Դանիել Իոաննիսյանի ելույթը Լաչինի միջանցքի մասին՝ Բրյուսելում ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի նիստին

Դանիել Իոաննիսյանը երեկ՝ սեպտեմբերի 12-ին, ելույթ է ունեցել ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի նիստին, որը տեղի է ունենում Բրյուսելում: ԻՔՄ ծրագրերի համակարգողն իր խոսքում անդրադարձել է Լաչինի միջանցքի հարցին՝ նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը: Ստորև ելույթի տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ․

Հարգելի գործընկերներ,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ներկայացուցչին՝ Լաչինի միջանցքի հարցում խիստ և հստակ դիրքորոշումը հաստատելու համար։

Լաչինի միջանցքով հայերի ազատ տեղաշարժի անհրաժեշտությունն ու կարևորությունը հասկանալու համար մենք պետք է ավելի լավ պատկերացում կազմենք տեղում տիրող իրավիճակի որոշ մանրամասների վերաբերյալ:

Ղարաբաղյան հակամարտությունը շատ երկար պատմություն ունի, բայց ես կցանկանայի խոսել վերջին մեկ տարվա զարգացումների մասին։

Մեկ տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, ադրբեջանական զինուժը լայնածավալ չհրահրված ռազմական հարձակում սկսեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքի դեմ՝ թիրախի տակ առնելով Հայաստանի Հանրապետության խաղաղ սահմանամերձ համայնքները։

Հարձակման արդյունքում ունեցանք հարյուրավոր զոհեր, այդ թվում՝ հայ խաղաղ բնակչության շրջանում։ Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի քանի դրվագների վրա, որոնք ապացուցում են հայատյացության առկայությունը Ադրբեջանում։

Դրանից անմիջապես հետո հրապարակվեց տեսանյութ, որտեղ ադրբեջանցի զինվորները մահապատժի են ենթարկում 7 հայ գերիների։ Նման կադրեր կարելի է տեսնել միայն ֆիլմերում։ Ծնկի եկած և վնասազերծված հայերը սպանվում են մի խումբ ադրբեջանցի զինծառայողների կողմից «Կալաշնիկով» ավտոմատների կրակահերթով։

Մեկ այլ դեպք էլ վերաբերում էր մահացած հայ կին զինծառայողի դիակի պղծմանն ու անդամահատմանը։ Ադրբեջանցի զինծառայողները մերկացրել էին կին զինծառայողի մարմինը, կտրել նրա ոտքերն ու մատները, քար էին տեղադրել նրա ակնախորշում, իսկ կտրված մատներից մեկն էլ բերանն էին դրել և մերկ մարմնի վրա ներկ լցրել։

Մեկ այլ դեպք վերաբերում է ադրբեջանական իշխանությունների կողմից տարածված տեսանյութին, որում երևում է թևից թեթև վիրավորված հայ ռազմագերի, որը առաջին օգնություն է ստանում ադրբեջանցի զինվորների կողմից: Սակայն մի քանի օր անց ադրբեջանական կողմը վերադարձրեց երիտասարդի դիակը՝ մարմնի վրա խոշտանգման հետքերով։

Ցավոք սրտի, դրանք առանձին դեպքեր չեն, այլ տասնամյակներ շարունակվող պետական քաղաքականության արդյունք։ Այդ դեպքերից ոչ մեկի քննություն չի իրականացվել, ոչ ոք չի պատժվել։ Ավելին, անցած տարի նախագահ Ալիևը պարգևատրել է երկու զինծառայողների, որոնց դեմ նախկինում մեղադրանք էր առաջադրվել դեռևս 2020 թվականին հայ զինծառայողների մարմինները պղծելու համար։

Սա նրա վաղեմի քաղաքականությունն է: 2012 թվականին Իլհամ Ալիևը ներում շնորհեց և պարգևատրեց Ռամիլ Սաֆարովին, որը կացնահարել էր քնած հայ զինվորին Բուդապեշտում։ 2016-ին նախագահ Ալիևը պարգևատրեց ադրբեջանցի զինծառայողին, որը գլխատել էր հայ զինվորի մարմինը։

Դրանում զարմանալի ոչինչ չկա։ Իր ժողովրդին ուղղված ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Մենք նրանց (հայերին) քշում ենք շների պես։ Ադրբեջանցի զինվորները շների պես քշում են նրանց»։

Ադրբեջանի հայատյաց պետական քաղաքականությունն արձանագրվել է մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից։

Դեռևս 2020 թվականին Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածքներում հայեր չեն բնակվում: Բոլոր նրանք, ովքեր չէին կարողացել փախչել մինչև ադրբեջանական բանակի ժամանումը, լավագույն դեպքում գերի են ընկել, վատագույն դեպքում՝ մահապատժի ենթարկվել։ Amnesty International-ը նույնպես հայտնել է մահապատիժների մասին։

Այսպիսով, պարզ է, որ հայերը չեն կարող ապրել ադրբեջանական տիրապետության տակ՝ առանց անվտանգության հատուկ և միջազգայնորեն վերահսկվող երաշխիքների։ Ավելին, հայերը չեն կարող նույնիսկ ադրբեջանական անցակետով անցնել, քանի որ վերջին մի քանի ամիսներն ապացուցեցին, որ Ադրբեջանի իշխանությունները կարող են առևանգել ցանկացածին, նույնիսկ նրանց, ում ուղեկցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։

Ադրբեջանով կամ ադրբեջանական անցակետով հայերի տեղաշարժի անհնարինությունը բոլորի համար պարզ էր դեռևս 2020 թվականին։ Այդ պարզ պատճառով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությամբ (ստորագրված՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին) նախատեսվում էր, որ Լաչինի միջանցքը պետք է վերահսկվի ռուս խաղաղապահների կողմից։ Կարող եք հարցնել, թե ինչո՞ւ Լաչինի ճանապարհը և ոչ որևէ այլ ճանապարհ… Պարզապես այն պատճառով, որ Լաչինի ճանապարհը աշխարհագրորեն միակ (ամենակարճ) ճանապարհն է, որով Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը կարող են գնալ Հայաստան՝ առանց ադրբեջանական բնակավայրեր մտնելու:

Բայց և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը խախտել են եռակողմ հայտարարությունը, և Լաչինի միջանցքն այժմ վերահսկվում է Ադրբեջանի կողմից։

Այստեղ մենք ունենք թարմ զարգացումներ. կան տեղեկություններ, թե Ադրբեջանը թույլ է տվել ԿԽՄԿ-ին մարդասիրական օգնություն տեղափոխել Լեռնային Ղարաբաղ, բայց եթե նույնիսկ դա տեղի ունենա, դա դեռ չի նշանակում, որ եռակողմ հայտարարության համապատասխան  դրույթը կամ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն իրականացվում են։ Իհարկե, սննդի հասանելիությամբ շրջափակված լինելն ավելի լավ է, քան սովից մեռնելը։ Բայց սա շարունակում է շրջափակում մնալ։ Մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, առանց բնական գազի, առանց վառելիքի, առանց Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս տեղաշարժվելու հնարավորության և առանց անհրաժեշտ ապրանքների, բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների (եթե, իհարկե, առաջին անհրաժեշտության ապրանքները տրամադրվեն ԿԽՄԿ-ի միջոցով):

Կարող եք հարցնել՝ ինչո՞ւ է Ադրբեջանը դա անում։ Ինչո՞ւ է նրանց անհրաժեշտ տանջել 100 հազար հայի։ Պատասխանը շատ պարզ է. Ադրբեջանը ցանկանում է վերահսկողություն հաստատել Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ առանց հայերի, ճիշտ այնպես, ինչպես դա արեց Թուրքիան 1915 թվականին։

Շնորհակալություն։

Առնչվող