2016-ի նավթի գնի կանխատեսումն ու ՀՀ տնտեսության դրաման

Ինչպես հայտնի է, օրերս նավթի միջազգային գները խփեցին 12 տարվա անտիռեկորդ՝ կայուն կերպով հաստատվելով Բարելը 30 դոլարի սահմաններում: Նավթի գինն այդքան ցածր չէր եղել 2004 թվականից, իսկ 2011-ից 2013 թվականներին դրա գինը բավականին կայուն էր՝ 110 դոլարի շրջակայքում:

Բանն այն է, որ վերջին տարիներին բավականին զարգացավ թերթաքարային նավթի արդյունահանումը (сланцевая нефть), ԱՄՆ-ն երկար տարիներց հետո թույլատրեց նավթի արտահանումը, իսկ Չինաստանի տնտեսական աճը դանդաղեց, ինչը հանգեցրեց նավթի պահանջարկի անկմանը: Արդյունքում նավթի պահանջարկը պակասեց, իսկ առաջարկը էականորեն աճեց, ինչը հանգեցրեց արժեզրկմանը:

Փորձենք հասկանալ, թե ինչպե՞ս է կանխատեսվում նավթի գինը 2015 թվականի համար և ինչպե՞ս է ազդելու Հայաստանի վրա:

Գնի կանխատեսումներ

Աշխարհի տարբեր երկրներ ու կազմակերպություններ 2016 թվականի համար տալիս են տարբեր կանխատեսումներ: Այսպիսով, Իրանի պետական բյուջեում նավթի միջին հաշվարկային գինը 40 դոլար է, Սաուդյան Արաբիայում՝ 29, իսկ Շոտլանդիայում գնահատվում է 16 դոլար բարելի դիմաց: Ռուսական «Սբերբանկը» արդեն պատրաստվում է 25 դոլար գնին, իսկ հեղինակավոր «Բլումբերգը» հնարավոր է համարում նաև մեկ բարելի դիմաց 20 դոլար արժեքը:

Միևնույն ժամանակ Ռուսաստանի 2016 թվականի պետական բյուջեում նավթի գինը ամրագրվել էր 50 դոլարի մակարդակում: Այդ երկրի բյուջետային մուտքերի կեսից ավելին ապահովվում է նավթագազային եկամուտներով, հետևապես նավթի գնի անկումը էական հարված է հասցնելու երկրի, թե՛ բյուջեին և թե՛ տնտեսությանը:

Բանն այն է, որ Ռուսաստանում նավթի արտահանման միջին ինքնարժեքը 35-ից 37 դոլար է և 30 դոլար սակագինը վնասաբեր է:  Նավթային այս նոր իրականության մեջ Ռուսաստանի պետական բյուջեն շուրջ 10 տոկոսով թերակատարում է ունենալու: Զարմանալի չէ, որ այդ երկրում արդեն ակտիվորեն քննարկվում է տարին դեռ չսկսած բյուջեն սեկվեստրի ենթարկելու հարցը:

Ազդեցությունը Հայաստանի վրա

Թվում է թե Հայաստանը, լինելով էներգետիկ ռեսուրսներ ներմուծող երկիր, պետք է շահեր նավթի գնի նվազումից, բայց Ռուսաստանից մեր տնտեսության չափազանց մեծ կախվածության պատճառով մեր տնտեսությունում սպասվում են տրանսֆերտների, արտահանման ու ներդրումների է՛լ ավելի մեծ ծավալի կրճատումներ։

2015-ի դեկտեմբեր ամսվա տվյալները դեռ ամփոփված չեն, սակայն ըստ հունվար-նոյեմբերի ցուցանիշների՝ տրանսֆերտների նվազումը կազմել է 37.2%: Ակնհայտ է, որ ռուբլո վերջին արժեզրկումից հետո Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների աշխատած գումարները դոլարի վերածելիս ավելի փոքր կլինեն, ինչը նշանակում է առաջիկա ամիսների համար տրանսֆերտների կրճատման ավելի մեծ թիվ։

2015-ի հունվար-նոյեմբերին Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է 28.1%-ով, իսկ հունվար-սեպտեմբերին ռուսական ուղղակի ներդրումները նվազել են 70%-ով։ Նվազման այս չափերը ևս կմեծանան առաջիկա ամիսներին։

Ռուսաստանի տնտեսության քայքայումից, իհարկե, միայն Հայաստանը չէ, որ տուժում է։ Միջինասիական երկրները, Վրաստանն ու Մոլդովան ևս տուժում են։ Սակայն, եթե Միջինասիական երկրները առանձնապես այլընտրանք չունեին՝ իրենց տնտեսությունը ըստ երկրների դիվերսիֆիկացնելու, ապա Վրաստանը, Հայաստանն ու Մոլդովան ունեին։ Եվ, ի տարբերություն Վրաստանի և Մոլդովայի, Հայաստանը չօգտվեց իր այդ հնարավորությունից։ Եթե Հայաստանը, ստորագրելով ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, զրոյացներ ԵՄ երկրների հետ առևտրի մաքսատուքերն ու հեշտեցներ հայակական ապրանքների մուտքը ԵՄ երկրներ, մեր արտահանման կրճատումն այսօր այս աստիճան մեծ չէր լինի։ Ճիշտ այնպես, ինչպես Վրաստանի պարագայում, որի արտահանման կառուցվածքում Ռուսաստանի տեսակարար կշիռը անցած տարի կազմել է ընդամենը 7%։ Եթե Հայաստանի ստացած տրանսֆերտների (ՀՆԱ մոտ 21%) մոտ 90 տոկոսը գալիս է Ռուսաստանից, ապա Վրաստանի ստացած տրանսֆերտների (ՀՆԱ մոտ 12%-ը) միայն 40%-ն է Ռուսաստանից։ Ներդրումներով Ռուսաստանն աննշան կշիռ ուներ Վրաստանի համար նաև անցած տարիներին՝ մոտ 10-15%, իսկ այդ 2015-ի առաջին երեք եռամսյակների դրությամբ այն կազմել է ընդամենը 4%: Եվրոպական ուղղվածության շնորհիվ Վրաստանում կատարված ներդրումների, փոխանցված տրանսֆերտների և արտահանումը կրճատումը 2015-ին կազմել է 20-25%, ի տարբերություն Հայաստանի՝ 30-70% ցուցանիշների։

Այսպիսով՝ ստեղծված գլոբալ տնտեսական նոր պայմաններում, երբ նավթի գինը ցածր է և առաջիկա տարիներին բարձրանալու հեռանկարները շատ անհավանական են, Հայաստանը պետք է փորձի հնարավորինս կրճատել Ռուսաստանից կախվածությունն ու կենտրոնանալ Եվրոպական շուկաների ու ներդրողների վրա, հակառակ պարագայում մեր կորուստները չափազանց մեծ կլինեն։

Հրայր Մանուկյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող