Հայկական եկեղեցիները ոչնչացվում են Ադրբեջանում․ Դանիել Իոաննիսյանը՝ ԵԱՀԿ-ում

Վարշավայում շարունակվում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականությունների կոնֆերանսը, որտեղ այսօր ելույթ է ունեցել «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների այլափոխմանը և ավերմանը:

Դանիել Իոաննիսյանի ելույթի տեսագրությունը և հայերեն տեքստը ներկայացնում ենք ստորև․

«Կրոնական ազատության համատեքստում ես կցանկանայի անդրադառնալ, նախ, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի համապատասխան քաղաքականությանը։ Ենթադրում եմ, որ բոլորդ էլ գիտեք, որ 2020 թվականին Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսեց, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ տարածքներ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Արդյունքում Բաքվի վերահսկողության տակ է անցել 149 հայկական եկեղեցի, այդ թվում՝ 1500 տարվա պատմություն ունեցող 3 եկեղեցի։

Այդ եկեղեցիները, տաճարներն ու վանքերը սկսեցին արժանանալ նույն ճակատագրին, ինչ ցանկացած բան, որ հայկական է կամ ցանկացած ոք, ով հայ է, որը երբևէ հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ, այն է՝ ավերածություն և փոխակերպում:

Պետական մակարդակով հայտարարվեց, որ այդ կրոնական պաշտամունքի վայրերը հայկական եկեղեցիներ չեն, և դրանցից մի քանիսը սկսեցին պարզապես քանդվել, իսկ մյուսները՝ վերականգնողական աշխատանքների անվան տակ այլակերպվեցին։ Այդ թվում՝ Ղազանչեչոցի տաճարը, որտեղ, ի դեպ, ավելի քան 100 տարի առաջ որպես քահանա է ծառայել տատիկիս եղբայրը։

Ադրբեջանի հարգարժան ներկայացուցիչը երեկ այստեղ հայտարարեց, որ իրենք խաղաղություն են ցանկանում տարածաշրջանում։ Սակայն խաղաղություն ցանկացողները չէին քանդի մյուս կողմի կրոնական պաշտամունքի վայրերը։

Հարևան ազգի կրոնական պաշտամունքի վայրերի ոչնչացումը հանգեցնում է փոխադարձ ատելության աճին։ Եթե դուք ձեր հարևան ազգին զրկում եք կրոնական պաշտամունքի վայրից, որը ծառայել է որպես այդպիսին ավելի քան հազար տարի և, առավել ևս, եթե ոչնչացնում եք այն, ապա ի՞նչ արժեք ունեն ձեր խոսքերը խաղաղ համակեցություն ցանկանալու մասին:

Այս առումով մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանից պահանջի անհապաղ դադարեցնել իր վերահսկողության տակ գտնվող հայկական եկեղեցիների և կրոնական այլ վայրերի ոչնչացումն ու աղավաղումը։

Ավելին, մենք կարծում ենք, որ այս առումով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավումը գործընթացին կարող է շատ օգտակար լինել։

Տիկնայք և պարոնայք,

Ես կցանկանայի անդրադառնալ նաև Հայաստանում հավաքների ազատությանը վերաբերող հարցերին։ Հայաստանում դեռևս 2018 թվականի հեղափոխությունից առաջ սկսել էր ձևավորվել խաղաղ հավաքների նկատմամբ բարձր մակարդակի պետական հանդուրժողականություն։ Այն է՛լ ավելի բարձրացավ վերջին տարիներին, երբ ընդդիմությունը կարողացավ ամիսներ շարունակ առանց լուրջ խոչընդոտների փակ պահել Երևանի կենտրոնական փողոցներն ու խաչմերուկները։

Այնուհանդերձ, մենք նկատել ենք ոստիկանների և այլ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման դեպքեր։ Մենք համապատասխան բողոքներ ենք ներկայացրել դատախազություն տեսաապացույցների հետ միասին։ Այդ բոլոր գործերով հետաքննությունները, սակայն, առաջընթաց չեն արձանագրել, և որևէ ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում չի սկսվել։

Այս կապակցությամբ կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին դադարեցնել հավաքների ազատության իրավունքը խախտած ոստիկանների ապօրինի պաշտպանությունը»։

Առնչվող