- 3 Մարտի, 2023
- Մամուլը մեր մասին
Օրերս ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպման համար ԱԺ եկած ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը մեծ արագությամբ «փախավ», որ չլսի ոստիկանների կողմից «Եռաբլուր»-ում որդեկորույս մայրերին բռնության ենթարկելու և համակարգի բարեփոխումների տապալման մասին լրագրողների հարցերը և հարկատուներին հաշվետվություն չտա, թե ինչո՞ւ ոստիկանության բարեփոխումները կյանքի չեն կոչվում սպասված ծավալով։
Ղազարյանը խորհրդարանից հեռանում է լրագրողների համար ոչ հասանելի ելքով։ Վահե Ղազարյանը ՆԳ նախարար է նշանակվել 2023 թվականի հունվարի 9-ին, իսկ մինչ այդ՝ շուրջ երեք տարի, զբաղեցրել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնը։
Այս ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի ընկեր Վահե Ղազարյանն աշխատել է որևէ կերպ չշփվել լրագրողների հետ․ նա ոչ մի անգամ մամուլի ասուլիսով հանդես չի եկել, նաև չեն եղել հարցազրույցներ, անգամ ՝ պետական լրատվամիջոցներին տրված։ ԻՔՄ ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը բարեփոխումների գաղափարն ու մոտեցումները չի կիսում և այն անձ չէ, որը կարող է ապահովել թափանցիկ գործող և հանրային ակնկալիքները բավարարող ոստիկանություն։
Նշենք, որ երբ քննարկվում էր ՆԳՆ ստեղծելու գաղափարը, կառավարությունը և Արդարադատության նախարարությունը բարձրագոչ հայտարարություններով էին հանդես գալիս, թե սա բխում է ժողովրդավարության և հաշվետվողականության սկզբունքերից։ Սակայն ՆԳ նախարարի հանրային հաղորդակցության մակարդակը մնում է շատ ցածր, ինչպես եղել էր ոստիկանապետ եղած տարիներին։ Նրա և քաղաքացիների միջև կապը խզված է, Վահե Ղազարյանը որևէ կերպ չի անդրադառնում հասարակությանը հուզող խնդիրներին։ ՆԳ նախարարը նախօրեին ԱԺ-ում պատասխանել էր միայն ՔՊ-ական պատգամավորներից մեկի այն հարցին, թե ինչո՞ւ է դադարեցվել ոստիկանությունում տեսախցիկների տեղադրման գործընթացը։ Ի դեպ, պատգամավորները Վահե Ղազարյանին սկսեցին հարցեր ուղղել միայն նրա հետ ունեցած փակ հանդիպումից հետո, իսկ մինչ այդ ՔՊ-ականները պայմանավորվածություն են ունեցել նախարարին չանհանգստացնել։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասում է՝ Վահե Ղազարյանը խիստ ժողովրդավար է։
Հակաժողովրդավարական բազմաթիվ դրսևորումներով հայտնի ՀՀԿ-ի նախկին անդամ, ներկայում արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Գրիգոր Մինասյանի լավատեսությունը, սակայն, քաղհասարակության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը չի կիսում։ Ոստիկանությունը չբարեփոխելու փաստն արձանագրում է անգամ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո պարբերաբար հայտարարում է Հայաստանի՝ ժողովրդավարական պետություն լինելու, կառավարության թափանցիկ աշխատելաոճի մասին, սակայն հենց վարչապետը հաճախ հասանելի չի լինում լրատվամիջոցներին և արդեն շուրջ մեկուկես տարի նաև խոսնակ չունի։ Վահե Ղազարյանը, հավանաբար, փորձում է պաշտոնավարել այդ նույն տրամաբանությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։