Ինչ էին նախատեսում Դոնբասի ու Կոսովոյի սերբերի համաձայնագրերը. Սերգեյ Լավրովի հայտարարության հետքերով

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո՝ մարտի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովն անդրադարձել է Դոնբասի հակամարտության վերաբերյալ Մինսկի համաձայնագրերին և Կոսովոյի վերաբերյալ Բելգրադի և Պրիշտինայի պայմանավորվածություններին:

Մասնավորապես, լրագրողի հարցին, թե որոնք են ՌԴ գործողությունները, որ կերաշխավորեն Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը, Լավրովը նշել է, որ որոշումները պետք է կայացվեն Ղարաբաղի և Բաքվի միջև՝ ավելացնելով, որ շատ բան կախված է պայմանավորվածությունների որակից:

«Նորագույն պատմության օրինակներ կան։ Նույնը խոսվել է Մինսկի համաձայնագրերում. ի՞նչ իրավունքներ պետք է ունենան Ուկրաինայի արևելյան մասի բնակիչները՝ համաձայն այդ նույն Մինսկի համաձայնագրերի. դա իրենց մայրենի լեզվի իրավունքն է, երեխաներին սովորեցնել այս լեզվով, ապրել, աշխատել, օգտագործելով այն՝ պահպանելու իրենց մշակույթը, կրոնը, կարողանան ունենալ տեղական ինքնակառավարում, ունենալ հատուկ տնտեսական և առևտրային կապեր իրենց հայրենակիցների հետ (Դոնբասի դեպքում դա Ռուսաստանն էր)»,- նշել է Լավրովը։ 

Նա հավելել է, որ մոտավորապես նույն իրավունքները նախատեսված էին տասը տարի առաջ Բելգրադի և Պրիշտինայի միջև Կոսովոյի սերբական համայնքների ստեղծման մասին համաձայնագրում՝ լեզու, տեղական ինքնակառավարում, կրթություն, մշակույթ, կրոն, հատուկ տնտեսական կապեր Սերբիայի հետ։

Ըստ Լավրովի՝ նման իրավունքներ պետք է պահանջեն նաև Ղարաբաղի բնակիչները. «Ղարաբաղի ժողովրդին անհրաժեշտ կլինի իրավունքների նույն փաթեթը, ինչ ցանկացած նմանատիպ իրավիճակում՝ Դոնբաս, Կոսովո և Կոսովոյի սերբական շրջաններ, Լեռնային Ղարաբաղ (Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրի դրույթներին հավատարիմ լինելու համատեքստում)»:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» ուսումնասիրել է Մինսկի համաձայնագիրը և Բրյուսելյան պայմանավորվածությունները՝ հասկանալու, թե ինչ կետեր են դրանք ներառել:

Մինսկի համաձայնագիրը

2014 թ.-ին Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների մեկնարկից ամիսներ անց ԵԱՀԿ միջնորդությամբ ստորագրվեցին երկու փաստաթղթեր, որոնց նպատակն էր խաղաղության հաստատումը Դոնբասում: Եթե առաջին փաստաթղթում քննարկվում էին կրակի դադարեցմանն ուղղված քայլերը, ապա երկրորդում արդեն անդրադարձ էր կատարվում Լուգանսկի և Դոնեցկի կարգավիճակին: Ըստ փաստաթղթի՝ Ուկրաինան վերականգնելու էր վերահսկողությունը պետական սահմանի վրա, իսկ երկու շրջանները ստանալու էին հատուկ կարգավիճակ:

Մինսկի համաձայնության առաջին տեքստը, որը ստորագրվեց 2014 թ. սեպտեմբերի 5-ին, բաղկացած էր 12 կետից.

  1. Ապահովել կրակի անհապաղ երկկողմանի դադարեցում:
  2. Ապահովել ԵԱՀԿ-ի կողմից զենքի չկիրառման ստուգում և վերիֆիկացիա:
  3. Իշխանության ապակենտրոնացում, այդ թվում՝ «Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում տեղական ինքնակառավարման ժամանակավոր կարգի մասին» ուկրաինական օրենքի ընդունման միջոցով։
  4. Ապահովել ուկրաինա-ռուսական սահմանի մշտական մոնիտորինգը և ստուգումը ԵԱՀԿ-ի կողմից՝ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության սահմանամերձ շրջաններում անվտանգության գոտիների ստեղծմամբ։
  5. Անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին և ապօրինի ազատազրկվածներին:
  6. Օրենք, որը կանխում է մարդկանց հետապնդումը և պատժումը Դոնեցկի և Լուգանսկի մարզերի որոշ շրջաններում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված:
  7. Շարունակել ներառական ազգային երկխոսությունը:
  8. Կիրառել միջոցներ Դոնբասում հումանիտար իրավիճակը բարելավելու ուղղությամբ:
  9. Ապահովել տեղական ինքնակառավարման վաղաժամկետ ընտրություններ՝ «Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում տեղական ինքնակառավարման ժամանակավոր կարգի մասին» ուկրաինական օրենքին համապատասխան։
  10. Ուկրաինայի տարածքից դուրս բերել ապօրինի զինված խմբերն ու ռազմական տեխնիկան, ինչպես նաև մարտիկներին ու վարձկաններին։
  11. Ընդունել Դոնբասի շրջանի տնտեսության վերականգնման և վերակառուցման ծրագիր։
  12. Ապահովել խորհրդակցությունների մասնակիցների անձնական անվտանգությունը:

Համաձայնության ստորագրումից հետո, խախտվող հրադադարի պայմաններում, սեպտեմբերի 19-ին ստորագրվեց նաև Մինսկի հուշագիրը, որում կողմերը պարտավորվում էին շփման գծից յուրաքանչյուր կողմից 15 կմ հետ քաշել ծանր սպառազինությունը՝ ստեղծելով 30 կմ անվտանգության գոտի, չիրականացնել հարձակվողական գործողություններ, արգելվում էին մարտական ինքնաթիռներով թռիչքներն անվտանգության գոտու վրայով, ստեղծվում էր ԵԱՀԿ դիտորդական առաքելություն, օտարերկրյա բոլոր վարձկանները դուրս էին բերվում հակամարտության գոտուց:

Սակայն որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ Մինսկի առաջին պայմանավորվածությունները և հուշագիրը չեն գործում. Ուկրաինայի արևելքում շարունակվում էին ռազմական գործողությունները: Այսպես ապստամբներին հաջողվել էր գրավել Դոնեցկի օդանավակայանը

2015 թ․ փետրվարի 15-ին նոր փաստաթուղթ ստորագրվեց, որը կոչված էր նպաստելու Մինսկի պայմանավորվածությունների իրագործմանը:

Ըստ 13 կետանոց նոր փաստաթղթի՝ հաստատվում էր հրադադար, ուկրաինական և ապստամբ ուժերը պետք է հեռացնեին ծանր զինտեխնիկան շփման գծից՝ իրարից 50 կմ երկարությամբ անվտանգության գոտի ստեղծելու համար: Իրավիճակը պետք է մշտադիտարկվեր ԵԱՀԿ-ի կողմից, ինչպես և առաջին փաստաթղթում էր նշված:

Անհապաղ պետք է տեղական ընտրություններ տեղի ունենային՝ Ուկրաինայի «Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում տեղական ինքնակառավարման ժամանակավոր կարգի մասին» Ուկրաինայի օրենքին համապատասխան

Ոչ ուշ, քան փաստաթղթի ստորագրման օրվանից 30 օրվա ընթացքում Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից պետք է հաստատվեր որոշում՝ նշելով այն տարածքը, որը մտնում է հատուկ ռեժիմի տակ՝ համաձայն «Ժամանակավոր կարգի մասին» օրենքի:

Ուկրաինայում պետք է տեղի ունենային սահմանադրական փոփոխություններ, որոնք ուժի մեջ էին մտնելու մինչև 2015 թվականի ավարտը և որի  հիմնական տարրն իշխանության ապակենտրոնացումն էր՝ հաշվի առնելով Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջանների առանձնահատկությունները, համաձայնեցված այդ շրջանների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջանների հատուկ կարգավիճակի մասին մշտական օրենսդրության հաստատում պետք է տեղի ունենար: Քվեարկության հաջորդ օրը Ուկրաինան պետք է լիակատար վերահսկողության տակ վերցներ պետական ​​սահմանը։

Շրջանների առանձնահատկություններ հասկացությունը ներառում էր լեզվական ինքնորոշում, ՏԻՄ-ը պետք է մասնակցեր Լուգանսկի և Դոնեցկի դատախազության ներկայացուցիչների ընտրությանը, ինչպես նաև պետք է ստեղծվեին ժողովրդական միլիցիաներ՝ հանրային կարգը պահպանելու համար:

Մինսկի համաձայնությունների նոր տարբերակը մեծ քննադատությամբ ընդունվեց վերլուծաբանների կողմից: Շատերը պնդում էին, որ այն կրկնում էր առաջին տարբերակի դրույթները, որոնց անարդյունավետությունն ապացուցվել էր գործնականում:

Շատ հեղինակավոր պարբերականներ հետագայում գրում էին, որ փաստաթուղթը ստորագրվել էր ռուսական կողմի ճնշման ներքո: Ուկրաինացի վերլուծաբանները պնդում էին, որ բոլոր կետերի իրագործման դեպքում Ուկրաինայում ներքաղաքական իրավիճակը ավելի կապակայունանար: Մյուսների կարծիքով էլ՝ նոր փաստաթուղթը նշանակում էր, որ այն հնարավորություն է ստեղծում Ռուսաստանի համար մշտապես ազդել և մասնակցել Ուկրաինայի ներքաղաքական հարցերին: Դրա օրինակ էին, այսպես կոչված, ժողովրդական միլիցիաների ստեղծումը, դատավորների և դատախազների ընտրությունը:

Opendemocracy.net-ին տված հարցազրույցում ուկրաինացի սոցիոլոգ Ալեքսանդր Շուլգան նշում էր. «Այնուամենայնիվ, հավանաբար, ուկրաինական հասարակության համար ամենադժվարը կլինի նախկին զինվորականների տեսնելը, որոնցից շատերը Ռուսաստանի քաղաքացիներ են, նստած Ուկրաինայի խորհրդարանում կամ նույնիսկ որպես Ուկրաինայի ոստիկանության անդամներ»:

Կոսովոյի և Սերբիայի պայմանավորվածությունները

Կոսովոյի անկախության հռչակումից 5 տարի անց՝ 2013 թ.-ին, Բրյուսելում ստորագրվեց հարաբերությունների կարգավորման սկզբունքների մասին համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրեցին Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչը և Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչը` ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի միջնորդությամբ։

Համաձայնագրի դրույթները վերաբերում էին Կոսովոյում ապրող սերբերի իրավունքներին և խոսք չկար Կոսովոյի կարգավիճակի մասին:

15 կետանոց փաստաթղթում նշվում էր.

  1. Կոսովոյում կլինի սերբ մեծամասնությամբ մունիցիպալիտետների ասոցիացիա/համայնք: Անդամակցությունը բաց կլինի ցանկացած այլ մունիցիպալիտետի համար, եթե կողմերը համաձայն լինեն:
  2. Համայնքը/ասոցիացիան կստեղծվի կանոնադրությամբ: Դրա լուծարումը տեղի է ունենում միայն մասնակից համայնքների որոշմամբ: Իրավական երաշխիքները կտրամադրվեն գործող օրենսդրությամբ և սահմանադրական օրենքով (ներառյալ 2/3-ի մեծամասնության կանոնը):
  3. Ասոցիացիայի/համայնքի կառուցվածքները կստեղծվեն ըստ Կոսովոյի մունիցիպալիտետների ասոցիացիայի գործող կանոնադրության, օրինակ՝ նախագահ, փոխնախագահ, ժողով, խորհուրդ:
  4. Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի և Կոսովոյի օրենսդրությամբ տրված իրավասություններին համապատասխան՝ մասնակից համայնքներն իրավունք ունեն համագործակցելու՝ համայնքի/ասոցիացիայի միջոցով իրենց լիազորություններն իրականացնելու համար: Ասոցիացիան/համայնքը լիակատար վերահսկողություն կունենա տնտեսական զարգացման, կրթության, առողջապահության, քաղաքային և գյուղական պլանավորման ոլորտներում:
  5. Ասոցիացիան/համայնքը կիրականացնի այլ լրացուցիչ լիազորություններ, որոնք կարող են տրվել կենտրոնական իշխանությունների կողմից:
  6. Ասոցիացիան/համայնքը ներկայացուցչական դեր կունենա կենտրոնական իշխանությունների հետ հարաբերություններում և այդ նպատակով կունենա ներկայացուցչական տեղ համայնքների խորհրդատվական խորհրդում: Այս դերը կատարելու համար նախատեսվում է դիտորդների դերակատարություն։
  7. Կոսովոյում պետք է լինի միայն մեկ ոստիկանություն՝ Կոսովոյի ոստիկանությունը։ Կոսովոյի հյուսիսում գտնվող բոլոր ոստիկանական ուժերը կներառվեն Կոսովոյի ոստիկանական ուժերի կազմում։ Աշխատավարձերը կվճարվեն բացառապես Կոսովոյի ոստիկանության ընդհանուր բյուջեից։
  8. Սերբիայի անվտանգության կառույցների աշխատակիցներին կառաջարկվի աշխատանք Կոսովոյի համարժեք կառույցներում։
  9. Սերբական մեծամասնությամբ հյուսիսային չորս շրջանների (Հյուսիսային Միտրովիցա, Զվեջան, Զուբին Պոտոկ և Լեպոսավիչ) ոստիկանության տարածաշրջանային հրամանատար կլինի: Հրամանատարը պետք է լինի Կոսովոյի սերբ, որը նշանակված է Ներքին գործերի նախարարության կողմից՝ ասոցիացիայի/համայնքի անունից կազմված չորս վարչակազմերի ղեկավարների կողմից կազմված ցուցակից: Կոսովոյի ոստիկանության կազմը հյուսիսում կարտացոլի չորս շրջանների էթնիկ կազմը: (Մեկ այլ տարածաշրջանային հրամանատար կնշանակվի Հարավային Միտրովիցայում, Սքենդերայում և Վուչիտրինում): Հյուսիսային չորս շրջանների շրջանային հրամանատարը կհամագործակցի այլ շրջանային հրամանատարների հետ։
  10. Դատական մարմինները կինտեգրվեն և կգործեն Կոսովոյի օրենսդրական դաշտում։ Պրիշտինայի վերաքննիչ դատարանը կկազմակերպի Կոսովոյի սերբ մեծամասնություն ունեցող բաժին՝ սերբ մեծամասնություն ունեցող տարածքների հետ աշխատելու համար:
  11. Այս վերաքննիչ դատարանի ստորաբաժանումը, որը կազմված է ինչպես վարչական անձնակազմից, այնպես էլ դատավորներից, մշտապես տեղակայված է լինելու Հյուսիսային Միտրովիցայում (Միտրովիցայի շրջանային դատարան): 
  12. 2013 թվականին հյուսիսային մունիցիպալիտետներում տեղական ընտրությունները կկազմակերպվեն ԵԱՀԿ-ի աջակցությամբ՝ Կոսովոյի օրենսդրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան:
  13. Էներգետիկայի և հեռահաղորդակցության հարցերի շուրջ քննարկումները երկու կողմերը կակտիվացնեն և կավարտեն մինչև հունիսի 15-ը։
  14. Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կողմերից ոչ մեկը չի արգելափակի կամ խրախուսի մյուսներին արգելափակել մյուս կողմի առաջընթացը ԵՄ ինտեգրման ճանապարհին:
  15. Համաձայնագրի իրականացման խորհուրդը կստեղծվի կողմերի համաձայնությամբ՝ ԵՄ միջնորդությամբ:

Չնայած համաձայնագրի ստորագրությանը՝ Սերբիան դեմ էր արտահայտվել ցանկացած քայլի, որը կճանաչի Կոսովոն որպես պետություն: Ավելին՝ եթե Կոսովոն վավերացրեց փաստաթուղթը, ապա Սերբիան հրաժարվեց դա անել:

Տարիներ անց Կոսովոյում կոնֆլիկտը նորից սկսեց սրանալ: Կոսովոյի իշխանությունները նախ սկսեցին մեքենաների համարանիշների փոփոխությունը՝ ստիպելով տեղի սերբերին անցնել Կոսովոյի համարանիշների: Իսկ 2023 թ.-ին Կոսովոյի սերբերին արգելեցին մասնակցել Սերբիայի համապետական ընտրություններին: Երկու քայլերն էր մեծ դժգոհություն առաջացրին թե՛ Սերբիայում, թե՛ Կոսովոյի սերբերի շրջանում:

2022 թ.-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարեց, որ Բրյուսելյան համաձայնագիրն այլևս գոյություն չունի: Նրա խոսքով՝ Կոսովոն խախտել էր համաձայնագրի դրույթները, քանի որ Կոսովոյի դատական խորհուրդը կասեցրել է Միտրովիցայի հիմնական դատարանի սերբ նախագահի գործունեությունն այդ պաշտոնում:

Այսպիսով, թեև սկզբնական շրջանում թե՛ Մինսկի համաձայնագիրը, թե՛ Բրյուսելյան համաձայնագիրը մեծ ոգևորվածությամբ էին ընդունվել միջազգային հանրության կողմից, տարիների ընթացքում երկուսն էլ ձախողվել էին՝ չնպաստելով կոնֆլիկտների լուծմանը:

Լուսինե Ոսկանյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող