Հայաստանի հեղինակությունն ու Ռուսաստանի խաղերը Սիրիայում

Հայաստանը կարծես թե ներգրավվում է հերթական վտանգավոր խաղի մեջ: Մի կողմից Հայաստանը ընդունում է պատվիրակություններ Սիրիայից, մյուս կողմից ռուսական լրատվամիջոցները լուրեր են տարածում, որ հայ խաղաղապահները կարող են ներգրավվել Սիրիայի հակամարտության մեջ:

Սիրիայի կառավարությունն ու Հայաստանի ինքնիշխանությունը

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 29-ին ընդունել է Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ Օմար ալ-Արաբիին և Ալան Բաքերիին: Շարմազանովը այս հանդիպման ընթացքում ընդգծել էր Հայաստանի դիրքորոշումը ահաբեկչության դեմ պայքարում և վստահեցրել, որ հայ խորհրդարանականները պատրաստ են միջազգային տարբեր հարթակներում իրենց ձայնը բարձրացնել սիրիական խնդրի խաղաղ կարգավորման համար: Նմանօրինակ հայտարարությունները ուշագրավ են, եթե հաշվի առնենք, որ Սիրիայի շուրջ ցանկացած քննարկում միջազգային հարթակներում բավականին զգայուն է:

Հարց է առաջանում՝ Շարմազանովը ինչ նկատի ունի «իրենց ձայնը» արտահայտության տակ: Եթե խոսքը միայն ահաբեկչության դատապարտման մասին է, ապա կարծես թե ամեն ինչ հստակ է՝ բոլոր երկրներն էլ դատապարտում են ահաբեկչությունը, սակայն եթե «ձայնը» ի պաշտպանություն սիրիական կառավարությանն է, ապա Հայաստանի համար դա հերթական վտանգավոր խաղն է, քանի որ կոֆլիկտն այդ երկրում սկսեց խաղաղ ցույցերի նկատմամբ կիրառված բռնությունների և ժողովրդավարության բացակայության պատճառով: Սակայն այս խաղը նախ և առաջ վտանգավոր է նրանով, որ կարող է հերթական անգամ միջազգային դիվանագիտական շրջանակներում Հայաստանը ներկայացնել որպես ինքնիշխանությունից ու անկախ արտաքին քաղաքականությունից զուրկ ՌԴ խաղալիք:

Հայ խաղաղապահներն ու Մոսկվայի «խաղերը»

Ռուսաստանյան հեղինակավոր «Նեզավիսիմայա Գազետա» թերթը նոյեմբերի 30-ին հրապարակել էր հոդված Սիրիայի հակամարտության վերաբերյալ, որում չի բացառում, որ մոտ ժամանակներում այս երկրում առկա ուժերին կմիանան նաև ՌԴ և Սիրիայի դաշնակից երկրներից ոմանք: Այդ դաշնակիցների ցանկում հիշատակվում է նաև Հայաստանը: Ընդ որում, սա առաջին անգամը չէ, որ ռուսական լրատվամիջոցները նմանօրինակ լուրեր են տարածում:

ՀՀ խաղաղապահների մասնակցությունը սիրիական հակամարտությանը ռուսական լրատվամիջոցները խրախուսում են դեռևս 2014 թվականից, հետևաբար կա հավանականություն, որ «Նեզավիսիմայա Գազետայի» հոդվածը պարզապես փորձում է ստուգել հայկական կողմի արձագանքը կամ միջազգային հանրության առաջ ներկայացնել Հայաստանը որպես Ռուսաստանի ենթակա՝ բացարձակապես բոլոր հարցերում:

Թեև քիչ հավանական է, որ այս հայտարարությունը ճշմարտացի է, ապա դա միանշանակ վտանգավոր է ՀՀ միջազգային հեղինակության համար՝ թե արևմուտքում, և թե արևելքում: Բացի արևտմյան երկրների առջև Հայաստանին որպես Ռուսաստանի ենթակա ներկայացնելուց՝ այսպիսի սցենարը հավելյալ ուշադրություն է գրավում Հայաստանի վրա իսլամական երկրների կողմից: Հաշվի առնելով, որ որպես հարևան իսլամադավան պետության հետ կոնֆլիկտ ունեցող Հայաստանը նախկինում էլ պարբերաբար քննադատվել է մի շարք իսլամական երկրների կողմից՝ Սիրիայի կոնֆլիկտի մեջ ներքաշվելը ամենախելամիտ որոշումը չէ:

ՀՀ կառավարությունը, Մոսկվայի հրահրմամբ Սիրիա խաղաղապահներ ուղարկելու փոխարեն, ավելի ճիշտ որոշում կկայացնի, եթե օժանդակի սիրիահայերին տեղափոխվել Հայաստան, քանի որ խաղաղության հոտ դեռևս այդ երկրից չի գալիս:

Հանրագումարի բերելով ասվածը, նկատենք, որ այսպիսով Ռուսաստանը Սիրիայում վարած իր քաղաքականությունը լեգիտիմացնելու նպատակով փորձում է Հայաստանին ներքաշել սիրիական հակամարտության մեջ, սակայն սա շատ վտանգավոր խաղ է Հայաստանի միջազգային հեղինակության և անվտանգության համար:

 

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Առնչվող