Ռուսաստանի պայմանագրերը Հայաստանի ու Ադրբեջանի հետ․ գործընկերությունից՝ դաշնակցային համագործակցություն

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից 2 օր առաջ՝ փետրվարի 22-ին, Ադրբեջանը և Ռուսաստանը դիվանագիտական և ռազմական համագործակցությունը ամրապնդող նոր հռչակագիր ընդունեցին:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» ուսումնասիրել է Հայաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Ռուսաստանի միջ առկա պայմանագրերը՝ հասկանալու, թե ինչ առանձնահատկություններ ունեն երկկողմ հարաբերությունները:

Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված միջազգային փաստաթղթերը

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև վերջին 30 տասնամյակների ընթացքում կնքվել է ավելի քան 200 համաձայնագիր: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 2018 թվականին լույս էր ընծայել հայ-ռուսական միջպետական փաստաթղթերի և երկկողմ հարաբերությունների վերաբերյալ մի գրքույկ, որում հատ առ հատ հիշատակվում են մինչ այդ պահը երկու երկրների միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը:

Դրանցից ամենակարևորներից մեկը 1997 թ. օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրն է:

Պայմանագրում առկա դրույթներին «Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել է նախորդ հրապարակումներից մեկում

Փաստաթուղթն անդրադառնում էր անվտանգության, տնտեսության, մշակութային և այլ ոլորտներում երկու երկրների համագործակցությանը: Երկրորդ և երրորդ հոդվածներում անդրադարձ է կատարվում միմյանց տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցին: Նշվում է, որ կողմերը միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն Հայաստանի և Ռուսաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության և անվտանգության ապահովման գործում: 

«Նրանք անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ, երբ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք` համատեղ պաշտպանության ապահովման և խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով»,- նշվում է պայմանագրում՝ հավելելով, որ այդ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձևերն ու չափերը, որը ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով կցուցաբերեն կողմերը: 4-րդ հոդվածում արդեն՝ զինված ուժերի փոխգործակցության համատեքստում, նշվում է, որ կողմերից մեկի անվտանգության դեմ սպառնալիք առաջանալու կամ նրանցից որևէ մեկի վրա զինված հարձակման դեպքում կողմերը կառաջնորդվեն ռազմական օբյեկտների և կառույցների փոխադարձ օգտագործման սկզբունքով` ազգային զինված ուժերի համար սահմանված պայմաններով, ինչպես նաև պաշտպանական նշանակության օբյեկտների համատեղ շահագործման սկզբունքով:

Հիմք ընդունելով այս համաձայնագիրը՝ 2000 թ. սեպտեմբերի 26-ին ընդունվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր, հաստատվել է երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամությունը խորացնելու և ամրապնդելու վճռականությունը՝ դաշնակցային լայն փոխգործակցության, բոլոր ոլորտներում կապերի ինտենսիվ խորացման, Կովկասյան տարածաշրջանում և ամբողջ աշխարհում հաստատուն խաղաղության, կայունության և երաշխավորված անվտանգության ապահովման միջոցով: 

Ըստ հռչակագրի՝ Ռուսաստանը և Հայաստանը պետք  է համակարգեն իրենց արտաքին քաղաքական գործունեությունը Կովկասյան տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանն ուղղված համատեղ կամ համակարգված գործողություններ իրականացնելու նպատակով։ Շեշտվում է, որ երկու երկրները զարգացնելու են երկկողմ ռազմաքաղաքական համագործակցությունը, որն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։

Ռուսաստան-Ադրբեջան երկկողմ փաստաթղթեր

1997 թ.-ին ստորագրված Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին պայմանագրով Ադրբեջանը և Ռուսաստանը  պայմանավորվել են համագործակցել  խաղաղության հաստատման, կայունության և անվտանգության բարձրացման նպատակով ինչպես տարածաշրջանում, այնպես էլ գլոբալ հարցերում:

Ինչպես Հայաստանի հետ համաձայնագրում, այստեղ ևս նշվում է, որ կողմերը պետք է համագործակցեն և միացյալ ջանքեր ուղղեն իրենց տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման համար։

Հատկանշական է, որ Արցախյան առաջին պատերազմից 3 տարի անց ստորագրված փաստաթղթում ընդգծվում էր, որ կողմերը չեն ճանաչում միջազգայնորեն ճանաչված սահմանների՝ բռնի ուժով փոփոխությունը: Նշվում էր նաև, որ կոնֆլիկտները պետք է լուծվեն միջազգային համընդհանուր իրավունքին համապատասխան՝ առաջին հերթին ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հիման վրա:

Եթե Հայաստան-Ռուսաստան համաձայնագրում նշվում էր, որ կողմերից մեկի անվտանգության դեմ սպառնալիք առաջանալու դեպքում կողմերը կառաջնորդվեն ռազմական օբյեկտների և կառույցների փոխադարձ օգտագործման սկզբունքով և խոսվում էր անհրաժեշտության դեպքում օգնություն տրամադրելու մասին, ապա ռուս-ադրբեջանական համաձայնագրում ամեն ինչ այդքան էլ հստակ չէ: Նշվում է, որ այն դեպքում, երբ վտանգ է սպառնում կողմերից մեկի խաղաղությանը կամ խախտվում են նրա անվտանգության էական շահերը, նրանցից յուրաքանչյուրը կարող է դիմել մյուսին շտապ խորհրդակցությունների խնդրանքով: Երկու երկրները պետք է փոխանակեն համապատասխան տեղեկատվություն և ձգտեն համաձայնեցնեն իրավիճակը հաղթահարելուն ուղղված արվող միջոցառումները: 

7-րդ հոդվածով շեշտվում է, որ կողմերը ճանաչում և հարգում են մյուս կողմի իրավունքը՝ ինքնուրույն որոշել և իրականացնել մի շարք միջոցառումներ՝ ուղղված իր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության պաշտպանությանը և պաշտպանունակությանը:

2008 թվականին Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է «Բարեկամության և ռազմավարական գործընկերության մասին» հռչակագիր:

Ինչպես արդեն նշեցինք, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև վերջին տարիների ամենանշանավոր փաստաթուղթը կնքվեց 2022 թ. փետրվարին՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց երկու օր առաջ: Փետրվարի 22-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը Կրեմլում ստորագրեցին ՌԴ և Ադրբեջանի «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիրը:

Այն լայնորեն քննարկվեց միջազգային մեդիայում, քանի որ դրա ստորագրումը տեղի էր ունենամ Ուկրաինայում լարվածության գերշիկացման ֆոնին:

Փաստաթղթում շեշտվում էր, որ երկրները պետք է ձեռնպահ մնան ցանկացած գործողությունից, որը, երկրներից մեկի կարծիքով, վնասում է երկու պետությունների ռազմավարական գործընկերությանը և դաշնակցային հարաբերություններին: 

Երկու երկրները իրենց տարածքներում վճռականորեն կասեցնում են կազմակերպությունների և անհատների գործունեությունը` ուղղված մյուս կողմի պետական ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ:

Կողմերը զարգացնում են երկկողմ ռազմաքաղաքական համագործակցություն, որը համապատասխանում է ազգային շահերին և ուղղված չէ երրորդ երկրների դեմ: Նրանք խորացնելու են փոխգործակցությունը միմյանց զինված ուժերի միջև՝ դրա շրջանակում անցկացնելով օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներ, ինչպես նաև զարգացնում ռազմական երկկողմ համագործակցությունը: Կողմերը նաև համագործակցելու են ժամանակակից զինատեսակներով և ռազմական սպառազինության համալրման ոլորտում: Բացի այդ, նրանք կարող են քննարկել միմյանց ռազմական օգնության տրամադրումը ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն: 

Հատուկ կետով շեշտվում է, որ կողմերը պետք է զերծ մնան ցանկացած գործողությունից, որն ուղղված է միմյանց դեմ: 

Հռչակագրի այլ կետերով կարգավորվում են տնտեսական համագործակցության զարգացման հարցերը:

Հատկանշական է, որ եթե նախկինում Ադրբեջանը համարվում էր Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, ապա այս հռչակագրով, ինչպես դրա ստորագրման ժամանակ հայտարարեցին Իլհամ Ալիևը և Վլադիմիրը Պուտինը, երկկողմ հարաբերությունները ստացան դաշնակցային կարգավիճակ:

Այսպիսով, թեև նախկինում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել էին բարձր մակարդակի փաստաթղթեր, որոնցով ամրապնդվում էր երկու երկրների միջև ռազմավարական դաշնակցային կապը, սակայն փետրվարի 22-ին  ստորագրված հռչակագիրը նոր փուլ բացեց: Ուկրաինա ներխուժումից օրեր առաջ հրապարակված փաստաթղթով երկրները պարտավորվում են ձեռնպահ մնալ միմյանց դեմ գործողություններից, զարգացնում են ռազմաքաղաքական համագործակցությունը, ինչպես նաև հաստատում միմյանց ռազմական օգնության տրամադրման հնարավորությունը: Հայաստանի դեպքում, ըստ 1997 թվականին ստորագրված պայմանագրի, անվտանգության վերաբերյալ ձևակերպումներն ավելի կոնկրետ են, թեև արդեն 2000 թվականին ստորագրված միջպետական հռչակագրի համաձայն՝ երկու երկրների ռազմաքաղաքական համագործակցությունը չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ:

Լուսինե Ոսկանյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող