ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կոչ է անում ՄԱԿ Անվտանգության խորհրդին կանխել նոր Հայոց ցեղասպանությունը՝ միջազգային խաղաղարար ուժեր մտցնելով Լեռնային Ղարաբաղ եւ ճանաչելով այն որպես ՄԱԿ-ի ենթամանդատային տարածք

Ութ ամիս շարունակ Ադրբեջանի իշխանություններն արգելափակել են Լաչինի միջանցքը՝ միակ մուտքը դեպի Արցախ՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված Հայտարարության այս կոպիտ խախտումը ոչ միայն լուրջ կասկածի տակ է դնում Ադրբեջանի իշխանությունների հավատարմությունը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, այլ նաև ցույց է տալիս հստակ մտադրություն՝ իրականացնել 120 հազարանոց հայ բնակչության ցեղասպանություն: Այս ապօրինի շրջափակումը ևս մեկ անգամ ցույց տվեց Ռուսաստանի անկարողությունը կամ չկամությունն իր «խաղաղապահների» միջոցով կատարելու իր ստանձնած պարտավորությունները՝ ապահովելու Լաչինի միջանցքով ուղևորների և բեռների անխափան տեղաշարժը։ Մինչ Եվրամիության դիտորդները Հայաստանի սահմանին իրենց ներկայությամբ նպաստում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, Բաքվի և Մոսկվայի ավտոկրատական վարչակարգերը համագործակցում են միմյանց հետ՝ կազմակերպելու ճնշում հայ ժողովրդի վրա, խեղդելու նրա ազատությունն ու ժողովրդավարական ընտրությունը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։

240 օր շարունակ մարզի 120 հազար բնակիչ զրկվել է էլեկտրաէներգիայից ու գազից, աշխատանքից ու ապրուստի միջոցներից, պարենային և առաջին անհրաժեշտության ապրանքների զգալի մասից։ Իսկ հունիսի 15-ից՝ արդեն երկու ամիս, Ալիևի բռնապետական ռեժիմը, սերտ համագործակցելով ռուսական այսպես կոչված խաղաղապահ զորքերի հետ և Կրեմլի քաղաքական աջակցությամբ, ամբողջությամբ շրջափակել է Արցախը։ Արդյունքում, առաջին անհրաժեշտության սննդամթերքի եւ պարենի բացակայության պայմաններում մոտ 2000 հղի կին, 30000 երեխա, 20000 տարեց և 9000 հաշմանդամություն ունեցող անձ մաքառում է թերսնվածության պայմաններում։ Սովի ու հումանիտար աղետի վտանգը օրեցօր ավելի իրական է դառնում, իսկ դեղերի ու որակյալ բուժման բացակայության պատճառով ավելացել է մահացությաունների թիվը։ Եվրոնյուզ-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացեիբաց հայտարարեց, որ կա՛մ արցախահայությունը պետք է ենթարկվի իր ռեժիմին, կա՛մ կիսի հարյուրավոր ադրբեջանցի ընդդիմադիրների ճակատագիրը, որոնք լքել են երկիրը իրենց նկատմամբ ռեժիմի քաղաքական հետապնդումների պատճառով։

Շարունակվող շրջափակման պատճառով Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) նախագահը հրատապ դիմել է միջազգային հանրությանը` կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը կանխելու և շրջափակումը դադարեցնելու համար։

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի համանախագահները իրենց հայտարարության մեջ դեռևս 2022թ. դիմել էին Ադրբեջան, Հայաստանի եւ ԵՄ առաջնորդներին՝ այլ հորդորների թվում նաեւ կոչ անելով ապահովել Լաչինի միջանցքի ապաշրջափակումը:

Արդարադատության միջազգային դատարանը իր 22.02.2003թ. եւ 06.07.2023թ. որոշումներով հրահանգել է Ադրբեջանին ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով։

ԵԽԽՎ-ն նույն հարցի վերաբերյալ բանաձեւ է ընդունել՝ կոչ անելով նախագահ Ալիեւին ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

Համաշխարհային առաջնորդները, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահը, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը, Ֆրանսիայի նախագահ, ԱՄՆ պետքարտուղարը, բոլորը կոչ են արել վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը։

Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, լրատվամիջոցներ, (ինչպիսիք, օրինակ Washington Post-ը, CNN-ը, Associated Press-ը, Forbes-ը, CBC-ը, Yahoo-ն, եւն), կառավարություններ և միջազգային իրավապաշտպաններ միասնական են Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ իրավիճակի գնահատման հարցում՝ կոչ անելով վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը:

Մի խումբ հայտնի ցեղասպանագետներ բաց նամակ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներին Արցախում ցեղասպանության սպառնալիքի վերաբերյալ (Լեռնային Ղարաբաղ).

Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ, Հարվարդի և Յեյլի համալսարանների պրոֆեսոր Լուիս Մորենո Օկամպոն իր փորձագիտական եզրակացության մեջ եզրակացրել է, որ «Լեռնային Ղարաբաղում, որը նաև հայտնի է որպես Արցախ, շարունակվում է ցեղասպանությունը 120.000 հայերի նկատմամբ»:

Փաստացի, Ադրբեջանի իշխանությունները՝ Կրեմլի լուռ աջակցությամբ, որն իր հերթին այս օրերին իրականացնում է եմկ այլ ցեղասպանություն Ուկրաինայում, պատրաստվում են ավարտին հասցնել նոր Հոլոդոմորը, բայց արդեն 21-րդ դարում՝ Լեռնային Ղարաբաղում։

Օսմանյան, ապա քեմալական Թուրքիայի եւ մուսաֆաթական Ադրբեջանի ղեկավարության կողմից 18971920 թթ. կազմակերպած Հայոց Ցեղասպանության ընթացքում, ապաեւ 32 տարի առաջ, Արցախը զինված դիմադրությամբ հիմնականում կարողացավ կանխել իրեն բնաջնջելու փորձը: Համաշխարհային հանրության պարտքն է կանխել աշխարհի վատթարագույն հակաժողովրդավարական ռեժիմներից մեկի՝ Ալիևի ռեժիմի կողմից այս տարածաշրջանի հայ բնակչության ոչնչացումը։

Օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հասցված ամբողջական շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման հարցով արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով։ Սակայն Լաչինի միջանցքով մարդասիրական բեռներով մի քանի բեռնատարների համար թույլտվություն ստանալը կամ նույնիսկ միջանցքի բացումը կարող է լինել միայն առաջին, բայց բնավ ոչ վբավարար քայլ ցեղասպանությունը կանխելու և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար:

Հետեւաբար, մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներին.

  1. Լաչինի միջանցքը և Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես ՄԱԿ-ի ենթամանդատային տարածք՝ դրանով կանխելով այս տարածաշրջանի հայության ցեղասպանությունը: Ալիևի բռնապետությունը չպետք է որևէ իշխանություն ունենա տարածաշրջանի հանդեպ մինչև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի իշխանությունների միջև խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության ամբողջական և համապարփակ կարգավորումը միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա, միջազգային ձևաչափի և մեխանիզմի շրջանակներում և միջազգային միջնորդների ներկայությամբ։
  2. Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում տեղակայել ՄԱԿ-ի խաղաղարար ուժեր.
  3. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին հանձնարարել փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար.
  4. Դատապարտել հայերի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականությունը, որն արտացոլված է 2021թ. դեկտեմբերի ICJ-ի հրամանում, եւ որը վտանգի տակ է դնում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված ցանկացած ջանք.
  5. Ապահովել լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաև անկախ իրավապաշտպան կազմակերպությունների առաքելությունների մուտքը տարածաշրջան՝ իրավիճակն ուսումնասիրելու և միջազգային լսարանին իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու համար:

Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն դադարեցնի բռնապետների փորձերը՝ քաղաքական խնդիրները լուծելու ուժի, գերիշխանության, ոչնչացման և ցեղասպանության՝ հին աշխարհից ժառանգած սկզբունքներով։ Այսօրվա աշխարհում նավթն ու գազը չե՛ն կարող ավելի թանկ արժենալ, քան մարդկանց կյանքն ու նրանց իրավունքները:

ԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի

Հայաստանի ազգային պլատֆորմ

Առնչվող