Ի՞նչ է որոշել ՍԴ-ն

Նոր Ընտրական օրենսգրքի ընդունման հետ կապված ընդդիմադիր ուժերի քաղաքացիական հասարակության կազմակերպություների կողմից պարբերաբար արծարծվում է ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակման հարցը։ Իշխանության մի շարք ներկայացուցիչներ, հակադրվելով այդ գաղափարին, ի թիվս այլ պատճառաբանությունների նշում են նաև այն, որ ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակումը ուղղակիորեն արգելված է Սահմանադրական դատարանի որոշմամբ։

Սահմանադրական Դատարանի որոշման շահարկման կանխման նպատակով «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» փորձեց ի հայտ բերել, թե իրականում ի՞նչ է վճռել այդ դատարանը:

Վիճարկումը

Նախ նշենք, որ արգելման վերաբերյալ ձևակերպումն ի սկզբանե սխալ է՝ ՀՀ Սահմանադրության (2005թ. փոփոխություններով, որոնց դատական համակարգին վերաբերող մասը ուժի մեջ կմնա մինչև Հանրապետության նորընտիր Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնումը) 100-րդ հոդվածը, որով և սահմանվում են Սահմանադրական դատարանի լիազորությունները, այդ դատարանին չեն վերապահում որևէ բան արգելելու լիազորություն՝ պարտականությունների սահմանումը օրենսդրի բացառիկ լիազորությունն է։ Դատարանն ընդամենը կարող է օրենքի կամ այլ իրավական ակտի այս կամ այն դրույթը ճանաչել Սահմանադրությանը հակասող կամ համապատասխանող։

Տվյալ դեպքում սահմանադրականության խնդիր առկա չէ, ինչը և փաստվել է Սահմանադրական դատարանի 2012թ. մայիսի 5-ի որոշմամբ։ Խնդրո առարկա որոշումը կայացվել է ՀՀ Ազգային ժողովի 29 պատգամավորների ներկայացրած դիմումի հիման վրա հարուցված դատական գործի քննության արդյունքում։

Ընդդիմադիր պատգամավորները, իրենց հերթին, դիմումով գտնում էին, որ ցուցակների չհրապարակումը հակասահմանադրական է, ինչը դատարանի կողմից հերքվեց: Սակայն դատարանը չասեց և չէր էլ կարող ասել, որ ցուցակների հրապարակումն է հակասահմանադրական, քանի որ նման հարց կանգնած չէր:

Դատարանն, ըստ էության արձանագրեց, որ թե հրապարակումը և թե չհրապարակումը հակասահմանադրական չեն:

ՍԴ Որոշումը

Ուսումնասիրելով հարցը, դատարանը ներկայացրել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիրքորոշումները՝ հավելելով, որ դատարանը «…պաշտպանում է Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» (Վենետիկի) եվրոպական հանձնաժողովի լիագումար նիստի կողմից 2002թ. հոկտեմբերին վավերացված այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի` քվեարկությանը մասնակցածների կողմից արդեն իսկ ստորագրված և լրացված ընտրական ցուցակները համարվում են քվեարկության գաղտնիության տարրերից մեկը և հրապարակման ենթակա չեն», գտնելով, որ դա չի կարող ընկալվել որպես ստուգումների ժամանակ ընտրողների կողմից ստորագրված ցուցակներին ծանոթանալու անթույլատրելիություն: Սակայն այս ամենով հանդերձ հարկ է արձանագրել, որ դա բացառապես իրավական դիրքորոշում է, այլ որոշման ոչ եզրափակիչ մասում ներառված իմպերատիվ մոտեցում փաստաթղթի սահմանադրականության վերաբերյալ, որը և պետք է համարվի վերանայման ոչ ենթակա և պարտադիր կատարման ենթակա։

Ավելին՝ այդ ամենից առաջ դատարանը մատնանշել է, որ «Իրավակարգավորման հնարավոր տարբերակների ու սահմանափակման շրջանակների ընտրությունը համարվում է տվյալ երկրի օրենսդիր մարմնի իրավասությանը վերաբերող խնդիր»։ Այսինքն, ՍԴ-ն այդ հարցը թողել է Ազգային Ժողովի հայեցողությանը:

Ըստ այդմ, օրենսդիրը հանգիստ կարող է բավարարել հանրային պահանջը՝ օրենքով սահմանելով ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակման ինստիտուտ։

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Առնչվող