- 8 Դեկտեմբերի, 2021
- Ժողովրդավարություն եվ մարդու իրավունքներ
2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց ներկայացրեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան «Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի» խախտման առնչությամբ՝ այդ երկրի նկատմամբ 8 հրատապ միջոց կիրառելու պահանջով:
Այդ պահանջներից երկուսը վերաբերում էին ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելուն և նրանց անվտանգությունն ապահովելուն, 3-ը՝ հայկական պատմամշակութային, կրոնական նյութական ժառանգության պահպանմանը, դրա նկատմամբ վանդալիզմի կանխարգելմանը, ինչպես նաև այդ վայրերի հասանելիության ապահովմանը:
Մյուս պահանջներից 2-ը հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից ատելության խոսքի և խտրականության հրահրման կանխարգելմանն էին վերաբերում, մեկով էլ հայկական կողմը պահանջում էր կիրառվելիք հրատապ միջոցների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության պարբերական տրամադրում Դատարանին:
Սեպտեմբերի 23-ին նույն կոնվենցիայի խախտման առնչությամբ Ադրբեջանն էր հայց ներկայացրել ընդդեմ Հայաստանի՝ 6 հրատապ միջոց կիրառելու պահանջով:
Դրանցից երկուսը վերաբերում էին ականապատ դաշտերի քարտեզներին, ՀՀ-ի կողմից «ադրբեջանական տարածքների» ականապատման դադարեցմանը, 3-ը՝ Ադրբեջանի հանդեպ առանձին կազմակերպությունների և անհատների ատելության խոսքին, ռասայական խտրականության դրսևորումներին, ինչպես նաև ադրբեջանցիների հանդեպ ազգային հողի վրա հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը: Վերջին կետը կիրառվելիք հրատապ միջոցների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության պարբերական տրամադրման մասին էր:
Դեկտեմբերի 7-ին Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց ՀՀ-ի և Ադրբեջանի հայցերով վճիռները, որով 2 միջանկյալ միջոց կիրառեց Հայաստանի և 4-ը՝ Ադրբեջանի նկատմամբ:
Հատկանշական է, որ Դատարանն արձանագրում է՝ Ադրբեջանում հայերի նկատմամբ ազգային ատելություն են հրահրում պետական մարմիններն ու բարձրաստիճան պաշտոնյաները, մինչդեռ Հայաստանի պարագայում դատարանն այդպիսի դրսևորումներ արձանագրում է միայն առանձին խմբերի և կազմակերպությունների շրջանում:
Անդրադառնալով պաշտոնական Երևանի՝ «Ռառմավարի պուրակի» գործունեությունը կասեցնելու պահանջին՝ Դատարանը հրապարակված վճռի եզրակացության մեջ արձանագրում և ընդունում է ադրբեջանական կողմի հավաստիացումները, թե պուրակից մշտապես հեռացվել են խնդրո առարկա նմուշները՝ հայ զինծառայողների մանեկենները, զոհվածների սաղավարտները, և այլևս չեն վերադարձվելու ցուցադրության: Եզրակացության մեջ նշվում է, որ ադրբեջանական կողմը Դատարան է ներկայացրել «Ռազմավարի պուրակի» ղեկավարության հավաստիացնող երկու նամակ, համաձայն որոնց՝ այդ նմուշները հեռացվել են 2021 թ․ հոկտեմբերի 1-ին:
Ինչ վերաբերում է հայ գերիների անհապաղ ազատարձակմանը, ապա Դատարանը, արձանագրում է, որ նրանց հայրենիք վերադարձը պաշտպանվում է միջազգային մարդասիրական օրենքներով, միևնույն ժամանակ այդպիսի հրատապ միջոցի կիրառումը՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի» հիման վրա, համարում է իր իրավասությունների շրջանակից դուրս:
Դատարանը չի դիտարկում, որ Կոնվենցիան հիմնավոր կերպով պահանջում է Ադրբեջանից վերադարձնել բոլոր նրանց, որոնք ՀՀ-ի կողմից գերի կամ քաղաքացիական պահվող անձ են համարվում: Նշվում է նաև, որ Հայաստանը նախկինում չի ներկայացրել ապացույցներ, որոնք կվկայեն, որ այդպիսի անձիք Բաքվի բանտերում պահվում են ազգային ատելության հիմք ունեցող պատճառներով:
Նշենք նաև, որ Դատարանը հղում է կատարում 2021-ի փետրվարի 1-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետների մտահոգություններին՝ Ադրբեջանում հայ գերիների սպանությունների վերաբերյալ:
Անդրադառնալով հայկական պատմամշակութային, կրոնական վայրեր այցերի իրավունքի ապահովմանը՝ Դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանն «ընդունում է, որ բոլորը նրանք, ովքեր օրենքով են գտնվում իր երկրի տարածքում, այդ թվում՝ հայերը, պետք է կարողանան հավասարապես այցելել պատմամշակութային, կրոնական վայրեր, որոնք բաց ու անվտանգ են»: Միևնույն ժամանակ, Դատարանը նաև հղում է կատարում Ադրբեջանի այն պնդումներին, թե «այդպիսի որոշ վայրեր ներկայում հասանելի չեն ականպատ տարածքների պատճառով»:
Դեկտեմբերի 7-ին վճռով Դատարանը կողմերից պահանջում է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:
Նանե Մանասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»