Թափանցիկ ոստիկանական բաժիններ, բարեվարք օպեր-լիազորներ և «նարուշիլովկա»-ների կանոնակարգում. ՀԿ-ների պահանջները քննարկվում են

«Իրազեկ քաղաքացիների միավորման» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» առաջարկով Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին կից ստեղծված «Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի» (որի անդամ են նաև ԻՔՄ-ն ու ՀՔԱՎ-ը) ընդհանուր ժողովի առաջիկա քննարկումների օրակարգում ներառվեցին չորս հարցեր, որոնք հանդիսանում են մի խումբ հասարակական կազմակերպությունների պահանջը:

  1. Տեղադրել տեսախցիկներ ոստիկանական բաժինների բոլոր միջանցքներում և բոլոր այն սենյակներում, որտեղ գտնվում են բերման ենթարկվածները: Քննարկման ենթակա է միայն զուգարաններում տեսախցիկների տեղադրման նպատակահարմարությունը:
  2. Կառուցվելիք ոստիկանական բաժինների տիպային մոդելները (որոնք պատրաստում է Քաղաքաշինության կոմիտեն) նախագծել այնպես, որ ներսի տարածքները լինեն առավել թափանցիկ, և դրսից նայողները կարողանան տեսնել ներսում տեղի ունեցողը:
  3. Փոխել ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցների գնահատման ցուցանիշները, որպեսզի խրախուսվի հանցագործության մասին այլ՝ մեղադրյալի ցուցմունքի կամ ինքնախոստովանության հետ չկապված ապացույցների հավաքագրումը: Սրա նպատակն այն է, որ օպեր-լիազորները աջակցեն քննիչներին ապացույցների հավաքագրման հարցում և չունենան մարդկանց խոշտանգելու մոտիվացիա:
  4. Իրավական դաշտում կանոնակարգել «հատուկ կտրոնների» (ժողովրդի լեզվով հայտնի՝ «նարուշիլովկա») հարցը, հստակ ամրագրել, թե ովքեր և երբ պետք է օգտագործեն հատուկ կտրոնները, և արգելել օպերատիվ ծառայողներ չհանդիսացող անձանց այդ կտրոնների փոխանցումը:

Հարցերից առաջին երեքը ներառված են 30 ՀԿ-ների՝ ս.թ. հուլիսի 3-ին տարածած հայտարարության պահանջների մեջ: 4-րդ հարցը ծագել է վերջին շրջանում «նարուշիլովկա»-ների տարածման ու անգամ ապօրինի առ ու վաճառքի մասին ահազանգերի շատացման ֆոնին:

Դեկտեմբեր ամսին կայանալիք նիստի ժամանակ ՆԳՆ-ն կներկայացնի բոլոր հարցերի հետ կապված իր մոտեցումները հանձնաժողովի անդամ ՀԿ-ներին ու խորհրդարանականներին:

Առնչվող