Ինչպես է վրաերթի ենթարկվել 20-ամյա աղջիկը․ պարեկներն աչք են փակում օրինախախտ հետիոտների վրա

«Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնի դիմաց երեկ երեկոյան կրկնակի վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում է։ Երկու տարբեր մեքենաներ իրար հետևից հարվածել էին աղջկան, որը փորձել էր հատել փողոցն անթույլատրելի հատվածով։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս։ Կրկնակի վրաերթի հանգամանքները պարզվում են` հայտնում են Քննչական կոմիտեից։ Ճանապարհատրանսպորտային պատահարների, այդ թվում՝ մահվան ելքով վրաերթերի վիճակագրությունը շարունակում է մտահոգիչ մնալ։ Միայն այս տարվա հունվարի 1-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում և մարզերում արձանագրվել է 702 վրաերթ, որոնցից 53-ը՝ մահվան ելքով։

Ըստ ճանապարհային ոստիկանության՝ մահվան ելքով վրաերթերը հիմնականում հետիոտնի՝ փողոցը չթույլատրված հատվածով անցնելու հետևանք են: Երեկվա վրաերթի վայրում ու հարակից տարածքում մեր փոքրիկ հարցախույզի մասնակիցներն ասում են՝ հաճախ են ականատես լինում, թե ինչպես են մարդիկ փողոցն անցնում չթույլատրված հատվածով, որովհետև կա՛մ շտապում են, կա՛մ դժվարանում են վերգետնյա կամ ստորգետնյա անցումներից օգտվել։ Հետիոտների կողմից ճանապարհի երթևեկելի մասը հատելու համար գործող օրենքը նախատեսում է վարչական պատասխանատվություն՝ տուգանք նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող, նախկինում Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը, սակայն, ասում է՝ այլ կլիներ վրաերթերի թիվը, եթե հետիոտները սխալ տեղով անցնելու համար պատշաճ վարչական պատասխանատվության ենթարկվեին։ Իոաննիսյանի խոսքով՝ երբ պարեկային ծառայությունը նոր էր ներդրվել, ծառայողները վարչարարություն իրականացնում էին, ամիսներ անց, սակայն, նրանք անտարբեր դարձան, քանի որ համակարգում սկսեց խրախուսվել ոչ թե բովանդակության, այլ ձևի համար ծառայությունը։

Պարեկային ծառայողները 2023 թվականի 9 ամիսների ընթացքում քանի՞ օրինախախտ հետիոտնի են տուգանել փողոցը չթույլատրված հատվածով անցնելու համար․ Factor.am-ը գրավոր հարցում է ուղարկել Ոստիկանություն, պատասխանը կներկայացնենք ստանալուն պես։

Մանրամասները՝ տեսանյութում։

Առնչվող