Արդյոք կփոխվի Սահմանադրությունը. Փաշինյանը 5 տարվա ընթացքում պարբերաբար մտափոխվել է

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության տոնը։ Ուղիղ 28 տարի առաջ այս օրը համաժողովրդական հանրաքվեով ընդունված Սահմանադրությունն այս տարիներին փոխվել է երկու անգամ։ Մայր օրենքն առաջին անգամ փոխվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդ անգամ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին: Ութ տարի առաջ ընդունված Սահմանադրությունը փոխելու մի քանի փորձ էլ արվել է այս իշխանության օրոք։

Նիկոլ Փաշինյանը, որը գործող Սահմանադրության ամենախիստ քննադատներից էր, երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո պարբերաբար խոսել է մայր օրենքը փոխելու անհրաժեշտությունից։ Ստեղծվել են անգամ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովներ, որոնցից վերջինը ժամանակ առ ժամանակ նիստեր է անցկացնում։

Հանձնաժողովում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից Դանիել Իոաննիսյանի դիտարկմամբ՝ անցած տարվա հունվարին վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը մինչ այժմ մեծ առաջընթաց չի արձանագրել։ Առարկայական առաջընթաց կա միայն մեկ հարցի շուրջ․ որոշվել է՝ երկրի կառավարման մոդելը կմնա խորհրդարանական։ Եթե մինչև պատերազմը Նիկոլ Փաշինյանը հաճախ հայտարարում էր, թե Հայաստանի մայր օրենքը պետք է փոխվի, 44-օրյա պատերազմից հետո այդ մասին արդեն խոսք չկար՝ մինչ այն պահը, երբ ԶՈՒ Գլխավոր շտաբը հանդես եկավ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջով, իսկ հանրապետության նախագահը չստորագրեց այն ժամանակ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու՝ վարչապետի միջնորդությունը։

Այդ օրերին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ի վերջո ժամանակն է վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգի, քանի որ գործող Սահմանադրությունը բազմաթիվ ճգնաժամային հնարավորություններ և ռիսկեր է ստեղծում։ Այս հայտարարությունից շուրջ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը երկրի կառավարման համակարգի մասին խոսելիս այլ մոտեցում ուներ։

Փաշինյանը Կապանում 2020 թվականի ասուլիսում պնդում էր, թե Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում երկիրը ձախողված կառավարման համակարգ է ունեցել։ Սահմանադրության, նաև կառավարման համակարգի փոփոխման մասին տարբեր փուլերում տարբեր դիրքորոշումներ արտահայտած Փաշինյանն այժմ էլ ասում է՝ թեև ստեղծված է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, միևնույն է, դա չի նշանում, որ արդյունքում անպայման մայր օրենքը կփոխվի։

Դանիել Իոաննիսյանի գնահատմամբ՝ իշխանությունը Սահմանադրությունը փոխելու մոտիվացիա չունի։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի համոզմամբ՝ եթե անգամ Սահմանադրությունը փոխվի, միևնույն է, ցանկացած նոր փաստաթուղթ, որքան էլ կատարյալին մոտ լինի, չի աշխատի, եթե չփոխվի իշխանության և քաղաքացիների վերաբերմունքը դրա նկատմամբ։ Իսկ մայր օրենքի նկատմամբ, իրավապաշտպանի կարծիքով, կա տոտալ անվստահություն։ Ուշագրավ է, որ այսօր մեզ հետ զրուցած քաղաքացիների մեծ մասը խոստովանում էր՝ չի կարդացել մայր օրենքը։ Սահմանադրության օրվան նվիրված շնորհավորական ուղերձում ևս Փաշինյանը չի խոսել մայր օրենքը փոխելու անհրաժեշտությունից։ Փոխարենը խոստովանել է, որ սահմանադրական իրականության ապահովման ոլորտում ամենամեծ մարտահրավերները մնում են արտաքին անվտանգությունը և վստահելի դատական համակարգը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Առնչվող