Գյումրիի սպանդից մեկ տարի անց

2015 թվականի այս օրը առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմական կայանի տանկիստ Վալերի Պերմյակովը գնդակահարեց և սվինահարեց Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին: Այդ միջադեպն ու հետագա դեպքերը բազմաթիվ հանգամանքներ հանեցին ջրի երես:

Փորձենք վերականգնել տեղի ունեցածը և իմի բերել այս ընթացքում կատարված եզրակացությունները:

Դեպքերի խրոնոլոգիան

Այսպիսով, 2014 թվականին ՌԴ Չիտայի մարզից Վալերի Պերմյակովը, ի հեճուկս հոգեբուժական խնդիրների, զորակոչվում է բանակ: Նա անցնում է ծառայության ՌԴ թիվ 21250 զորամասում, որտեղից փախուստի դիմելուց հետո տեղափոխվում է զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք:

Ընդ որում, ինչպես պարզվեց հետագայում, Վալերի Պերմյակովը նաև սատանայապաշտ էր և 2013 թվականի փետրվարին նա «սատանայի հետ պայմանագիր» էր կնքել, որով պարտավորվել էր վերջինիս «փոխանցել» «մի քանի կանանց և մի քանի տղամարդկանց»:

Զինվորական հոգեբուժական բաժանմունքում, սակայն, տևական ժամանակ պարկելուց հետո նրան չեն զորացրում, այլ, որպես չգրված պատիժ, գործուղում են ծառայելու Հայաստանում 102-րդ ռազմակայան, որտեղ նա հասնում է 2014 թվականի դեկտեմբերի 3-ին:

2015 թվականի հունվարի 12-ի գիշերը, ժամը 2:00-ին Պերմյակովը բարեհաջող կերպով ընդունում է պահակակետի հերթապահությունը, սակայն արդեն ժամը 2:30-ին լքած է լինում այն: Ավելի քան 4 ժամ զինծառայողը համազգեստով ու ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով շրջում է Գյումրիի փողոցներով և ապա մտնելով Ավետիսյաններին պատկանող տունը գնդակահարում է այդ ընտանիքի 7 անդամներից 5-ին և ևս 2-ին (փոքր երեխաներին) սվինահարում է Կալաշնիկովի սվին-դանակով: Տուժողներից 6-ը մահանում է տեղում, իսկ 6 ամսեկան երեխան՝ օրեր անց հիվանդանոցում:

Եվս շուրջ 3 ժամ անց (ժամը 10:05-ին) երբ արդեն հայտնի էր ռուս զինծառայողի կողմից կատարված սպանության մասին, 102-րդ ռազմակայանի հրամանատարությունը ՀՀ ոստիկանությանը հայտնում է զինված դասալիքի մասին: Եվ ամբողջ հանրապետությունում սկսվում են Պերմյակովի որոնման աշխատանքները, որոնց անգամ մասնակցում են ռուսական զինվորականները՝ այն էլ ինքնաձիգերով զինված:

Այդ ընթացքում, Պերմյակովը անցնելով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին հսկողություն անող ոստիկանների մոտով (շրջանցելով հենակետը), հասնում է Շիրակի մարզի Բայանդուր գյուղը, ուր հունվարի 12-ի լույս 13-ին գիշերը ժամը 00:15-ին նա բռնվում է ռուս սահմանապահների կողմից:

ՌԴ սահմանապահները Պերմյակովին չեն փոխանցում ՀՀ ոստիկանությանը, այլ տեղափոխում են 102-րդ ռազմակայան, ուր նա առ այսօր գտնվում է՝ թեպետ Ավետիսյանների սպանության մասով նրա քրեական գործը փոխանցվել է ՀՀ իրավապահներին:

Եզրակացությունները՝ ուժազուրկ պայմանագրեր

Հունվարի 13-ին ադեն պարզ դարձավ, որ ռուսական կողմը առանձնապես մտադիր չէ Պերմյակովին փոխանցել հայկական կողմին, ինչը «ջրի երես» հանեց այն հանգամանքը, որ հայ-ռուսական բազմաթիվ պայմանագրեր, ըստ էության, չեն գործում:

Բանն այն է, որ ՌԴ զինվորականների կողմից Պերմյակովին զենքով որոնելու, նրան ձերբակալելու և ապա հայկական կողմին չփոխանցելու, ինչպես նաև նրա փախուստի մասին ժամանակին չհայտնելու ժամանակ ռուսաստանյան կողմը խախտել է թվով 4 հայ-ռուսական համաձայնագրերի շուրջ 10 դրույթներ:

Ավելին, ինչպես նշվեց, ի հեճուկս 1997 թվականին ստորագրված հայ-ռուսական համաձայնագրի, 102-րդ ռազմակայանի հրամանատարությունը ժամանակին ՀՀ ոստիկանությանը չհայտնեց զինված դասալքի մասին: Այն դեպքում, երբ հակառակ պարագայում միգուցե հայկական իրավապահները կարողանային ձերբակալել Գյումրիով «զբոսնող» ու դեռևս ոճրագործությունը չկատարած Պերմյակովին:

Արդյունքում հանրության համար պարզ դարձավ, որ Հայաստանում գործող ՌԴ ուժայինները առանձնապես հոգ չեն տանում հայ-ռուսական միջպետական պայմանագրերի կետերը չխախտելու ուղղությամբ:

Պայմանագրերի խախտումներն ու ողբերգության կանխման հնարավորությունը ավելի մանրամասն նկարագրված են մեր հրապարակած տեսանյութում՝ https://www.youtube.com/watch?v=Dvnly8ALo5k

Եզրակացությունները՝ ռազմաբազան

Հենց միջադեպի օրը, քանի դեռ Պերմյակովը անգամ ձերբակալված չէր, շատերը հիշեցին 1999 թվականի դեպքերը, երբ 102-րդ ռազմակայանի երկու ծառայողները զինված մտան Գյումրու շուկա և կրակ բացեցին պատահական անցորդների վրա՝ սպանելով 2 քաղաքացիների, ինչպես նաև 2013 թվականի ապրիլի 7-ի միջադեպը, որի ժամանակ Վահրամաբերդ գյուղի երկու երեխաներ մահացան: Ընդ որում, եթե 1-ին դեպքի մեղավորները ստացան 14-ից 15 տարվա ազատազրկում, ապա Վահրամաբերդի պոլիգոնի մեղավորներին այդպես էլ «չգտան»:

Ինչպես պարզվեց այս ընթացքում, Ռուսաստանի ՊՆ-ում «չգրված» կարգի համաձայն կարգազանց զինվորներին «աքսորում» են Հայաստանում գործող 102-րդ և Տաջիկիստանում գործող 201-րդ ռազմակայաններ: Այստեղ են ուղղարկվում դասալիքներ, ալկոհոլիկներ, թմրամոլներ և հոգեկան հիվանդներ, որ «փախչելու տեղ չունենան»… Հենց այդ հանգամանքով է պայմանավորված է այս երկու երկրներում ՌԴ զինվորականների հետ միջադեպերի առատությունը:

102-րդ ռազմաբազայի արյունոտ հետքի մասին պատվում է մեր մեկ այլ տեսանյութում՝ https://www.youtube.com/watch?v=f6fyBM6KjOs

Ու թեև Պերմյակովի պարագայում արդեն պարզ է, որ նա ցմահ ազատազրկվելու է, սակայն որևէ սպա պատասխանատվություն չկրեց հայ-ռուսական պայմանագրերի խախտումների համար (թեև այդ խախտումները հնարավոր դարձրին հանցագործությունը): Ավելին, 102-րդ ռազմակայանի այդ ժամանակվա հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկու պաշտոնը, ըստ էության, բարձրացվեց և նա այժմ Ուկրաինայի հետ պատերազմող «Լուգանսկի Ազգային Հանրապետությունում» մի ահռելի զորամիավորում է գլխավորում,  իսկ շուտով, ըստ որոշ տվյալների, կստանձնի ամբողջ 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետի պաշտոնը:

Սակայն, դեռևս գնդապետ Ռուզինսկու՝ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի ռազմաճակատ տեղափոխվելուց առաջ, խոսելով 102-րդ ռամակայանի իմաստի մասին, հանրությունը հիշեց Ուկրաինայում տեղակայված ՌԴ ռազմածովային բազաի օրինակը: Բանն այն է, որ 1994 թվականին ստորագրված Բուդապեշտյան համաձայնագրով Ռուսաստանը ստանձնել էր Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորությունը: Սակայն, հենց ռուս զինվորականները և ՌԴ ռազմածովային բազան զենք բարձրացրեցին Ուկրաինայի դեմ ու խախտեցին այդ երկրի տարածքային ամբողջականությունը:

Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող