Գոնե Փաշինյանը բավականին ազնիվ է ու հայտարարում է, որ կոռուպցիան իրենք արմատախիլ չեն արել, կոռուպցիան համատարած կա. Իոաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը

– Պարո՛ն Իոաննիսյան, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հրապարակած ամենամյա ինդեքսի համաձայն՝ Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը 2023-ին աճել է 1 միավորով՝ 47 է։ Սպասելի՞ էր այս ցուցանիշը, եթե հաշվի առնենք իշխանության հայտարարությունները կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ։

– Նախ եկեք արձանագրենք, որ 2023 թվականին, այո՛, մեկ նիշով բարելավվել է, ես, ճիշտն ասած, սպասում էի, որ ցուցանիշը նույնը կմնար, բայց, մեծ հաշվով, շատ չի տարբերվում իմ սպասումներից: Հիմնականում սա այն փոփոխությունների արդյունքն է, որոնք տեղի են ունեցել բարեվարքության ստուգման բաղադրիչում: Օրինակ՝ եթե նայենք 2023 թվականը 2022-ի համեմատ, ապա Հակակոռուպցիոն կոմիտեում բացասական բարեվարքությամբ մարդ չի նշանակվել, 2022-ին նշանակվել է, իսկ 2023-ին՝ ոչ, սա արդեն փոքրիկ դրական փոփոխություն է։

Որոշակի փոփոխություններ կան ՊԵԿ-ում, որոշակի առաջընթաց կա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերում, որովհետև, ի վերջո, ապօրինի գույքի բռնագանձման ինչ-որ գործեր հասան դատավարական փուլ, շատ չափավոր առաջընթաց կա հանցագործությունների դեմ պայքարի գործում։

Մեծ հաշվով, իշխանություններն ընդունում են այն խնդիրները, որ կան, Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին, կարծեմ Կառավարության նիստի ժամանակ, ասաց, բառացի չեմ հիշում, բայց միտքն այս էր, որ ով որտեղ ուզում, այնտեղ կաշառք է վերցնում, այսինքն՝ իշխանություններն ընդունում են, որ խնդիրը կա, խորքային է ու պետք է լուծվի։

– Իսկ կարո՞ղ էին արդյունքներն ավելի լավը լինեին։

– Իհարկե՛, սա նաև զեկույցով է արձանագրված, որ այն փոփոխությունները, որոնք սկսել են 2018-ին, կիսատ են, անավարտ են, ու, իհարկե, կան բազմաթիվ բաներ, որոնք ուղղակի իշխանության սխալի հետևանք են: Որոշ բաներ հետևանք են անվտանգային խնդրահարույց միջավայրի, բայց պետք չէ ամեն ինչ բարդել անվտանգային միջավայրի վրա, շատ բաներ ուղղակի իշխանության սխալների հետևանք են։

– Իսկ այդ սխալները միտումնավո՞ր են արվում, թե՞ ոչ կոմպետենտության հետևանք են։

– Երկուսն էլ, միտումնավոր սխալներ էլ կան, կան սխալներ էլ, որ ուղղակի ապուշությամբ են արվում։

– Միտումնավոր սխալների մասով կմանրամասնե՞ք, պարո՛ն Իոաննիսյան։

– Օրինակ՝ երբ որ աչք է փակում որոշ մերձավորների ակնհայտ կոռուպցիոն դրսևորումների վրա, երբ որ Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու, Տիգրան Ավինյանի հանցավոր արարքների՝ քաղաքապետի ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման համար քրեական հետապնդում չի իրականացվում, Արթուր Հովհաննիսյանի արարքին, երբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 4-ի նիստում ՄԻՊ թեկնածուների քննարկման ժամանակ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանի ականջ ու լեզու կտրելու սպառնալիքներին համարժեք արձագանք չտալը, դա կոռուպցիա է: Արարքները, միգուցե, ոչ միշտ են կոռուպցիոն, բայց թեև Տիգրան Ավինյանի արարքն ինքնին կոռուպցիոն էր՝ ընտրական հանցագործություն էր, մնացածի դեպքում արարքները կոռուպցիոն չէին, ավելի շատ խուլիգանական էին, եթե մենք խոսում ենք Ալեն Սիմոնյանի, Արթուր Հովհաննիսյանի դեպքերի մասին, բայց ինքնին քրեական հետապնդում չիրականացնելը կոռուպցիոն էր։

– Իսկ մեկ անձից կատարվող գնումների մասին ի՞նչ կասեք: Այդ մասին վերջին տարիներին բազմաթիվ մտահոգություններ հնչեցին:

– Ես մեկ անձից գնումները խնդիր չեմ համարում, դա այն դեպքում է, երբ որ մրցույթ չկա, բայց դրա մեջ ի՞նչն է խնդիր, երբեմն պետք է մեկ անձից գնել, դա նորմալ է։ Գնումների ոլորտում ես ավելի շատ խնդիրներ տեսնում եմ առաջադրանքների ձևավորման փուլում, հանձնման-ընդունման ժամանակ խնդիրների վրա աչք փակելու մեջ:

Միայն ես չեմ տեսնում, հունվարի սկզբին՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, ամբողջ երկիրը դա տեսավ, թե ինչպես մի օբյեկտ, որը ոնց որ թե հանձնել էին, տասը պաշտոնատար անձ ստորագրել էին, որ այդ օբյեկտը չափանիշներին համապատասխանում է, հետո եկել էր Նիկոլ Փաշինյանն ու պարզել, որ ոչ մի բանն էլ չի համապատասխանում։ Գնումների ոլորտում դրանք ավելի լուրջ խնդիրներ են, քան մեկ անձից գնումը, շատ հաճախ մեկ անձից գնումը բավական էլ հիմնավորված է, թե ինչու պետք է մեկ անձից լինի գնումը։

– Իսկ բարձրաստիճան պաշտոնյաների ձեռք բերած բնակարանները, որոնցից մի քանիսի մասով աղմկահարույց դեպքի ականատես եղանք, որքանո՞վ են նպաստել նման ցուցանիշ ունենալուն։

– Այո՛, հիշում ենք այդ դեպքերը, նույնը ես հիշում եմ վառ Սուրեն Պապիկյանի դեպքը, Ալեն Սիմոնյանի հետ կապված պատմություն կար, ու դրանք, իրոք, խնդրահարույց են։

– Որպեսզի նման դեպքեր չլինեն, Հայաստանում կոռուպցիան ռիսկերը նվազեն, կոռուպցիան իսկապես նվազի, իշխանությունն ի՞նչ քայլեր պետք է անի։

– Նախևառաջ պետք է սանդղակը բարձրացնի, որովհետև այն սանդղակով, որ հիմա իշխանությունը դրել է, Ալեն Սիմոնյանի ու Սուրեն Պապիկյանի բնակարանների պատմությունները առանձնապես խնդիրներ չէին։ Երկրորդ՝ իշխանությունը պետք է կարողանա իսկապես անկախ հակակոռուպցիոն ու դատական մարմիններ ստեղծել, որոնք կաշկանդված չեն լինի նրանով, թե ով է կոռուպցիոն արարք կատարողը։

– Պարո՛ն Իոաննիսյան, եթե համեմատելու լինեք նույն այս իշխանության կողմից այդքան չարչրկված «նախկին թալանչիների ժամանակի» կոռուպցիան ու այս իշխանության, որոնք հեղափոխական արժեքներ քարոզելով եկան, ի՞նչ գնահատական կտաք։

– Մեծ հաշվով, իհարկե, համեմատել պետք չէ, որովհետև մենք հիմա ինչքան էլ խոսենք, պայմանականորեն, Սուրեն Պապիկյանի բնակարանի հետ կապված խնդիրներից, միևնույն է, դա սար ու ձորի տարբերություն ունի Սեյրան Օհանյանի Վահագնի թաղամասի չգիտեմ քանի հարկանի շենքի հետ։ Այն, որ ներկայիս պաշտոնյաների մասով մենք խնդիրներ ենք տեսնում, միևնույն է, անհամեմատելի է նախահեղափոխական ժամանակաշրջանի հետ։

– Պարո՛ն Իոաննիսյան, լիահո՞ւյս եք, որ իշխանությունն իսկապես կանի ամեն ինչ, որ կոռուպցիան մեզանում, չասեմ՝ արմատախիլ արվի, գոնե նվազագույնի հասցվի։

– Կոռուպցիան արմատախիլ չեն արել, գոնե Նիկոլ Փաշինյանը բավականին ազնիվ է ու հայտարարում է, որ կոռուպցիան իրենք արմատախիլ չեն արել, կոռուպցիան համատարած կա։ Համակարգային չէ, բայց համատարած է հաստատ, բայց քաղաքական կամքի ու հմտության պարագայում հնարավոր է կոռուպցիան վերացնել։ 

Առնչվող