Հայաստանի սահմանների պատմությունն ու ոդիսականը

Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտությունից հետո սկսվեց սահմանազատման միակողմանի գործընթաց։ Կարելի է ասել, որ գործընթացը տեղի է ունենում, ըստ էության, առանց Հայաստանի մասնակցության, ինչը, անխոս, արտասովոր երևույթ է։

Սովորաբար, երկու պետությունների միջև սահմանները որոշելիս ստեղծվում է դելիմիտացիոն խառը հանձնաժողով, պետությունների սահմանները որոշվում են համապատասխան քարտեզի վրա, հետո նոր իրականացվում է դեմարկացիան՝ սահմանագծի անցկացումը երկրի մակերևույթի վրա։

Չխորանալով խնդրի քաղաքական բաղադրիչների մեջ՝ ստորև կփորձենք հասկանալ, թե երբ են ձևավորվել այդ սահմանները՝ ինչ որոշումների ու պայմանավորվածությունների հիման վրա, և ինչ է տվել խորհրդային ժառանգությունը։

Առաջին հանրապետության շրջափուլ

1920 թվականի ապրիլի 28-ին Ադրբեջանի կոմունիստները 11-րդ կարմիր բանակի օգնությամբ տապալեցին մուսավաթական կառավարությունը և հաստատեցին խորհրդային իշխանություն։ Հարավային Կովկասում Խորհրդային Ռուսաստանի քաղաքականությունը է՛լ ավելի ակտիվացավ՝ ունենալով լուրջ հենարաններ։

Հայ-ռուսական հարաբերությունները կարգավորելու նպատակով 1920 թ. ամռանը Մոսկվայում Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը (Լ․ Շանթ, Լ․ Զարաֆյան և Հ․ Տերտերյան) բանակցություններ է վարում ռուսական պատվիրակության (Գ․ Չիչերին, Լ․ Կարախան) հետ (տես՝ Հայոց պատմություն, Հատոր 4, գիրք 1, Եր․, 2010 թ․, էջ 242)։

Երկու պատվիրակությունների միջև տեղի ունեցան մի շարք նիստեր, և թվում էր, թե կողմերը մոտ են որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելուն։ Ձեռք բերված համաձայնությունները, սակայն, չվերածվեցին պայմանագրի։ Ադրբեջանի հակահայ ղեկավարությունը, ունենալով Պ․ Մդիվանու և Ա․ Միկոյանի աջակցությունը, ահռելի չափերի ճնշում էր գործադրում Չիչերինի վրա։

Հունիսի սկզբներին Նարիմանովը, Մդիվանին և Միկոյանը հեռագիր են ուղարկում Լենինին և Չիչերինին։ Հեռագրում նրանք հայկական իշխանություններին մեղադրում են կոմունիստների գնդակահարության մեջ, իսկ Ղարաբաղը և Զանգեզուրը հռչակում ադրբեջանական տարածք։

1920 թ․ հունիսի վերջին և հուլիսի սկզբին Բաքուն ավելի անհանդուրժող է դառնում։ Նարիմանովը մեղադրում է Չիչերինին հայամետության մեջ։ Շահարկում է մուսավաթականների գործոնը։ Հունիսի 29-ին Չիչերինը բացատրագիր է ներկայացնում Լենինին առ այն, որ Ադրբեջանը Հայաստանի հարցում իրականացնում է զավթողական քաղաքականություն, փորձում է տիրանալ Ղարաբաղին, Զանգեզուրին, Նախիջևանին և Շարուր-Դարալագյազին, մինչդեռ այդ տարածքների մեծ մասը փաստացի գտնվում է Հայաստանի Հանրապետության վերահսկողության տակ։

Մոսկվա են ժամանում նախ Բաքվի, ապա քեմալական պատվիրակությունները։ Հայ-ռուսական բանակցությունները Մոսկվայում մտնում են փակուղի։ Չիչերինը հեռագրում է Լեգրանին (ՌԽՍՖՀ դիվանագիտական առաքելության ղեկավարը Հայաստանում)՝ տեղում լուծել խնդիրները՝ Հայաստանի կառավարության հետ։

Լեգրանը փորձում է հանդիպել Հայաստանի վարչապետ Հ․ Օհանջանյանին, սակայն վերջինս հրաժարվում է ընդունել Լեգրանին՝ պատճառաբանելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև չկա պայմանագիր, Ռուսաստանը չի ճանաչել Հայաստանի անկախությունը։ Ներկայացվում են մի շարք այլ պատճառներ ևս։ Շուտով, սակայն, Օհանջանյանը համաձայնում է Զանգեզուրում ծավալված ռազմական գործողություններին վերջ տալու և հաշտություն կնքելու նպատակով Թիֆլիս գործուղել հատուկ պատվիրակություն։ Հայ-ռուսական բանակցությունները Թիֆլիսում սկսվում են 1920 թ․ օգոստոսի 6-ին և ավարտվում օգոստոսի 10-ին։

Համաձայնագիրը ստորագրվում է օգոստոսի 10-ին։ Ի թիվս այլ դրույթների, հայտարարվում է, որ օգոստոսի 10-ի ժամը 12-ից ռազմական գործողությունները ՌՍԴԽՀ և Հայաստանի զորքերի միջև դադարեցվում են (տես՝ Հայոց պատմություն, Հատոր 4, գիրք 1, Եր․, 2010 թ․, էջ 248)։ ՌՍԴԽՀ զորքերը զբաղեցնում են «վիճելի մարզերը»՝ Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը։

Չնայած համաձայնագրով հստակ արձանագրվում էր, որ վիճելիությունը չի կանխորոշում դրանց պատկանելիության հարցը, սակայն այն հետագայում պարարտ հող հանդիսացավ ադրբեջանական կողմի համար։

Թուրք-հայկական պատերազմում հայկական կողմի ծանր պարտությունից և Իջևանի կողմից բոլշևիկների ներխուժումից հետո Հայաստանը խորհրդայնացվեց։ 1920 թ․ դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվում է «Համաձայնագիր ՌՍԴԽՀ լիազոր ներկայացուցչի և Հայաստանի կառավարության միջև»։ Հայաստանը հայտարարվում է «Սոցիալիստական Խորհրդային անկախ Հանրապետություն», նախկին կառավարությունը հեռանում է իշխանությունից, իսկ մինչև Ռազմհեղկոմի ժամանումը Երևան այն անցնում է զինվորական հրամանատարությանը՝ Դրոյի և Սիլինի համատեղ գլխավորությամբ (տես՝ Международная политика новейшого времени в договорах, нотах и декларациях. Часть 3, Москва, 1928, էջ 75-76)։

Դեկտեմբերի 2-ի համաձայնագրի 3-րդ հոդվածով Ռուսաստանի կառավարությունն ընդունում էր, որ Խորհրդային Հայաստանին են պատկանում Երևանի նահանգն իր բոլոր գավառներով, Կարսի մարզի մի մասը, Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառը և Ղազախի գավառի այն մասը, որի սահմանները որոշված են Թիֆլիսի համաձայնագրով։

Դեկտեմբերի 2-ի համաձայնագրի երրորդ հոդվածով ՀԽՍՀ տարածքը պետք է կազմեր ավելի քան 43,000 քկմ (տես՝ Խաչատրյան Կ․, Սուքիասյան Հ․, Բադալյան Գ․, Հայկական տարածքների բռնակցումը Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին 1920-1930-ական թթ․, Երևան 2020)։Սակայն Խորհրդային Ռուսաստանը հետամուտ չեղավ ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Դրան նպաստեց նաև այն հանգամանքը, որ դեկտեմբերի 4-ին Սարգիս Կասյանի գլխավորությամբ Երևան ժամանած հեղկոմը փաստացի անվավեր ճանաչեց դեկտեմբերի 2-ի ակտը։

Լեռնային Ղարաբաղի նվիրումը Ադրբեջանին

Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների միջև տարածքային վեճերը քննարկման առարկա դարձան 1921 թ․ կեսերին։ Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության (ՌԿ(բ)Կ) կովկասյան բյուրոյի՝ 1921 թ․ մայիսի 2-ի որոշումով ստեղծվեց հանձնաժողով։ Հանձնաժողովը ղեկավարում էր Ս․ Կիրովը, որը Ռուսաստանի ներկայացուցիչն էր Վրաստանում։ Անդրկովկասի հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ որոշվելու էին սահմանները և ՌԿ(բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոյի պլենիումին ներկայացվելու էր եզրակացություն (տես՝ Хармандарян С., Ленин и становление Закавказской федерации. Ереван, 1969)։

Հանձնաժողովի նիստերի ընթացքում Ալ․ Բեկզադյանը, ներկայացնելով Հայաստանի ծանր դրությունը, հստակ հիմնավորում էր, թե ինչ անհրաժեշտություն ունեն տարածքները հայկական կողմի համար։ Առանցքային էր այն դրության ներկայացումը, որում Հայաստանը հայտնվել էր Մոսկվայի պայմանագրի պատճառով՝ փաստացի կորցնելով իր տարածքների կեսը և հսկայական ռեսուրսներ։ Դրան գումարվում էր նաև 400,000-ից ավելի գաղթականների հանգամանքը և սոցիալ-տնտեսական ծանրագույն դրությունը։ Բեկզադյանն անհրաժեշտ էր համարում Վրաստանից ու Ադրբեջանից հայկական որոշ տարածքներ Հայաստանին միացնելը։

Վրաստանի պատվիրակությունը կտրուկ առարկում է Բեկզադյանի առաջարկություններին։ Կիրովն աջակցում է վրացիներին, և նրանց միանում է նաև ադրբեջանական պատվիրակությունը։

Հանձնաժողովի նիստերի ընթացքում բանակցող երկրների մայրաքաղաքների հետ տեղի ունեցան տարատեսակ նամակագրություններ։ Ադրբեջանական կողմը փաստացի հրաժարվում էր մինչ այդ հնչեցրած հայտարարություններից, իսկ Նարիմանովն արտահայտվում էր վերջնագրի լեզվով։

1921-ի հուլիսի 4-ին ՌԿ(բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոյի պլենումն Ի․ Ստալինի մասնակցությամբ քննարկեց «Ղարաբաղի հարցը»։ Քվեարկությունը կատարվեց մի քանի տարբերակներով, և ընդունվեց որոշում՝ «Լեռնային Ղարաբաղը մտցնել Հայաստանի ՍԽՀ կազմի մեջ, հանրաքվե անցկացնել միայն Լեռնային Ղարաբաղում» (այլ՝ չընդունված տարբերակով՝ հանրաքվե անցկացվելու էր ամբողջ Ղարաբաղում, նաև մուսուլմանական բնակչության շրջանում) (Հայոց պատմություն, Հատոր 4, գիրք 1, էջ 359)։

Սա, իհարկե, արդարացի որոշում էր՝ հաշվի առնելով վերը նշված փաստարկները, և բխում էր Լեռնային Ղարաբաղի բացարձակ մեծամասնություն կազմող հայերի կամքից։

Ընդունված որոշման դեմ հանդես եկավ Ադրբեջանի կառավարությունը։ Հաջորդ օրը՝ հուլիսի 5-ին, կայացավ նոր նիստ։ Գ․ Օրջոնիկիձեն և Հ․ Նազարեթյանը պահանջում էին վերանայել Ղարաբաղի վերաբերյալ նախորդ օրվա որոշումը։ Առանց քննարկում անցկացնելու, պլենումը ընդունեց հետևյալ որոշումը․ «1. Ելնելով մուսուլմանների ու հայերի միջև ազգային խաղաղության և Վերին ու Ներքին Ղարաբաղների տնտեսական կապի անհրաժեշտությունից, Ադրբեջանի հետ նրա մշտական կապից՝ Լեռնային Ղարաբաղը թողնել ԱդրՍԽՀ սահմաններում՝ նրան տրամադրելով մարզային լայն ինքնավարություն, վարչական կենտրոնը ինքնավար մարզի կազմում գտնվող Շուշի քաղաքում»։ Այնուհետ Ադրբեջանի կոմունիստներին հանձնարարվում էր որոշել ինքնավար մարզի սահմանները և ներկայացնել կովկասյան բյուրոյի հաստատմանը։

Որևէ փաստաթուղթ չկա այն մասին, թե ինչպես փոփոխվեց այդ որոշումը մեկ գիշերվա ընթացքում։ Սակայն կարելի է ենթադրել, որ այդ խնդրում իր վճռական դերն է խաղացել Մոսկվայի միջամտությունը (Հայոց պատմություն, Հատոր 4, գիրք 1, էջ 359)։

Հետագայում արդեն, երբ կազմավորվում էր ԼՂԻՄ-ը, ադրբեջանական իշխանությունների հետևողական ջանքերով կրճատվում էին նույնիսկ ինքնավար մարզի տարածքները՝ Հայաստանի հետ կապը հնարավորինս բացառելու համար։

Անդրֆեդերացիան և հայ-ադրբեջանական սահմանային խնդիրները

Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Հայաստանը կորցրեց Կարսի մարզը, Սուրմալուի գավառը (Մեծ և Փոքր Մասիսներով), Նախիջևանի երկրամասը (Շարուր–Դարալագյազի շրջանի հարթավայրային մասով)։ Թուրքիային և Ադրբեջանին անցած հայկական տարածքները կազմում էին ավելի քան 25,000 քկմ։

ՀԽՍՀ կառավարությունը վավերացրեց Կարսի պայմանագիրը 1922 թ․ մարտի 20-ին։

Հայկական տարածքների և սահմանային հարցերը մտան նոր փուլ և վառ արտահայտվեցին Անդրֆեդերացիայի ստեղծումից հետո։

Գարեգին Նժդեհի և նրա զինակիցների պայքարի արդյունքում Սյունիքը մնաց Հայաստանին։ 1921 թ․ հուլիսի 9-ին մի խումբ զինակիցներով նա անցնում է Արաքս գետի պարսկական ափը։ Զարգացնելով առաջխաղացումը՝ հուլիսի 13-ին խորհրդային ուժերը գրավեցին Մեղրի գյուղն ու Գնդեվազի շրջանը․ երկրամասի խորհրդայնացումն ավարտված էր (տես՝ Սիմոնյան Ա․ Հ․, Զանգեզուրի գոյամարտը(1920-1921թ․,) Երևան, 2000, էջ 601-602)։

Զանգեզուրի գոյամարտի հիմնական արդյունքն այն էր, որ դրա հայությունը փրկվեց ադրբեջանական ջարդերից, իսկ գավառի Արևմտյան մասը միացավ Խորհրդային Հայաստանին։ ՀՍԽՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի հրատարակած «ՀԽՍՀ վարչական վերաբաժանումների մասին» դեկրետում շրջանցվեց Զանգեզուրի վերաբաժանման հարցը։ Այդ դեկրետից շուրջ մեկ ամիս անց՝ 1921 թ․ օգոստոսի 31-ին, ՀՍԽՀ ժողկոմխորհը որոշում ընդունեց «Զանգեզուրի գավառ կազմելու մասին»։

Դեկրետում արձանագրված «Զանգեզուրի՝ ՀՍԽ Հանրապետությանը կցված մաս» արտահայտությամբ Խորհրդային Հայաստանի ղեկավարները պարզորոշ մատնանշում էին, որ կա նաև Զանգեզուրի՝ ՀՍԽՀ-ին չկցված մաս, այնինչ Երևանի 1920 թ․ դեկտեմբերի 2-ի համաձայնագրով հանրապետության մաս էր ճանաչվում ամբողջ Զանգեզուրի գավառը։

Զանգեզուրում ՀՍԽՀ և ԱՍԽՀ միջև սահմանային գծի անորոշ լինելը զանազան խնդիրներ էր հարուցում։ Ուստի առաջնային էր ժամանակավոր սահմանագծի հաստատումը։

Որքան էլ զարմանալի թվա, նախկին Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի տարածքում ՀՍԽՀ-ի և ԱՍԽՀ-ի միջև ժամանակավոր սահմանագծի որոշումը վերապահվեց ոչ թե միջպետական հանձնաժողովին, այլ Զանգեզուրի և Ղուբաթլուի կոմունիստներին, ինչը վկայում էր Ադրբեջանի կողմից իրականացվող անեքսիան քողարկելու ցանկության մասին (Հայկական տարածքների բռնակցումը Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին 1920-1930-ական թթ․, էջ 62-63)։

Հոկտեմբերի 11-ին, հավանաբար Գորիսում «Ղուբաթլուի և Զանգեզուրի գավառների ադմինիստրատիվ ժամանակավոր սահմանները որոշելու․ տապալված կառավարության սահմանները վերականգնեցնելու հուլիսի 2-ի տվյալներով» հարցով, 3 զանգեզուրցի գործիչների մասնակցությամբ հատուկ նիստ էր գումարվել։ Չափազանց հետաքրքիր օրակարգով այդ նիստն ընդունել էր հետևյալ որոշումները․

  1.  Դարալագյազի գավառի ամբողջ սահմանագիծը՝ ըստ հին վարչական սահմանագծի, պահպանել Զանգեզուրի սահմանների մեջ։
  2. Հյուսիսային սահմանը սկսվում է Դավագյոզ լեռան գագաթից դեպի արևելք Ջիվանշիրի գավառի հին վարչական սահմանագծով մինչև Իվչբուլաղ լեռան գագաթը, այնտեղից դեպի հարավ-արևելք անցնելով Ֆիրին-չինգիլ լեռան գագաթը մինչև Զղըլբողազ լեռնագագաթը, այնտեղից ուղիղ արևելք՝ մինչև Օլոուլար լեռան գագաթը, այնտեղից իջնելով հարավ-արևելք ուղղությամբ Իշըխլու և Քաչալ դաղ լեռնագագաթներով՝ Ջիննիգյոլը թողնելով թուրք քոչվորների իրավասության տակ։ Քաչալ դաղից սահմանագիծը տանել հետևյալ գյուղական հասարակությունների հողերի սահմաններով․ Բայանդուր, Խոզնավար, Քոսալար (Զաբուղը և Նավրուզլուն թողնել Քուրդիստանի տերիտորիայի մեջ, սահմանագիծը անցնում է Հագարու գետի աջ ափով մինչև Կոռնիձոր գյուղը)․ Կոռնիձոր, Մազմազակ լեռան գագաթը, Ալիղուլիուշաղի, Գոարջիկ, Մամեդլու (Մամեդլու գյուղը իր հողամասերով թողնվում է Ղուբատլուի սահմաններում)․ Ջիբիկլու, Զեյվայ, Զոր, Այադի, Գոյեալ, Եղվարդ (Սիրքաթասը մնում է Զանգեզուրի սահմաններում), Հագարագ, Գագալու, Շաիֆլու, Ղարագոլ, Հանդ, սահմանագիծը Հանդից իջնում է վերջինիս հասարակության հողերի սահմանագծով հետևյալ լեռնագագաթներով․ Շուքիվրաթազ, Բարթազ, Սագիրտ, Աղբանդ՝ մինչև Երասխ գետը։ Պարսկաստանի սահմանը սկսվում է Աղբանդ գագաթից Երասխի հոսանքով՝ մինչև Նախիջևանի հին սահմանը։ Նախիջևանի սահմանագիծը մնում է հին սահմանների մեջ (Հայկական տարածքների բռնակցումը Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին 1920-1930-ական թթ․, էջ 65-65)»։

Փաստացի, հենց այս սահմաններով տեղի ունեցավ սովետական Հայաստանի ու Ադրբեջանի ժամանակավոր սահմանաբաժանումը Զանգեզուրի գավառում։

Երկու պետությունների միջև գոյություն ունեցող սահմանային խնդիրներին լուծում տալու քայլերն սկսվեցին իրականացվել 1922 թ․ սկզբից։ Իսկ այդ խնդիրներն առկա էին հայ-ադրբեջանական սահմանագծի գրեթե ողջ երկայնքով։

Անդրկովկասյան Դաշնության կազմավորումից հետո (1922 թ․ մարտի 12) թնջուկային խնդիրների շարքում առաջնային էր դառնում տարածքային-սահմանային խնդիրը։ Անդրդաշնության գոյության առաջին տարիներին սահմանային խնդիրներով, բացի պետական մարմիններից, նախկինի նման շարունակեցին զբաղվել նաև կուսակցական մարմինները։ 1922 թ․ մայիսի 8-ին Միութենական խորհուրդը կազմեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանային վեճերը կարգավորող հանձնաժողով։

Հոկտեմբերի 30-ին մեկ այլ հանձնաժողով կազմակերպեց ՌԿ(բ)Կ Անդրերկոմը։

Անդրդաշնության կազմի մեջ մտնող հանրապետությունների միջև հողերի, անտառների, ջրօգտագործման վեճերը լուծող հանձնաժողովի կողմից 1925 թ․ հունվարի 2-ին պատրաստված զեկուցագրի համաձայն՝ ՀՍԽՀ-ի և ԱՍԽՀ-ի ողջ սահմանային շերտում վեճեր կային 2 հատվածում՝ համապատասխանաբար Դիլիջան-Ղազախի, Զանգեզուր-Քրդստանի գավառների միջև։

Փաստորեն, Անդրդաշնության օրոք հայ-ադրբեջանական սահմանում առանցքային վեճերը, որոնց դեպքում կողմերը սկզբունքային տարակարծություններ ունեին, վերաբերում էին Շինիխ–Այրումի շրջանի, Կապանի 21 գյուղերի և Մեղրու երեք գյուղերի պատկանելիության հարցին, որոնց ավելացավ նաև Ալ լճերի խնդիրը (Հայկական տարածքների բռնակցումը Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին 1920-1930-ական թթ․, էջ 86) ։

1920-ական թվականներին Դիլիջանի և Ղազախի գավառների միջև ամենասուր տարածքային վեճը Շինի-Այրումի շրջանի հողակտորների պատկանելիության խնդիրն էր։ Ընդհանուր առմամբ, այդ շրջանում վիճելի էր համարվում 15,659 դեսյատին տարածք (մեկ դեսյատինը հավասար է 1.09 հեկտարի)։

Սուր վեճեր գոյություն ունեին նաև հայկական ու մուսուլմանական Թաթլու, Չախմախլի (ԱՍԽՀ) և Լալիգեղ ՀՍԽՀ (Վազաշեն) գյուղերի, Կոթի (ՀՍԽՀ) և Դաշսգալի (ԱՍԽՀ) գյուղերի միջև «Կարաչալ» տեղամասի համար, Կողբ (ՀՍԽՀ) և Շիխլի (ԱՍԽՀ) գյուղերի միջև «Չամչա» տեղամասի համար, Դովեղ (ՀԽՍՀ) և Քյամարլի (ԱՍԽՀ) գյուղերի միջև «Բաղման-ջալախ» կոչվող տեղամասի համար, և «Աջի» տեղամասի համար՝ Բարանա (ՀՍԽՀ) և Ղայմախլի (ԱՍԽՀ) գյուղերի միջև (Հայկական տարածքների բռնակցումը Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին 1920-1930-ական թթ․, էջ 91)։

Ինչ վերաբերվում է 15,659 դեսյատին վիճելի տարածքին, ապա այս մասով որոշում ընդունվեց 1927 թ․ հունվարի 11-ին։ Այդ որոշման համաձայն, Շինիխ-Այրումի ամբողջ տարածքը (11,659 դեսյատին) ճանաչվեց Ղազախի գավառի մաս, իսկ շրջանին կից անտառի վիճելի տարածքը՝ 4000 դեսյատին, Դիլիջանի մաս։ Բաց էր մնում Բաշքենդի հարցը, քանի որ գյուղը հայտնվում էր Ղազախի շրջանում։

Նշյալ հարցի վերաբերյալ վերջնական համաձայնություն կայացվեց Անդրկենտգործկոմի նախագահության 1929 թ․ փետրվարի 18-ի նիստում, որտեղ որոշվեց հաստատել 1927 թ․ հունվարի 11-ին կայացած համաձայնությունը։ Նշված որոշմամբ Բաշքենդը ՀՍԽՀ-ի հետ էր կապվելու նեղ հողաշերտով, որը հետագայում անցավ Ադրբեջանին (տես՝ Սահակյան Ա․ Լ․, նշվ աշխ, էջ 182)։

Հայաստանի Առաջին Հանրապետության իշխանությունը տարածվում էր նաև Ելիզավետպոլի նահանգի Ջևանշիրի գավառի արևմտյան բարձրլեռնային Մեծ և Փոքր Ալ լճերի վրա՝ շուրջ 260 քառ․ կմ տարածությամբ։ 1923 թ․ հայկական կողմը հարց բարձրացրեց կցելու այդ տարածքը Նոր Բայազետի գավառին, ինչը հիմնավորվում էր վարչական կառավարման նպատակահարմարությամբ։

Ալ լճերի հարցը քննարկվեց տևական ժամանակ։ Անդրդաշնության ԿԳԿ-ի նախագահության 1929 թ․ փետրվարի 18-ի նիստում Դաշնության կազմի մեջ մտնող հանրապետությունների սահմանային խնդիրներին առնչվող հարցերի թվում քննարկվեց նաև արոտավայրի հարցը, և որոշվեց ամբողջ վիճելի տարածքը հանձնել Քրդստանի գավառին (Հայկական տարածքների բռնակցումը Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին 1920-1930-ականներին, էջ 97)։ Հայկական կողմը վիճարկեց այս որոշումը, սակայն որևէ արդյունքի չհասավ։ Սա զգալի ռազմավարական առավելություններ էր ընձեռում Խորհրդային Ադրբեջանին։ Մինչև Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմը, Ալ լճերը ներառված էին Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի կազմում։

«Կարմիր Քրդստանը»

ՀՍԽՀ Զանգեզուրի և ԱՍԽՀ Ղուբաթլուի գավառների միջև սուր հակասություններ գոյություն ունեին Տանձաբերի և Շուռնուխի շրջանի անտառաշերտի պատկանելիության հարցում։

Եթե Տանձաբերի շրջանն անցնում էր Ադրբեջանին, ապա Կապանի տարածաշրջանը բաժանվում էր Բուն Զանգեզուրից և Սիսիանից։ Շուռնուխի անտառը Զանգեզուրի համար ուներ ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական կարևորություն։ Այն գավառի բնակչության համար փայտի կարևոր շտեմարան էր։ Անտառի միջով էր անցնում նաև Գորիս-Կապան խճուղին։

1923 թ․ հուլիսի 16-ին Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի նախագահությունը որոշում ընդունեց քրդերով բնակեցված տարածքներում Քրդստանի գավառ (այսպես կոչված «Կարմիր Քրդստան») կազմավորելու մասին։ Ակնհայտ է, որ Ղուբաթլուի գավառի հիմքի վրա ստեղծվող այս արհեստական միավորն ուներ խիստ քաղաքական նպատակներ։ Ադրբեջանը ձգտում էր բացառել ՀՍԽՀ-ի և ԼՂԻՄ-ի միջև անմիջական ցամաքային կապի առկայությունը։

Խորհրդային Հայաստանում ամենևին չէին հաշտվել նման բաժանման հետ։ 1923 թ․ օգոստոսի 30-ին ՀԽՍՀ հողագործության ժողկոմատի Հողային բաժանմունքի կողմից հանրապետության ԿԳԿ-ի համար պատրաստվեց զեկուցագիր՝ ՀՍԽՀ Զանգեզուրի գավառի սահմանների մասին։ Զեկուցագրի բովանդակությունը հագեցած էր տրամաբանված փաստարկներով՝ հաշվի առնելով այդ փուլում առկա իրողությունները։ Աննպատակահարմար էր համարվում կենտրոնում ընկած անտառամասը բաժանել երկու մասի։ Դրանով Կապանի շրջանը բուն Զանգեզուրին կապող միակ ճանապարհը դուրս էր մնում Զանգեզուրի գավառի վարչական շրջաններից, ինչն անթույլատրելի էր համարվում (Հայկական տարածքների բռնակցումը Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին 1920-1930-ականներին, էջ 103)։

Քրդստանի և Զանգեզուրի սահմանային վեճերը կարգավորելու նպատակով իրար հաջորդող երկու հանձնաժողովներ ստեղծեցին, բայց տարբեր որոշումները գործնական քայլերի չբերեցին։ Անդրկենտգործկոմը ձգձգում էր մասնագետ հողաչափերի գործուղումը, որոնք պետք է վերջնական որոշեին գյուղերի վիճելի տարածքների պատկանելիության հարցերը։

Զանգեզուրի և Քրդստանի գավառների միջև սահմանների գծման համար կազմվել էր տեղական հանձնաժողով: Հանձնաժողովը որպես աշխատանքային հիմք էր ընդունել դեռևս 1924 թ․ հուլիսի 11-ին ՀՍԽՀ հողժողկոմ Ա․ Երզնկյանի և ԱՍԽՀ ժողկոմխորհի նախագահ Մ․ Բաղիրովի միջև կնքված համաձայնությունը (տես՝ Բակունց Ա․, Երկեր, հ․ 4, Երևան, 1984, էջ 481), որով սահման էր ընդունվել Գորիս-Կապան խճուղին։ Հայկական կողմն առաջարկում էր սահմանագիծը որոշակի փոփոխության ենթարկել իրավիճակը շտկելու համար, որին դեմ էին արտահայտվում և՛ հանձնաժողովի նախագահ Յա․ Կոչետկովը, և՛ Ադրբեջանի ներկայացուցիչը (Հայկական տարածքների բռնակցումը Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին 1920-1930-ական թթ․, էջ 107)։

Սուր քննարկումներ եղան Մեղրու շրջանի երեք և Կապանի շրջակայքի 21 գյուղերի վերաբերյալ։ Անդրկենտգործկոմի 1927 թ․ հունվարի 11-ի որոշմամբ Նյուվադի (Նռնաձոր), Թղութ, Էյնաձոր գյուղերը միացվում էին Մեղրու գավառին։

Ինչ վերաբերում է 21 գյուղերին (Շայիֆլի, Գիրգիլի, Նաջաֆլար, Կարագյոլ, Չուխուրյուդ, Վերին Քելիկ, Թազաքենդ, Առաջին Քյալի, Ջանբար, Շարիկուն, Աղքենդ, Քյալի, Գյուն, Ղշլաղ, Փիրվեյսալի, Շուրունլի, Բուրջանլար, Սեիդլար, Ներքին Քոլակլի, Ղազանչի, Թուլուկիտխայ), ապա դրանց պատկանելիության հարցը բազմիցս քննարկվեց Անդրդաշնության կազմի մեջ մտնող հանրապետությունների միջև հողային և անտառային վեճերը լուծող հանձնաժողովի նիստերում, սակայն վերջնական որոշման ընդունումն անընդհատ ձգձգվում էր, և հարցը մնում էր բաց։

Դրանց, ինչպես նաև Նյուվադի (Նռնաձոր), Էյնաձոր և Թղութ գյուղերի պատկանելիության հարցը, այսպես ասած, «մեկ փաթեթով» որոշվեց Անդրդաշնության ԿԳԿ-ի նախագահության 1929 թ․ փետրվարի 18-ի նիստում։ Մեղրու շրջանի երեք գյուղերը մնացին ՀԽՍՀ-ին, իսկ մնացած 21 գյուղերը, ըստ էության, անցան ադրբեջանական կողմին։

Այսպիսով, 1922-1936 թթ․ հայ-ադրբեջանական սահմանազատումները մեծապես իրականացվեցին ի օգուտ ադրբեջանական կողմի՝ խախտելով անգամ այդ փուլում գործող իրավական կարգավորումները։ Դրանց արդյունքում Ադրբեջանն ստացավ տնտեսական և հատկապես ռազմավարական առավելություններ մի շարք կարևորագույն տարածքների և ճանապարհների նկատմամբ։

Էդգար Սարգսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող