Ինչու է Ադրբեջանը ստուգում իրանական բեռնատարները Սյունիքում

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը ոչ միայն շարունակաբար սադրանքների ու ապակայունացնող գործողությունների է դիմում Հայաստանի հետ հարաբերություններում, այլև փորձում է խնդիրներ ստեղծել տարածաշրջանի մյուս երկրների համար:

Ինչ

Այսպես, սեպտեմբերի 12-ից Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում (որը օգտագործում է հայկական կողմը, բայց հսկում է ադրբեջանականը) ադրբեջանական ոստիկանությունը կանգնեցնում և ստուգում է (կամ ճանապարհային հարկ է գանձում) իրանական համարանիշներով բեռնատար մեքենաների վարորդներին՝ «Ադրբեջանի տարածք մուտք գործելու համար»:

Այս մասին հայաստանյան հանրությանը հայտնի դարձավ նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության՝ սեպտեմբերի 12-ին տարածած հաղորդագրությունից: Ըստ դրա, «Ադրբեջանի ոստիկանությունը իրանական բեռնատարների ստուգումը իրականացնում է սեպտեմբերի 12-ից՝ ժամը 12։00-ից սկսած», իսկ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»:

Սակայն քանի որ ՀՀ ԱԱԾ հաղորդագրության մեջ որևէ կերպ չի նշվում ադրբեջանական կողմի գործողությունների նպատակների ու դրդապատճառների մասին, փորձենք հասկանալ դրանք այստեղ:

Ինչու

Ադրբեջանական մի շարք քարոզչամիջոցներ դեռ սեպտեմբերի 11-ին հանդես էին եկել իրանական կողմին հասցեագրված մեղադրական հրապարակումներով՝ կարծես հող նախապատրաստելով այս քայլի համար:

Մասնավորապես, Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունն աջակցող ու այդ քաղաքականության քարոզչությամբ զբաղվով Caliber.az կայքը սեպտեմբերի 11-ին հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ, համեմված Իրանի հասցեին մեղադրական ու, կարելի է ասել, կշտամբող հայտարարություններով, խոսվում էր դեպի Լեռնային Ղարաբաղ իրանական բեռնատարների մուտքի մասին: Ադրբեջանական լրատվամիջոցը, ըստ այդմ, նշում է, որ պատերազմից հետո արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ իրանական համարանիշներով բեռնատարները, որոնք տեղափոխում են բազմատեսակ ապրանքներ, այդ թվում՝ վառելիք, անխոչընդոտ մուտք են գործում «ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի»:

Նշվում է, որ այս կապակցությամբ դեռևս օգոստոսի սկզբին Ադրբեջանի արտգործնախարարություն էր հրավիրվել այդ երկրում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը, որին փոխանցվել է բողոքի նոտա և ոչ երկիմաստ կերպով ասվել է, որ Ադրբեջանը մտահոգված է իրանական կողմի այդ գործողություններով: Սակայն «ի զարմանս ադրբեջանցիների», Իրանը, փաստորեն, արհամարհել է այդ մտահոգությունները և շարունակում է բեռներ փոխադրել Արցախ: Հատկանշական է, որ Caliber.az-ը, մի քիչ ավելի զուսպ, բայց ոչ պակաս ուղիղ մեղադրանքներ է հնչեցնում նաև ռուս խաղաղապահների հասցեին, որոնք կա՛մ չեն տիրապետում իրավիճակին Լաչինի միջանցքում (ինչն ադրբեջանցիները քիչ հավանական են համարում), կամ «այդ ամենը» տեղի է ունենում նրանց լռելյայն համաձայնության ներքո:

Նույնաբովանդակ հոդված իր էջերում սեպտեմբերի 11-ին հրապարակել էր նաև ադրբեջանական պետական լրատվական գործակալություն apa.az-ը, որտեղ նույնպես մեղադրանքների կենտրոնում ոչ միայն իրանական կողմն էր, այլև ռուսական խաղաղապահ առաքելությունը։

Դեպի Արցախ տանող Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհը հսկում են ռուսաստանյան խաղաղապահները և ադրբեջանական կողմը կարողանում է միայն վիզուալ հետևել ճանապարհին տեղի ունեցողին: Եվ այդ կերպ ադրբեջանցիները նկատել են Արցախ մտնող բազմաթիվ իրանական բեռնատարներ:

Ընդ որում, իր ոչ պաշտոնական խոսափողերի միջոցով Բաքուն նաև հայտարարում է, որ Իրանի դեսպանին ԱԳՆ կանչելուց հետո իրականական բեռնատարները սկսել են օգտագործել հայկական պետհամարանիշներ, որոնք ակնհայտորեն չեն պատկանում այդ բեռնատարներին:

Ինչպես

Ինչպես հայտնի է, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանն անցնում է Խորհրդային Միության կազմում խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմաններով: Ըստ խորհրդային քարտեզների, Հայաստանի Գորիս և Կապան քաղաքներն իրար կապող Կարմրաքար-Շուռնուխ և Քարահունջ-Որոտան ավտոճանապարհների որոշ հատվածներ գտնվում են Ադրբեջանի տարածքում: Այս տարվա օգոստոսի 25-ին ադրբեջանցիները արգելափակել էին երթևեկությունը նշված հատվածներում, ինչը կաթվածահար էր արել Հայաստանի և Իրանի միջև ավտոհաղորդակցությունը․ չնայած կա նշված հատվածները շրջանցող այլընտրանքային գրունտային ճանապարհ, այն խիստ դժվարանցանելի է մեծ բեռնատար մեքենաների համար:

Օրեր տևած բանակցություններից հետո Ադրբեջանը օգոստոսի 27-ին, այնուամենայնիվ, բացել էր Գորիս-Կապան ավտոճանապարհը և, թերևս, հասկանալով, որ չի կարող արգելափակել իրանական բեռնատարների ճանապարհը Հայաստանից Արցախ, որոշեց «կարգավորել» դրանց հոսքը Գորիս-Կապան ճանապարհին:

Ադրբեջանի այս գործողությունները ճնշման լծակ են ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի դեմ, որով Բաքուն ուզում է հստակ ֆիքսել, որ Թեհրանը պետք է հաշվի նստի իրենց այն պահանջի հետ, որ իրանական բեռնատարներն Արցախ չեն մտնելու:

Եվ բացի դա, Գորիս-Կապան ճանապարհին «փաստաթղթերի ստուգմամբ» ու Արցախ մտնելիս բեռնատարների տեսանկարահանմամբ Ադրբեջանը հավաքում է բոլոր տեղեկություններն այն վարորդների ու կազմակերպությունների մասին, որոնք իր կամքին դեմ մտնում են Արցախ: Դրա շնորհիվ Բաքուն, նախ, կկարողանա որոշակի հետապնդումների ենթարկել այդ անձանց ու կազմակերպություններին (օրինակ՝ արգելել Ադրբեջանով բեռնափոխադրումներ անել), երկրորդը՝ կկարողանա շատ ավելի հասցեական պահանջներ ներկայացնել Թեհրանին (կոնկրետ նշելով, թե որ վարորդների ու կազմակերպությունների գործունեությունն է իր համար խնդրահարույց):

Ընդ որում, հավանական է, որ ադրբեջանական կողմը սկսի արգելել իրանական այն բեռնատարների տեղաշարժը Կապան-Գորիս ճանապարհով, որոնք նախքան այդ նկատվել էին Արցախ մտնելիս: Եվ նույնիսկ չի բացառվում, որ ճանապարհին այդպիսի բեռնատարների վարորդներ նկատելու դեպքում հենց դրանց վարորդները սկսեն հետապնդվել կամ, նույնիսկ, ձերբակալվեն:

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

 

Առնչվող