Սահմանադրությունում կենացային դրույթները սպառնում են Հայաստանի անվտանգությանը. Դանիել Իոաննիսյան

Սահմանադրությունում կենացային դրույթները սպառնում են Հայաստանի անվտանգությանը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Ազատություն». – Քննարկվե՞լ է ձեր խորհրդում հրաժարվել Անկախության հռչակագրի հղումից:

Իոաննիսյան. – Երբեք նման քննարկումներ չեն եղել ոչ Սահմանադրական բարեփոխումների այս խորհրդում, որը գործում է շուրջ 2 տարի և ոչ էլ 2020 թվականին մոտ 8 ամիս գործած այն ժամանակվա մարմնում:

«Ազատություն». – Ոչ էլ հետագայո՞ւմ են ձեզ իշխանություններն ասել, որ պատերազմից հետո Ադրբեջանն է պահանջում հանել Սահմանադրությունից այդ դրույթը:

Իոաննիսյան. – Դեռևս նման քննարկումներ չեն եղել, նման հարց չի կանգնել խորհրդի ներսում, այսինքն այդ հարցը բերվել է օրակարգ վարչապետի վերջին հայտարարությամբ, որն ինքը արեց Արդարադատության նախարարությունից: Նման հարց խորհրդում երբեք չի քննարկվել: Սա ինչ-որ առումով մեր համար նոր հարց է: Ես ենթադրում եմ արդեն, որ այդ հարցը կբերվի խորհուրդ ու խորհրդում քննարկման առարկա կդառնա:

«Ազատություն». – Ո՞րն է ձեր դիրքորոշումը՝ հրաժարվե՞լ հղումից Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին և Հայոց ցեղասպանության:

Իոաննիսյան. – Քանի չի եկել, իհարկե, չեմ կարող ասել, նայած ինչպիսին կլինի առաջարկը: Բայց բավականին նեյտրալ վերաբերմունք ունեմ բոլոր տեսակի կենացային դրույթների մասին, այն դրույթների մասին, որոնք գործնականում ոչինչ չեն ապահովում, բայց կենացային բնույթ ունեն: Առավել ևս որ այդ կենացային բնույթ ունեցող դրույթները կարող են Հայաստանի անվտանգության համար սպառնալիքների լեգիտիմիզացիայի աղբյուր լինել, որովհետև մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը դա ևս օգտագործում է: Դա իր, իհարկե, հիմնական թեզը չի, նույնիսկ հիմնական թոփ մի քանի թեզերից մեկը չի, բայց թեզերի մեջ կա Հայաստանի նկատմամբ հնարավոր ապագա ագրեսիան լեգիտիմացնելու: Այս առումով եթե կենացը պետք է թշնամու ինչ-որ մի գործողություն լեգիտիմացնի, ապա արդյոք իմաստ ունի այդ կենացը: Ինձ համար շատ ավելի կարևոր են Սահմանադրության իրական կարգավորումները, այն կարգավորումները, որոնք կկանխեն երբևիցե դատական իշխանության զավթումը, կապահովեն անկախության մեխանիզմներ դատական իշխանության, անկախ մարմինների: Մենք Հայաստանում մեծ հաշվով չունենք և երբեք չենք ունեցել անկախ մարմիններ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

Առնչվող