Ռուսաստանը՝ ընդդեմ ԵԱՏՄ-ում Էլեկտրամոբիլների

Վերջին շրջանում ՀՀ կառավարությունն իր առաջնահերթությունների շարքում էր դասել էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների տեսակարար կշռի ավելացումը, որը ներառված է նաև կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի շրջանակներում՝ որպես կայուն զարգացման և կանաչ տնտեսության զարգացման միջոց։

Այս նպատակի իրագործման համար կառավարությունը մի քանի մեխանիզմներ է գործարկել, որոնցից մեկը թույլ է տալիս էլեկտրամոբիլների ներկրողներին զերծ մնալ 20 տոկոս ԱԱՀ-ի վճարումից։

Բացի դրանից, մինչ այս տարվա հունվարի 1-ը ԵԱՏՄ-ում գործում էր էլեկտրամոբիլների ներկրման զրոյական մաքսատուրք։ Էլեկտրամոբիլների ներկրման և շահագործման նպատակի երկարաժամկետ իրագործման համար ԵԱՏՄ կողմից քննարկվում էր երկարաձգել զրոյական մաքսատուրքի արտոնության երկարացումը, սակայն Ռուսաստանի նախաձեռնությամբ այս արտոնությունը ավարտվեց 2022 թ․ հունվարի 1-ին։

Արտոնության դադարեցումը առաջացնում է բազում ռիսկեր ՀՀ կառավարության այս առաջնահերթության համար։ Մասնավորապես, կարճ ժամանակահատվածը բավարար չէր ավտոմեքենաների շուկայում էլեկտրամոբիլների մրցունակության բարձրացման և դրանով երկրի էկոլոգիական վիճակի բարելավմանը նպաստելու համար։

Նյութում կանդրադառնանք նրան, որ ԵԱՏՄ կողմից մաքսային այս արտոնության՝ բավականին սուղ ժամկետներում դադարեցումը չի նպաստում և նույնիսկ խոչընդոտում է ՀՀ կառավարության սահմանած առաջնահերթությունների իրագործմանը։

Ինչ պայմաններ էին գործում էլեկտրամոբիլների ներկրողների համար

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 2014 թ․-ին միանալով ԵԱՏՄ-ին՝ Հայաստանի համար նախատեսվեցին անցումային արտոնյալ պայմաններ, որոնցից մեկն էր 5 տարի ժամանակահատվածը բոլոր ոչ ԵԱՏՄ պետություններից ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքի համար։ ՀՀ քաղաքացիները կարող էին ներքին օրենսդրությամբ սահմանված ցածր դրույքաչափով (10%) մաքսազերծել մեքենաները, ի տարբերություն հաստատված ավելի բարձր դրույքաչափերի, որոնք գործում էին ԵԱՏՄ մյուս անդամ երկրների համար։ Արտոնյալ այս և այլ անցումային պայմաններ վերաբերում էին այն երկրներին, որոնք ավելի ուշ էին անդամակցել ԵԱՏՄ-ին (Հայաստան և Ղրղզստան)։

Մեքենաների 10% դրույքաչափով մաքսազերծման ժամկետն ավարտվում էր 2020-ի առաջին օրը, ինչի մասին հայտարարություն է տարածվել ՊԵԿ-ի կողմից, որի մասին բազմիցս խոսել է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»։ Նախատեսված էր ԵԱՏՄ դրույքաչափերի ընդունումից հետո բոլոր տեսակի նոր մեքենաների համար սահմանել 17% մաքսատուրք, իսկ մինչև 7 տարվա մաշվածություն ունեցող մեքենաների համար՝ 22%։ 7 տարվանից շատ մաշվածություն ունեցող մեքենաների մաքսատուրքը ենթադրում էր անհամեմատ ավելի բարձր տոկոսներ, որոնք կհաշվարկվեին մեքենայի շարժիչի ծավալով։

Ապա՝ 2020 թ․ մարտին, ԵՏՀ-ի Խորհուրդը որոշում կայացրեց զրոյացնել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը միայն էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար (ԵԱՏՄ-ի ԱՏԳ ԱԱ դիրք 8703 80 000 2), որը գործելու էր մինչև 2021 թ․ դեկտեմբերի 31-ը:

Մինչ այդ՝ 2019 թ․-ից, կառավարությունը սկսել էր տեղական ներկրողի համար էլեկտրամոբիլներ գնելու խրախուսման բազում միջոցառումներ, որից հետո էլեկտրամոբիլների մրցունակության բարձրացումը ներառվեց նաև 2021 թ․-ին հաստատված կառավարության հնգամյա ծրագրում։ Այս առաջնահերթությունը, մասնավորապես, պատճառաբանվում էր երկրում բնական գազի օգտագործման գերբարձր մակարդակով։

Ներկրողների համար ամենաշահավետ օրենքը՝ Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածում լրացումների նախագիծը, ընդունվեց 2019 թ․ հունիսի 7-ին, որով ԱԱՀ-ից ազատվում էին էլեկտրական շարժիչով աշխատող բոլոր տրանսպորտային միջոցների ներմուծումը և իրացումը։ Ներկայացված օրենքի նախագիծն ուղղված էր «երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելուն, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էներգետիկ կախվածության նվազեցմանը»։ Օրենքով նախատեսված արտոնությունը հետագայում երկարացվեց մինչև 2024 թ․ հունվարի 1-ը։

Բացի դրանից, զարկ տրվեց ենթակառուցվածքների հարմարեցմանը էլեկտրամոբիլների օգտագործման համար։ 2018-2020 թթ. 20-ից ավելի լիցքավորման կայաններ տեղադրվեցին հանրապետության գրեթե բոլոր մարզերում, ինչպես նաև մշակվեց լիցքավորման կայանների տեղակայման հիմնական քարտեզ:

Այսպիսով, 2020 թ․ սկզբին հին, օգտագործված մեքենաների ներկրումների մաքսատուրքերը բարձրացան, մինչդեռ էլեկտրամոբիլներինը դարձան զրոյական։ Ազատված լինելով նաև ԱԱՀ վճարից՝ ներկրողները արդեն իսկ շահագրգռված էին շուկա էլեկտրամոբիլներ ներմուծելու գաղափարով։

Կատարված փոփոխություններն արդարացրել էին իրենց․ 2019-2021 թթ․  արդեն ներկրվել էր շուրջ 5200 էլեկտրամոբիլ, ի համեմատ 2018 թ․-ին ներկրված թվով ընդամենը 12-ի։

Չնայած ընդամենը մեկուկես տարի տևող արտոնությամբ պայմանավորված էլեկտրամոբիլների ներկրման կտրուկ աճին՝  մեքենաների ներկայիս քանակը դեռևս բավարար չէ շուկայում մրցունակություն ապահովելու, ենթակառուցվածք ձևավորելու, առավել ևս՝ շրջակա միջավայրի վրա էական դրական ազդեցություն ունենալու համար։

Փաստացի, հայաստանյան շուկա էլեկտրամոբիլներ ներմուծելու տենդենցին չի նպաստում ԵԱՏՄ ստանձնած մաքսային քաղաքականությունը՝ չապահովելով անդամ երկրների համար էլեկտրամոբիլների ներկրման նպաստավոր պայմաններ, առնվազն այնքան ժամանակով, որ ներքին շուկայում բավարար քանակի էլեկտրամոբիլներ լինեն։

Ինչու ԵԱՏՄ-ն չի երկարաձգում զրոյական մաքսատուրքի արտոնությունը

Հայտնի է, որ էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների արտադրություն չկա ԵԱՏՄ և ոչ մի երկրում։ Այս հիմքով անդամ երկրների կառավարությունների համար նույնպես ցանկալի է էլեկտրամոբիլների ներկրումը և շահագործումը կամ վերավաճառքը, ինչի համար էլ նախատեսված էր զրոյական մաքսատուրքի արտոնությունը։ Սրան նպաստում էր նաև էլեկտրամոբիլների մրցունակ գինը շուկայում։

ԵԱՏՄ երկրներից զրոյական մաքսատուրքի ժամկետների երկարաձգման արգելքը դրվել է Ռուսաստանի Դաշնության կողմից՝ անկախ նրանից, որ Ռուսաստանի ներքին շուկայի համար նույնպես առնվազն մինչև 2024 թվականը զրոյական մաքսատուրքի արտոնության երկարաձգման պահանջ կա։

Ռուսաստանն այս որոշումը բացատրում է նրանով, որ ԵԱՏՄ երկրներից և ոչ մեկը հանդես չի եկել արտոնության երկարացման առաջարկով։ Սակայն Պետական եկամուտների կոմիտեից մեզ հայտնեցին, որ այժմ ԵԱՏՄ-ում քննարկվում է Բելառուսի հանրապետության առաջարկը էլեկտրական շարժիչով աշխատող թեթև մարդատար մեքենաների զրոյական մաքսատուրքի երկարաձգման վերաբերյալ մինչև 31․12․2023 թ․։

Էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը, այդուհանդերձ, ունի պարզ բացատրություն:

Նախ՝ Ռուսաստանի համար, որպես խոշոր նավթային գերտերության, շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված այս միջոցառումը պարունակում է ռիսկեր՝ կապված վառելիքի մատակարարման հետ դեպի այն ԵԱՏՄ երկրներ (Հայաստան և Բելառուս), որոնք վառելիքի գերակշկիռ մասը ներմուծում են Ռուսաստանից։

Զրոյական մաքսատուրքի արտոնությունը դադարեցնելով՝ Ռուսաստանը փաստացի կշարունակի ապահովել աճող պահանջարկ նավթային վառելիքների նկատմամբ՝ դրանով պահելով տարածաշրջանում իր տնտեսական օղակներից գլխավորի ազդեցությունը։

Բացի այդ, Ռուսաստանն էլեկտրական շարժիչով մեքենաների փոխարեն ունի բենզինային-դիզելային վառելիք օգտագործող մեքենաների լայն արտադրություն, որոնց վաճառքն էլ առաջնահերթություն է իր տնտեսության համար։ Ավելին՝ անցած տարվա տվյալներով 43%-ով աճել է ռուսական արտադրության ավտոմեքենաների արտահանումը, որոնց հիմնական սպառողն են ԱՊՀ երկրները։

Ակնհայտ է, որ Ռուսաստանի համար ավելի նախընտրելի է շարունակել տարածաշրջանի տնտեսական գործընկերներին վաճառել նավթային հիմքով վառելիք, ինչպես նաև ընդլայնել բենզինային-դիզելային վառելիք օգտագործող սեփական արտադրության մեքենաների վաճառքը, քան որևէ կերպ խրախուսել ոչ ԵԱՏՄ երկրներից էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրումն իր տնտեսական գործընկերների կողմից։

Այսպիսով, Ռուսաստանի գլխավորությամբ ԵԱՏՄ գործողությունները, մեղմ ասած, չեն բխում Հայաստանի կառավարության շահերից, առնվազն՝ կառավարության առաջնահերթությունների տեսանկյունից, այլ սպասարկում են միայն մի պետության տնտեսական շահը։

Լիլիթ Ղազարյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող