Դատապարտում ենք Դանիել Իոաննիսյանին պատկանող ավտոմեքենայի հրկիզման փորձը

Այսօր՝ 2024 թվականի փետրվարի 9-ին, մամուլում տարածվեց տեղեկություն այն մասին, որ փորձ է արվել հրկիզելու «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին պատկանող ավտոմեքենան։ Մարդու իրավունքների տուն Երևանի հետ զրույցում Դանիել Իոաննիսյանը հայտնել է, որ դեպքը կապում է Փաստերի ստուգման հարթակի կողմից իրականացված հետաքննություններից մեկի՝ «Ինչպես է Արցախի ՆԳ նախարարն «իրենով արել» ծառայողական շուրջ 20 ավտոմեքենաները» հետաքննական նյութի հետ։ Ավտոմեքենայի հրկիզման փորձն առանձնանում է վտանգավորությամբ հատկապես այն առումով, որ ավտոմեքենան կայանված է եղել Դ․ Իոաննիսյանի բնակության վայրում, ինչը հնարավոր հետագա վտանգ կարող է ստեղծել ոչ միայն Իոաննիսյանի, այլև նրա ընտանիքի անդամների համար։

ՄԻՏ Երևանը խստորեն դատապարտում է Դ․ Իոաննիսյանի նկատմամբ դիտավորությամբ կատարված ենթադրյալ հանցավոր արարքը՝ հատկապես նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշված արարքն ամենայն հավանականությամբ կատարվել է Իոաննիսյանի կարևոր իրավապաշտպան գործունեության կապակցությամբ և, ըստ էության, նրան և հայաստանյան կարևորագույն հետաքննական հարթակներից մեկը լռեցնելու փորձ է։

Հաշվի առնելով հետաքննական լրագրության կարևոր դերը կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարում, ինչպես նաև իրավապաշտպան գործունեության առաքելությունն իրավունքի գերակայության ապահովման և ժողովրդավարության կայացման գործում, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության ստանձնած դրական միջազգային պարտավորություններն իրավապաշտպաններին ու ակտիվիստներին, լրագրողներին ու լրատվամիջոցններին պաշտպանելու և աջակցելու ուղղությամբ, հաշվի առնելով իրավապաշտպաններին ու հանրային մասնակցության մեջ ընդգրկված այլ անձանց հանրային աջակցություն տրամադրելու, ինչպես նաև նրանց նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ դեպքերի անհապաղ, անաչառ ու օբյեկտիվ քննություն իրականացնելու պետության պարտավորությունների վերաբերյալ առկա միջազգային ստանդարտները՝ ՄԻՏ Երևանը

  • կոչ է անում ՀՀ դատախազությանն ու ոստիկանությանը հարուցել հանրային քրեական հետապնդում Դանիել Իոաննիսյանին պատկանող ավտոմեքենայի հրկիզման փորձի փաստի առիթով՝ ապահովելով գործի անաչառ ու համակողմանի քննությունը՝ հանցանք կատարած անձին պատասխանատվության կանչելու և նմանատիպ արարքները հետագայում կանխարգելելու նպատակով․
  • կոչ է անում ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ կառավարությանն ու այլ պատկան մարմիններին հրապարակայնորեն դատապարտել Դանիել Իոաննիսյանի նկատմամբ կատարված ենթադրյալ հանցավոր արարքը՝ ընդգծելով իրավապաշտպանների ու հետաքննող լրագրության կարևոր դերը ժողովրդավարության ամրապնդման ու իրավունքի գերակայության ապահովման, կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի դեմ մղվող պայքարում։

Մարդու իրավունքների տուն Երևան

Առնչվող