- 13 Հոկտեմբերի, 2023
- Հաղորդագրություններ
Ինչպես արդեն գիտեք, Հայաստանն ընդունել է ավելի քան 100 հազար փախստական Լեռնային Ղարաբաղից։ Ես ուզում եմ կենտրոնանալ երկու բանի վրա՝ ինչու և ինչպես դա տեղի ունեցավ:
Ինչպես երեկ նշվեց, Ադրբեջանում հայատյացությունը լայն տարածում ունի։ Անզեն քնած հային սպանելն այնտեղ հերոսություն է համարվում։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանում չկան ժողովրդավարական ինստիտուտներ, ինչպես, օրինակ, անկախ դատական համակարգ, որը կպաշտպաներ հայերին վատ վերաբերմունքից և մահապատիժներից:
Ցանկացած հայ գիտի, որ եթե ապրի ադրբեջանական տիրապետության տակ, նույնիսկ եթե պետության կողմից չսպանվի (ինչը տեղի ունեցավ վերջերս), հազարավոր ադրբեջանցիներ կան, որոնք ցանկանում են սպանել հայերին, և ոչ մի պատիժ էլ չի հետևի դրան (մենք ունենք շատ օրինակներ):
Բոլոր այն հայերը, որոնք չեն կարողացել փախչել իրենց քաղաքներից և գյուղերից մինչև ադրբեջանական բանակի ներխուժումը 2020 թվականին, լավագույն դեպքում գերի են ընկել, վատագույն դեպքում՝ մահապատժի են ենթարկվել։ Amnesty International կազմակերպությունը նաև հայտնել է հայ խաղաղ բնակիչների մահապատիժների մասին:
Մենք բոլորս ցնցված էինք Բուչայի կոտորածից։ Բայց գիտե՞ք, թե ինչու Բուչայում ավելի շատ ուկրաինացի խաղաղ բնակիչներ են սպանվել, քան հայեր՝ Լեռնային Ղարաբաղում։ Որովհետև ուկրաինացիները չէին սպասում, որ ռուսական բանակն իրենց մահապատժի կենթարկի, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի հայերը գիտեին, թե ինչ է իրենց սպասվում։
Ահա թե ինչու Լեռնային Ղարաբաղի հայերի ավելի քան 99,9 տոկոսը լքեց իրենց տներն այն բանից հետո, երբ իրենց գյուղերն ու քաղաքներն Ադրբեջանի վերահսկողության տակ անցան վերջին լայնածավալ և նախապես ծրագրված ռազմական հարձակումից հետո՝ հարձակում, որը հետևել է Լեռնային Ղարաբաղի՝ 9 ամիս տևած շրջափակմանը և դրա պատճառած անմարդկային տառապանքին։
Լեռնային Ղարաբաղի բնակիչները ստիպված են եղել լքել իրենց տները և անձնական իրերը, բացառությամբ այն իրերի, որոնք տեղավորվել են իրենց մեքենաներում կամ ավտոբուսներում։ Հարյուր հազար հայ թողել է այն ամենը, ինչ ուներ, և ճանապարհ ընկել՝ չիմանալով, թե որտեղ են ապրելու և ինչպես են իրենց օրվա հացը վաստակելու։
Խոսքս համեմատաբար երջանիկների մասին է, որոնք անձնական իրերը հավաքելու ժամանակ են ունեցել։
Նրանք, ովքեր ապրում էին ադրբեջանական ներխուժման արդյունքում գրավված գյուղերում, պարզապես լքել են իրենց տները՝ ոչինչ չվերցնելով իրենց հետ (նույնիսկ փաստաթղթերը): Նրանք պարզապես վերցրել են իրենց երեխաներին ու փախչել։
Բացի այդ, շատ մարդիկ մահացել են փախուստի ժամանակ, ինչպես այն առնվազն 170 մարդիկ, որոնք մահացան բենզալցակայանի պայթյունի պատճառով:
Տիկնայք և պարոնայք, Ռուսաստանի և Ադրբեջանի նման բռնապետությունները ԵԱՀԿ տարածաշրջանում հումանիտար ճգնաժամերի պատճառ են։ Նրանք ունեն մտածելակերպ, որը տարբերվում է այս դահլիճում մեծամասնության մտածելակերպից, նրանց տրամաբանությունը հիմնված է այլ արժեքների վրա: Հիմա ձեզնից շատերը չեն հավատում, որ Ադրբեջանը հերթական հարձակումն է նախապատրաստում Հայաստանի Հանրապետության դեմ, որն իրենք անվանում են «Արևմտյան Ադրբեջան»։
Ադրբեջանից ժամանած գործընկերները խոսում են հակամարտության պատմության մասին։ Ուրեմն պետք է նշել, որ Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 35 տարի առաջ՝ Սումգայիթում և Բաքվում բնակվող հայերի ջարդերից հետո։ Նրանք նշում են 30 տարի առաջ Հայաստանից հեռացած էթնիկ ադրբեջանցիների մասին, բայց Ադրբեջանը լքած էթնիկ հայերի մասին լռում են։ Նրանք նաև լռում են այն մասին, որ այդ ժամանակ սովորաբար գյուղերի պարզ փոխանակում էր տեղի ունենում հայերի և ադրբեջանցիների միջև։
Ես կոչ եմ անում ադրբեջանական պատվիրակությանը դադարեցնել հայկական ՀԿ-ներին զրպարտելն ու բացատրել, թե ինչ ի նկատի ուներ իրենց նախագահը, երբ ասում էր, որ իրենք «շների պես քշում են հայերին»։