակայն, ի տարբերություն այլ երկրների, որոնք այս ճգնաժամի լուծման գործընթացում իրենց ցանկացած դերակատարում փորձում են մատուցել որպես մեծ օգնություն եւ դրա դիմաց դիվիդենտներ քաղել, 16-17 հազար սիրիացի փախստական ընդունած Հայաստանը սահմանափակվում է, այսպես կոչված, «կեղծ համեստությամբ» եւ հուզական հայտարարություններով: Այդպիսի հայտարարությունների թվում կարելի է դասել Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում:
«Այսօր մենք ականատեսն ենք Մերձավոր Արևելքում տեղի ունեցող անմարդկային դաժանությունների… Մենք մեր ուժերի ներածին չափով փորձում ենք օժանդակել փախստականներին. մինչ օրս Հայաստանն ընդունել է ավելի քան 16 հազար փախստական Սիրիայից: Նրանց ընդունման թվով Հայաստանն առաջիններից մեկն է Եվրոպայում» -մասնավորապես ասել է Սարգսյանը:
«Անշահախնդիր ենք»
Սակայն, բացի այդ ելույթից Հայաստանը գործնական որևէ քայլ չի ձեռնարկում՝ Սիրիայից փախստականներին ընդունելու համար արևմուտքից աջակցություն ստանալու համար: Չի իրականացվում մեդիա-արշավ, չեն ձեռնարկվում անգամ բանակցություններ: Արդյունքում եվրոպայում որոշում ընդունողները գրեթե տեղյակ չեն, որ փոքրիկ ու համեստ հնարավորություններով Հայաստանը շուրջ 17 հազար փախստական է ընդունել:
Սա, անշուշտ, վկայում է այն մասին, որ Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները բավականաչափ լուրջ չեն վերաբերվում Եվրոպայում ծագած ճգնաժամի կարեւորությանը եւ Հայաստանի համար դրա ունեցած հավանական հնարավորություններին: Բացի այդ, արտաքին քաղաքականության պատասխանատուները նաև վատ են տիրապետում միջազգային լոբբի իրականացնելու ու լրատվամիջոցների օգնությամբ «շուխուռ հանելու» մեխանիզմներին (որոնք այս դարում խիստ անհրաժեշտ են):
Արդյունքում, Հայաստանը, դժբաախտաբար, շարունակում է զբաղեցնել միջազգային անցուդարձին դիտորդի կարգավիճակով հետեւողի տեղը: Թեև, առնվազն սիրիացի փախստականներին ընդունելու խաղաքարտով կարող էր գոնե կես ոտքի տեղ բացել որոշումներ ընդունող երկրների «ակումբում»:
Հ.Գ. Սակայն արտաքին քաղաքական գերատեսչության այդ անգործությունը ոչ միայն չի քննադատվում, այլև խրախուսվում է. Էդվարդ Նալբանդյանը վերջերս «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրվեց:
Վահե Ղուկասյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»