Հայաստանի սև ինքնափիարը ՄԱԿ-ում

ՀՀ կառավարությունը, ըստ ամենայնի, որոշել է Միացյալ Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի անդամների շրջանակում Հայաստանը հավերժ դասել Զիմբաբվեի, Սուդանի, Կամբոջայի, Բելառուսի և մի շարք այլ ժողովրդավարության ու միջազգային հարգանքի տեսանկյունից «Ճ» կլասի պատկանող երկրների շարքին:

Այս անգամ Հայաստանը դեմ է քվեարկել Ղրիմում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ բանաձևին, որը ՄԱԿ-ի սոցիալական, մարդասիրական եւ մշակույթի հարցերով երրորդ հանձնաժողովի դիտարկմանն էր ներկայացրել Ուկրաինան: Քվեարկությունից մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 11-ին Սերժ Սարգսյանն ուկրաինական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել էին իրենց համագործակցությունը ՄԱԿ-ի շրջանակներում: Ըստ ամենայնի Պորոշենկոն Սարգսյանին փորձել էր համոզել ընդունել չեզոք դիրքորոշում:

Արտաքին քաղաքական ինքնավարություն

Հայաստանի հերթական բացահայտ պրո-ռուսական քվեարկությունը ՄԱԿ-ում ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը ամբողջովին կորցրել է իր արտաքին քաղաքական անկախությունը: 2014 թ. մարտի 27-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի՝ Ղրիմի Ռուսաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ հանրաքվեի անօրինական ճանաչելու վերաբերյալ բանաձևի քվեարկությունից հետո Հայաստանի ներսում բողոքի ալիք էր բարձրացել: Այն ժամանակ քաղաքացիական հասարակությունը միաձայն ՀՀ կառավարությանը մեղադրում էր Ռուսաստանի «դուդուկի տակ պարելու մեջ»: Անցել է երկու տարի, որոնց ընթացքում բազմիցս ականատես ենք եղել Կրեմլի հակահայկական քաղաքականությանը, սակայն ՀՀ կառավարությունը դեռևս շարունակում է նույն վտանգավոր քաղաքականությունը՝ նույն դուդուկի մեղեդու տակ:

Արդարացու՞մ, թե սև փիար

Որոշ քաղաքական օղակներ փորձում են արդարացնել ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի հակաուկրաինական «Զիմբաբվե-Սուդան-Հյուսիսային Կորեա» ոճի պահվածքը նրանով, որ Ուկրաինան էլ իր հերթին ունի հստակ պրո-ադրբեջանական կողմնորոշում: Նմանօրինակ արդարացումը ընդունելի կլիներ, եթե խոսքը գնար միայն Կիև—Երևան երկկողմանի հարաբերությունների մասին: Այդուհանդերձ, ՄԱԿ-ում Ղրիմի վերաբերյալ որևէ հարցի շուրջ քվեարկությունը հեռու է զուտ հայ-ուկրաինական երկկողմանի հարաբերությունների մաս լինելուց: Այսօր Ղրիմին և ռուս-ուկրաինական առճակատմանը վերաբերվող ցանկացած հարց շատ զգայուն ու աղմկահարույց է միջազգային քաղաքական ասպարեզում: Հետևաբար ՄԱԿ-ի շրջանակներում հակաուկրաինական քվեարկությունից ավելի վատ PR Հայաստանի համար չի կարող լինել: Երբ ողջ ԵՄ անդամ երկրների կառավարություններն ու Հայաստանի բազմաթիվ դաշնակիցներն ունեն հստակ պրո-ուկրաինական դիրքորոշում, բացահայտ հակաուկրաինական և պրոռուսական դիրքորոշումները միջազգային հանրությանը Հայաստանի դեմ են տրամադրում:

Նմանօրինակ քայլերը հստակ ցույց են տալիս միջազգային հանրությանը, որ Հայաստանը հստակ հետընթաց է ապրել: Թվում է, թե ՀՀ կառավարությունը իր առջև նպատակ է դրել ՄԱԿ-ի անդամներին համոզել, որ Հայաստանը 2013 թ.-ից այս կողմ այլևս ինքնիշխանություն չունի: Ընդ որում, Հայաստանը նմանօրինակ իրավիճակներում միշտ ունի չեզոք դիրք գրավելու, այն է՝ ձեռնպահ քվեարկելու իրավունք, ինչպես, օրինակ Ղրղզստանն այս անգամ:

Եվ ընդունելի չեն այն հակափաստարկները, թե իբր Ղրիմը նախադեպ է Արցախի համար, քանի որ աշխարհում որևէ մեկը չի ճանաչում Ղրիմի բռնակցումը, իսկ Ռուսաստանը դրա պատճառով լուրջ խնդիրներ ունի… Մի իրավիճակ, որում չէինք ցանկանա տեսնել Հայաստանն ու Արցախը:

 

 Աննա Փամբուխչյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող