Մարդու իրավունքները և դրանց բացակայությունը ԵԱՏՄ-ում

Անցած շաբաթ հրապարակվել էր Human Rights Watch միջազգային կազմակերպության զեկույցը  աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: WORLD REPORT 2016-ը ներկայացնում է աշխարհի մոտ 90 երկրներում մարդու իրավունքների իրավիճակը: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հարկ է համարում կրճատ անդրադառնալ ՀՀ-ի և ԵԱՏՄ մյուս անդամ-երկրներում վերոհիշյալ զեկույցում հիշատակվող մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրներին:

Բելառուս – Զեկույցում Բելառուսը հիշատակվում է որպես եվրոպական միակ երկիր, որտեղ դեռևս կիրառվում է մահապատիժը: 2015-ին այս երկրում երկու մարդ է դատապարտվել մահապատժի: Մինսկը անցած տարվա ընթացքում սովորական է համարել կառավարությանը քննադատող ցանկացած անձի դեմ կամայական ձերբակալությունները, խուզարկությունները, հարցաքննությունները, ընդիմության ներկայացուցիչների արտաքսումը երկրից կամ հարցաքննության ընթացքում բռնությունները:

Մամուլի ազատության մասին Բելառուսում խոսք անգամ չի կարող լինել: 2015-ին այս երկրում նորմալ է համարվել անգամ լրատվամիջոց փակելը Երկրորդ աշխարհամարտի Հաղթանակի օրվա տոնակատարությունը քննադատելու համար: Հասարակական կազմակերպությունների գործունեության պայմանները բնականաբար ավելի լավը չեն: Արգելված է չգրանցված ՀԿ-ների գործունեությունը, իսկ պաշտոնական գրանցում ստանալը գրեթե անհնար է: 2015-ին այս երկրի արդարադատության նախարարությունը փորձել է անգամ լուծարել միակ պաշտոնական գրանցում ունեցող մարդու իրավունքների  պաշտպանությամբ զբաղվող շրջանային կազմակերպությունը: Զեկույցը թույլ է տալիս եզրակացնել, որ Բլառուսը շարունակում է խոչընդոտել հավաքների կազմակերպումը և ցանկցած ընդդիմական միտում:

Ղազախստան – Համաձայն զեկույցի՝ 2015-ին Ղազախստանը կրկին գերապատվությունը տվել է տնտեսական զարգացմանը, և ոչ թե երկրի բնակիչների իրավունքներին: Անցած տարին նշանավորվեց նաև Նուրսուլթան Նազարբաևի 24 ամյա նախագահության երկարացմամբ ևս 5 տարով, ընդ որում միջազգային դիտորդներն արձանագրեցին խոշոր ընտրախախտումներ: Ընդդիմության ղեկավարը բանտում է, իսկ իշխանությունները շարունակում են առանց հիմնավորման բանտարկել ու տուգանել մարդկանց: Մասնավորապես հոկտեմբերին ոստիկանությունը ձերբակալել էր երկու ակտիվիստների՝ արդեն իսկ ձերբակալված երրորդ ակտիվիստի մասին ֆեյսբուքյան գրառումներ անելու համար:

Ղազախստանի իշխանությունները շարունակում են հետապնդումներ իրականացնել լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ: Հուլիսին Աստանայում Ազատություն ռադիոկայանի լրագրողը ձերբակալվել էր խաղաղ ցույց լուսաբանելու ընթացքում: Այս բոլոր խախտումները անցած տարվա ընթացքում պարբերաբար հայտնվել են մի շարք միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում: Այսպես, օրինակ, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի մի շարք ենթակառույցներ բազմիցս քննադատություն և անհանգստություն են հայտնել Ղազախստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ:

Ռուսաստան – Ըստ Human Rights Watch-ի Ռուսաստանում 2015-ը մարդու իրավունքների և ազատության ոլորտում հետընթացի տարի էր: ՌԴ իշխանությունները շարունակում են հետապնդել ընդդիմության և լրատվաիջոցների ներկայացուցիչներին: Պետդուման շարունակում է օրենքների ընդունումը, որոնք ավելի ու ավելի են իզոլացնում երկրի հասարակությունը աշխարհից: Ավելին՝ 2015-ին ռուսական իշխանությունները շարունակում էին նպատակադրված հակա-արևմտյան քարոզչությունը՝ Սառը պատերազմի ավարտից հետո աննախադեպ թափով:

ՌԴ իշխանությունները 2015-ին ակտիվորեն կիրառում էին հասարակական կազմակերպություններին «Արտասահմանյան լրտեսներ» որակավորելու հնարավորություն տվող օրենքը: Հունիսին ուժի մեջ մտավ «անցանկալի օտարերկրյա կազմակերպությունների» մասին օրենքը: Մամուլի հարցում ռուսական իշխանություններն ավելի բարեխիղճ չէին: Մի շարք լրատվամիջոցներ հալածանքների են ենթարկվել: Կատարվել են օրենսդրական փոփոխություններ լրատվական դաշտի վրա կառավարության վերահսկողությունն ավելացնելու համար: Ավելին՝ մայիսին Պուտինի հրահանգով արգելվել է խաղաղ ժամանակ զոհված զինվորականների ընտանիքներին և լրատվամիջոցներին նրանց մահվան մասին տվյալների տրամադրումը: Միջազգային իրավապաշտպանները բնականաբար անուշադրության չեն մատնել նաև Բորիս Նեմցովի սպանությունն ու Ալեքսեյ Նավալնու դեմ հարուցված դատական գործը:

Ղրղզստան – Ղրղզստանում իրավիճակը փոքր ինչ ավելի դրական է, քան վերոնշյալ 3 ԵՏՄ հիմնադիր երկրներում: Այդուհանդերձ, այստեղ ևս 2015-ը բացասական փոփոխությունների տարի էր՝ լի մամուլի, հասարակական կազմակերպությունների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հանդեպ հալածանքներով: Միաժամանակ, Ղրղզստանում շարունակում է լուրջ մտահոգություն առաջացնելը կանանց հանդեպ բռնությունները:

Հայաստան – Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա 2015-ը, ապա մեզ մոտ ևս կան լուրջ խնդիրներ, ինչպես օրինակ սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը վերահսկող դիտորդների հանդեպ բռնությունները, ուժի գործադրմամբ խաղաղ հավաքների ցրումը: Շարունակվում են բռնությունները լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ, այդ թվում՝ ոստիկանության կողմից: 2015 թվականին արձանագրվել է լրագրողների նկատմամբ բռնությունների 19 դեպք:  Շարունակվում են կանանց հանդեպ բռնության դեպքերը, ընդ որում՝ իշխանությունը որևէ քայլ չի ձեռնարկում ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենսդրական կարգավորումներ ընդունելու ուղղությամբ:

Այդուհանդերձ, չնայած նրան, որ թեև, ըստ WORLD REPORT 2016-ի, ԵՏՄ մյուս անդամների համեմատ Հայաստանում մարդու իրավունքների և ազատությունների վիճակը փոքր ինչ ավելի դրական է, հարկ է նշել, որ 2015 թվականին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան Հայաստանի քաղաքացիների կողմից ներկայացված հայցերի թիվն աճել է: Ավելին՝ անցյալ տարի ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ կայացրել է 8 վճիռ, մինչդեռ 2014-ին այդ թիվը կրկնակի անգամ փոքր էր՝ 4: Արդյոք սա պատահականություն է, թե օրինաչափություն ցույց կտա ժամանակը: Այդուհանդերձ, մի բան պարզ է՝ վերոնշյալ երկրների հետ միևնույն միության մեջ գտնվելու բացասական ազդեցությունը վաղ թե ուշ իրեն զգացնել կտա Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակի վրա:

Զեկույցը, փաստորեն թույլ է տալիս ենթադրել, որ 2015 թվկանին Հյաստանում ժողովրդավարության և մրդու իրավունների վիճակը նմանվել է ԵՏՄ անդամ երկրների՝ առավել վատ վիճակին:

Աննա Փամբուխչյան,

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Առնչվող