Զենքի կիրառման արգելք, F-16-երը չխոցելու հորդոր, Թուրքիայի ներգրավում․ Տոնոյանը՝ 44-օրյայում ռուսական գործոնի մասին

Օգոստոսի 1-ին Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ կայացավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը։

Նախկին նախարարը, պատասխանելով հանձնաժողովականների հարցերին, ուշագրավ հայտարարություններ արեց 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Ռուսաստանի Դաշնության դերակատարության մասին։

Հատկանշական է, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ իրականացրած մշտադիտարկումը ցույց տվեց, որ չնայած Տոնոյանի՝ ռուսական գործոնի վերաբերյալ արձանագրումները վերաբերում էին պատերազմից հետո հանրային մեծ հնչեղություն ունեցող թեզերին, դրանք պատշաճ լուսաբանում չեն ունեցել հայաստանյան մեդիադաշտում՝ բացառությամբ փոքրաթիվ ռեսուրսների։

ԻՔՄ-ն ի մի է բերել նախկին նախարարի համապատասխան հայտարարությունները։

Թուրքիայի՝ չներգրավվելու մասին կանխատեսումն ու ռազմավարական դաշնակիցը

Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանկի Քոչարյանը նիստի ընթացքում անդրադարձավ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, համաձայն որի՝ պատերազմի 3-րդ օրը՝ ՀՀ անվտանգության խորհրդի նիստի ընթացքում, Գասպարյանն ասել է, որ պատերազմը հնարավոր չէ կանգնեցնել ռազմական ճանապարհով և որ դա անհրաժեշտ է անել քաղաքական միջոցներով։

Տոնոյանը, արձագանքելով Գասպարյանի այս հայտարարությանը, հաստատել է, որ Անվտանգության խորհրդի նշված նիստում եղել է նման խոսակցություն։

«Այդպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով, և դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես․․․Մենք պարտավոր էինք մեր մոտեցումը ներկայացնել վարչապետին։ Դրա հիմնական պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի՝ Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը։ ․․․ Խնդրում եմ ուշադրություն դարձնել նրա վրա, որ այդ ներգրավվածությունն իրականացվում էր ոչ թե նախիջևանյան ուղղությամբ, ոչ թե ՀՀ սահմանի ուղղությամբ, այլ արցախյան թատերաբեմում մենք որևէ կերպ չենք հաշվարկել այդպիսի բան, որ Թուրքիայի զինված ուժերը կարող են հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամենը 25 կմ-ի վրա՝ իրականացնելով թռիչքներ»,- ասել  է Տոնոյանը։ 

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետաքրքրվեց, թե ինչի՞ց է բխել Թուրքիայի՝ ռազմական գործողություններին չներգրավվելու մասին կանխատեսումը․ «Գուցե մեր ռազմավարական դաշնակցի (ՌԴ) դիրքորոշումների՞ց, վերջինիս հետ քննարկումների՞ց»։

Չհերքելով պատգամավորի հարցապնդումը՝ Տոնոյանն առաջարկել է հարցին անդրադառնալ նիստի փակ հատվածում։

«․․․եկեք ես այդ հարցին ավելի մանրամասն փակ ռեժիմում անդրադառնամ։ Բայց (նիստի) բաց մասի համար՝ հաշվի ենք առել դաշնակցի (ՌԴ) և այն դաշինքին (ՀԱՊԿ) մեր մասնակցությունը, որում մենք գտնվում ենք»,- պատասխանել է Տոնոյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի՝ հայ-ադրբեջանական հակամարտությանն անմիջապես ներգրավվելու հավանականությունը 2020 թվականի ամռանը բացառել էր նաև այդ ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։

Թուրքիայի ներգրավվածությունը բացառող բարձրաստիճան պաշտոնյաների հանրային խոսքի վերլուծությունից կարելի է ենթադրել, որ հայկական կողմի համար, փաստացի, նախապատերազմական շրջանի մի տևական հատված թուրքական գործոնի անմիջական ներգրավվածությունն անկանխատեսելի է եղել։ Միևնույն ժամանակ, հայկական հետախուզության համար երկար ժամանակ անտեսանելի այդ տվյալները դժվար թե եղած չլինեին ռուսական հետախուզության տրամադրության տակ, և դրանք, փաստացի, չեն տրամադրվել Երևանին։

Թուրքական ներգրավվածության մասին, ըստ Տոնոյանի, հայկական կողմի մոտ կասկածներ են ծագել միայն 2020 թվականի թուրք-ադրբեջանական հուլիսյան համատեղ զորավարժություններից հետո, երբ Թուրքիային պատկանող F-16 կործանիչները հայտնվել են ադրբեջանական Գյանջայում։

Թուրքական կործանիչները չխոցելու հորդորներ՝ Շոյգուից

Նույն նիստի ընթացքում ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Տոնոյանին հիշեցեց, որ 44-օրյա պատերազմից առաջ նա՝ որպես պաշտպանության նախարար, հանդիպել է ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի հետ, իսկ ԳՇ պետը՝ Ռուսաստանի ՊՆ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի։

«Այս հանդիպումների ընթացքում, բնականաբար, քննարկվել է նաև մեզ մոտ պատերազմի հավանականությունը։ Այդ հանդիպումների բերումով նաև մեր դաշնակցի կողմից հնչել են հավաստիացումներ, որ պատերազմը քիչ հավանական է կամ գրեթե անհավանական է ճի՞շտ է սա, թե՞ ոչ»,- հարցրել է Ալեքսանյանը։ 

Տոնոյանն ի պատասխան հիշեցրել է նախապատերազմական շրջանում մի շարք իրադարձություններ, մասնավորապես՝ Նախիջևանում 2020-ի հուլիսին կայացած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից հետո F-16 կործանիչների  վերաբազավորումը Գյանջա քաղաքում, դրանց ամենօրյա թռիչքներն Արցախի սահմանի երկայնքով։

«Այս ամենը ռազմական գործողությունների նախապատրաստման լուրջ ազդակ էր։ Ինչու եմ սրա վրա ուշադրություն դարձնում, քանի որ այդ ժամանակաշրջանից սկսած երեք հանդիպում եմ ունեցել ՌԴ ՊՆ-ի հետ։ Եվ, այո՛,  կար մեզ ուղղված դիմում (ռուսական կողմից) չսադրելու և սառնասրտություն ցուցաբերելու, որը մենք հնարավորինս արել ենք։ Այո՛,  կար հնարավորություն F-16 խոցելու, Պաշտպանության բանակի ՀՕՊ-ի կողմից դա հնարավոր էր, սակայն չէր կատարվում, քանի որ իրենց իսկ (ՌԴ-ի) կողմից որոշված էր չսադրել իրավիճակը»,– նշել է Տոնոյանը։

Տոնոյանի այս պնդումը ռուսական կողմը չի հերքել։

Ստացվում է, որ ռուսական կողմը Հայաստանին չի տրամադրել ոչ միայն Թուրքիայի հնարավոր ներգրավվածության մասին տվյալները, այլ նաև հորդորել է հայկական կողմին «չսադրել իրավիճակը»՝ պնդելով, թե ռազմական լայնամասշտաբ հարձակումը հայկական կողմի ուղղությամբ քիչ հավանական է․ մոտալուտ պատերազմի կանխատեսումը հայկական կողմն արել է հիմնվելով բացառապես սեփական վերլուծության վրա, ինչպես նշվեց վերևում։

Զինատեսակների կիրառման աշխարհագրության սահմանափակումներ

Վահագն Ալեքսանյանի նախաձեռնությամբ ռուսական գործոնն արծարծող ևս մեկ թեմա բարձրացվեց․ նա, մասնավորապես, հետաքրքրվեց, թե արդյո՞ք 44-օրյա պատերազմի ընթացքում որևէ զինատեսակի կիրառման արգելք է դրվել հայկական կողմի առջև։

Տոնոյանը հաստատեց, որ նման սահմանափակումներ եղել են՝ խոստանալով նիստի փակ հատվածում մանրամասներ հայտնել։

«Զինատեսակի կիրառման աշխարհագրության սահմանափակումներ են եղել»,- ասաց նախկին նախարարը։

Ավելի վաղ զինատեսակների կիրառման սահմանափակումների մասին նույն քննիչ հանձնաժողովի նիստի ընթացքում խոսել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ նա, մասնավորապես, պնդել էր, թե պատերազմի ընթացքում եղել են սպառազինության տեսակներ, որոնք հայկական կողմը չի կարողացել լիարժեք օգտագործել․ վարչապետը  չի հերքել կամ հաստատել տեղեկությունը, թե արդյոք խոսքը «Իսկանդեր» հրթիռային համակարգերի մասին է։

Այս տեղեկությունը, սակայն, ավելու ուշ Factor TV-ի հետ զրույցում հաստատել էր քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Ընդդիմադիր մի շարք գործիչներ և փորձագետներ արժանահավատ չեն համարում Փաշինյանի ու իր թիմակիցների նման պնդումները։ Արձանագրենք, միայն, որ Մոսկվան երբևէ չի հերքել «Իսկանդերի» կամ ռուսական որևէ այլ զինատեսակի կիրառման սահմանափակումների վերաբերյալ հայկական կողմի ակնարկները կամ ուղիղ հայտարարությունները։

Պատերազմը դադարեցնելու պայմանը

ՀՀ պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը, որը ևս ընդգրկված է քննիչ հանձնաժողովում, հետաքրքրվեց՝ արդյո՞ք հայկական կողմի վրա պատերազմի ընթացքում ճնշումներ եղել են ՌԴ կողմից՝ մասնավորապես պատերազմը դադարեցնելու մասով։

Տոնոյանը, չհերքելով Սանասարյանի՝ ռուսական ճնշումների մասին թեզը, խոստացավ մանրամասներ ներկայացնել փակ նիստում։

«Ռազմական գործողություններն այնպիսի ծավալներ ունեին, որ դրանք հնարավոր էր կանգնեցնել ոչ թե պայմանագրերով (պայմանավորվածություններով), այլ միայն երրորդ ուժի ներկայությամբ թատերաբեմում, դա է եղել պատերազմը կանգնեցնելու միակ գրավականը»,- ասաց նախկին նախարարը։

Հիշեցնենք, որ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում երեք անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ համանախագահող երեք երկրների՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ միջնորդությամբ՝ առանձին-առանձին, հրադադարի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել․ ադրբեջանական կողմը դրանք երեքն էլ խախտել էր։

Ծանոթացեք նաև «Արցախյան երկրորդ պատերազմի քրոնիկոնին՝ ըստ օրերի»։

Նանե Մանասյան
«
Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող