«Կրիմինալ ռազբորկա»․ մարտաֆիլմ հիշեցնող դեպքի մասին ահազանգողը պնդում է՝ ոստիկանները սպառնացել են

Երևանի Ֆուչիկի փողոցի բնակիչները սարսափից ուշքի չեն գալիս․ քաղաքի այս հատվածում զինված խմբերը մարտի 15-ի գիշերը հարցեր են պարզաբանել մարտաֆիլմի մոտիվներով։

Քննչական կոմիտեից Factor TV-ին փոխանցում են, որ լայնածավալ քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվում միջադեպի մանրամասները բացահայտելու ուղղությամբ։ Կառույցը քրեական գործ է հարուցել՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով մի խումբ անձանց կողմից սպանության փորձի և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հոդվածներով:

Իսկ թե ինչո՞ւ է Երևանում հայը հայի դեմ հրազեն, նռնակ ու այլ զինատեսակներ կիրառել, դեռ որևէ վարկած չի հրապարակվում։ Պատճառների մասին Ֆուչիկի փողոցում բնակվողները ևս տեղեկություն չունեն, միայն հաշվել են՝ որ տեսակից քանի կրակոց է արձակվել։

Ֆուչիկի փողոցում հիմա այս պատկերն է, գրեթե ամենուր կրակված փամփուշտների ու պայթած նռնակի հետքեր են։ Բնակիչների խոսքով՝ իրենք ականատես են եղել անկանոն կրակահերթերի, գնդակները հասել են մինչև երրորդ հարկ, վնասել ապակիները։

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը տեղեկություններ ունի, թե ովքեր են կրակողները։ Նրա խոսքով՝ ոստիկանությունն անգործություն է ցուցաբերել, չի կանխել հանցագործությունը՝ իմանալով, որ խմբերը զինված են։ Ավելին, Ֆուչիկի փողոցից ոստիկանություն ահազանգած երիտասարդը, որի ինքնությունը, իր իսկ անվտանգության նկատառումներից ելնելով, չենք բացահայտում, պատմում է՝ Մաշտոցի բաժնում իրեն կնոջ աչքի առաջ բռնությունների են ենթարկել։ Նրա փոխանցմամբ՝ այս իրավիճակը շարունակվել է շուրջ 15 րոպե, իսկ ենթադրյալ բռնություն կիրառողները ներկայացել են ոստիկանության Երևանի քաղաքային վարչության ծառայողներ՝ չնշելով անուններն ու պաշտոնները։

ՆԳն մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն այս առնչությամբ Factor TV-ին հայտնեց, որ ուսումնասիրվում է քաղաքացուն բռնության ենթարկվելու մասին ահազանգը։ Եվ չնայած Երևանում զենքի գործադրմամբ ինքնադատաստանի ու հաշվեհարդարների պակաս չկա՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը լավատես է։ Նա վերջերս դարձյալ պնդել էր, թե Հայաստանն աշխարհի անվտանգ երկրների ցանկում 7-րդն է։

Արդյո՞ք կպարզվի բռնությունների իրական պատճառը, արդյո՞ք բոլոր մեղավորները պատասխանատվություն կկրեն, ցույց կտա ժամանակը։ Մինչ այդ, բաց է մնում հարցը՝ ոստիկանությունում բարեփոխումների մասին հայտարարած իշխանությունն արդյո՞ք ունի բավարար քաղաքական կամք՝ հենց ոստիկանության ներսում բռնություններն արմատախիլ անելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Առնչվող