- 24 Հունվարի, 2024
- Հաղորդագրություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտարարում է դրամաշնորհների փակ մրցույթ լրատվամիջոցների և մարզային հասարակական կազմակերպությունների համար՝ պետական գնումների հաշվետվողականության ու հանրային վերահսկողության բարձրացման նպատակով։
Մրցույթն իրականացվում է «Պետական գնումների հանրային վերահսկողության և հաշվետվողականության խթանում» ծրագրի շրջանակներում, որը միտված է Հայաստանի Հանրապետությունում պետական գնումների համակարգի նկատմամբ հանրային վերահսկողության ուժեղացմանը և պետական գնումների թափանցիկության և հաշվետվողականության խթանմանը։ Ծրագիրն իրականացվում է ՄԹ միջազգային զարգացման աջակցության շրջանակում Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ։
Ծրագիրը շեշտադրում է գնումների համակարգում առկա խնդիրների վերհանումը (օրինակ՝ մոնիտորինգի, հետազոտության տեսքով)՝ առաջարկելով հետևյալ թեմաները և դրանց հնարավոր համադրությունը.
- Կոռուպցիոն ռիսկեր պարունակող գնումներն ու դրանց փոխկապակցվածությունը պաշտոնատար անձանց հետ,
- գնման հայտերի ու տեխնիկական առաջադրանքների միջոցով հակամրցակցային պայմանների առաջադրումը,
- հանձնման-ընդունման գործընթացում առաջացած խնդիրները,
- պատվիրատուների կողմից պայմանագրի կատարման հսկողության հետ կապված խնդիրները,
- գնումների պլանավորումից մինչև պայմանագրի կնքում ճանապարհին առաջացող օրենսդրական և ոչ օրենսդրական այլ խոչընդոտները,
- գնումների թափանցիկության հետ կապված խնդիրները,
- կողջունվեն համայնքային գնումների գործընթացին առնչվող հայտերը:
Դիմորդները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին․
- առնվազն 2 տարվա գործունեություն,
- առցանց ներկայություն՝ գործող կայք, ներգրավվածություն սոցցանցերում,
- լրատվամիջոց լինելու դեպքում էթիկայի մեխանիզմների առկայություն, և/կամ մասնակցություն ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնություններին,
- ՀԿ լինելու դեպքում՝ գործունեությունը Հայաստանի մարզերից որևէ մեկում,
- ակնկալվող ծրագրում ներգրավված անդամներից որևէ մեկը պետք է մասնակցած լինի 2023 թվականի դեկտեմբերի 9-10-ը ԻՔՄ կազմակերպած «Ինչպես վերահսկել պետական գնումները» թեմայով սեմինար-թրեյնինգին:
Դրամաշնորհի տևողությունը և բյուջեն
Դրամաշնորհային ծրագրերի առավելագույն տևողությունը երեք ամիս է (2024 թ-ի մարտի 1-ից մայիսի 31-ը), դիմելու վերջնաժամկետը` 2024 թվականի փետրվարի 8-ը, ժամը 15:00 (ներառյալ)։ Յուրաքանչյուր ծրագրի բյուջե չի կարող գերազանցել 3.7 միլիոն ՀՀ դրամը։
Մրցույթին դիմելու կարգը
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- լրացված հայտադիմում (ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ),
- ծրագրի մանրամասն բյուջե (ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ),
- կազմակերպության գրանցման վկայականի պատճենը,
- վերջին երեք տարում իրականացրած ծրագրերի ցանկը` նշելով աջակցություն տրամադրած կազմակերպության անվանումը, ծրագրի տևողությունն ու բյուջեն,
- լրատվամիջոց լինելու դեպքում՝ էթիկայի մեխանիզմների առկայության կամ ինքնակարգավորման մարմնի անդամակցության ապացույց:
Վերջնաժամկետ և կոնտակտներ
Հայտի ամբողջական լրացված փաթեթը խնդրում ենք ուղարկել [email protected] հասցեին։ Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է 2024 թվականի փետրվարի 5-ը:
Յուրաքանչյուր դիմորդ կարող է ներկայացնել միայն մեկ հայտ: Կազմակերպչական հարցերի դեպքում խնդրում ենք գրել Փիրուզա Պետրոսյանին՝ [email protected]:
Ընտրության չափանիշներ և արդյունքներ
Մրցույթին ներկայացված հայտերը գնահատելու և ընտրելու նպատակով ԻՔՄ-ն ձևավորելու է ընտրական հանձնաժողով։ Մասնակցության հայտերը կգնահատվեն՝ ըստ ծրագրի նկարագրության, տեխնիկական, ստեղծագործական չափանիշների, իրատեսականության և առաջարկվող բյուջեի։
«Ինչպես վերահսկել պետական գնումները» թեմայով սեմինար-թրեյնինգին մասնակցած անձ չներառող հայտերը չեն դիտարկվելու:
Հաշվի կառնվեն՝
- հայտի համապատասխանությունը, ներկայացված տեղեկությունների ամբողջականությունը, գործողությունների տրամաբանությունը, իրագործելիությունն ու ռիսկերի գնահատումը,
- ծրագրի բովանդակությունը, թեմաների արդիականությունն ու ստեղծագործական մոտեցումը, կառուցվածքը, ձևաչափը, առաջարկվող մեթոդաբանության համապատասխանությունը, լրատվամիջոցների դեպքում` նյութերի քանակն ու ընթերցումների կամ դիտումների կանխատեսվող քանակը,
- համապատասխան մասնագետների ներգրավվածությունը նախագծի իրականացման համար, այլ բաղադրիչների/ռեսուրսների առկայությունը,
- ծրագրի վրա աշխատողների շրջանում սեռերի հավասար ներկայացվածությունը,
- առաջարկվող ֆինանսական միջոցների և ժամկետների համապատասխանությունը ծրագրի բյուջեին և գործողություններին:
Մրցույթի չափանիշներին համապատասխանելուց բացի՝ լրատվամիջոցների դեպքում գնահատող հանձնաժողովը դիտարկելու է նաև լրատվամիջոցի խմբագրական անկախությունը, լրագրողական էթիկական չափանիշներին հետամուտ լինելը, ինչպես նաև ծրագրի թիմի հետ համագործակցության, փորձագետների հետ աշխատելու պատրաստակամությունը։
ԻՔՄ-ն ընտրական հանձնաժողովի հանձնարարությամբ կարող է առաջարկել դիմորդներին փոփոխություններ կատարել հայտերում, բյուջեում․ լրատվամիջոցի/ՀԿ-ի ներկայացուցիչը կարող է հրավիրվել լրացուցիչ հարցազրույցի։