Ոստիկանության Կումայրիի բաժնի պետը պնդում է՝ ազնիվ ճանապարհով է վաստակում. Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Ոստիկանության ատեստավորման հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը դիմել է իրավապահներին, որ քննեն՝ արդյո՞ք ոստիկանության Կումայրիի բաժնի պետը ապօրինի է հարստացել, թե՝ ոչ։

Կարեն Գևորգյանը երեկ ատեստավորվել է, ստացել է 13 անդամից բաղկացած հանձնաժողովի մեծամասնության դրական գնահատականը։ Կամավոր ատեստավորումն անցնելու դեպքում բարձրաստիճան ոստիկանի աշխատավարձը մոտ երկու անգամ կբարձրանա։

Այնինչ հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը ստուգել է Գևորգյանի հայտարարագրերն ու պարզել՝ մեկ տարվա ընթացքում նա և նրա մանկավարժ կինը ավելի շատ են ծախսել, քան վաստակել են։

«Իրենց դրամական միջոցներն ավելացել են 8 միլիոնով, գումարած՝ իրենք 2.8 միլիոնի վարկ են փակել, իրենք 1 միլիոնով ավտո են առել, առնվազն 2 միլիոն ծախսել են ուղղակի ապրելու վրա մեկ տարվա ընթացքում։ Այդ թվերի մեջ շատ մեծ տարբերություն է, իրենց ստացած 7.7 միլիոն ու իրենց ծախսած 10 ու քանի միլիոնը շատ ուժեղ իրարից տարբերվում են», – ասում է նա։

Այնինչ, 47-ամյա ոստիկանը հակադարձում է՝ ինքն էլ, կինն էլ վաստակում են ազնիվ ճանապարհով։ Կինս ատեստավորված մանկավարժ է, «Ազատության» հետ զրույցում ասաց Գևորգյանը։

«Թող իրավական դաշտում պարզաբանեն, ամեն ինչ պարզեն, ես որևէ խնդիր չունեմ, աշխատում եմ իմ աշխատավարձով, կինս աշխատում է, ստանում է բարձր աշխատավարձ, ատեստավորված ուսուցիչ է։ Ես ունեմ ծնողներ, գյուղում են բնակվում, ունեմ եկամուտներ գյուղից, որևիցե խնդիր չունեմ դրա հետ կապված», – նշեց նա։

Իրավապաշտպանը, սակայն, պնդում է՝ օրենքի ներկայացուցիչը կեղծում է։ Այլ օրինակ էլ է բերում՝ ըստ հայտարարագրի՝ 2022-ին բնակարան է նվեր ստացել, բայց ատեստավորման ժամանակ չի թաքցրել, որ նվեր տվողին 13 հազար դոլար է նվիրել։

«Մի հատ 22 թվականին են բնակարան ձեռք բերել Գյումրիում, մի հատ 21 թվականին Երևանի կենտրոնում, ու 22 թվականին Գյումրիի բնակարանը հայտարարագրում գրված է, որ նվեր են ստացել, բայց ինքը բանավոր ասաց, որ առել են», – նշեց Իոաննիսյանը։

Կարեն Գևորգյանը, սակայն, այսօր պնդեց՝ կինն է ընդամենը 31 քառակուսի մետրանոց բնակարան նվեր ստացել։ Հերքեց, թե դրա դիմաց փող է տվել նվիրատուին, ընդամենը նրան փոխադարձ լավություն է արել։

«Դե կարող է ինչ-որ մի լավություն եմ արել, ես ազնվորեն զրույց եմ արել, դա իմ անձնական հարցն է», – արձագանքեց նա։

«Նույն տրամաբանությամբ հացի խանութում նվեր ստացա մատնաքաշ և նվեր տվեցի 200 դրամ, այսինքն՝ ծիծաղալու էր», – ասաց Դանիել Իոաննիսյանը։

Ավելի մանսրամասն սկբնաղբյուր կայքում՝ azatutyun.am:

Առնչվող