- 8 Մայիսի, 2017
- Չդասակարգված
Հայկական իրականության մեջ, Երկրորդ Համաշխարհային պատերազմի 1941թ. հունիսի 22-ին սկսված փուլն ընդունված է անվանել Հայրենական Մեծ պատերազմ՝ ընդդեմ ֆաշիստական ագրեսիայի: Փորձենք փաստերով հասկանալ, թե որքանո՞վ են այդ պնդումներն արդարացված։
Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը
1939թ. օգոստոսի 23-ին, ֆաշիստական Գերմանիայի և Սովետական միության արտաքին գործերի նախարարներ Իոախիմ ֆոն Ռիբենտրոպը և Վյաչեսլավ Մոլոտովը կնքեցին «Փոխադարձ չհարձակման» պայմանագիրը, որը կոչվեց կնքողների ազգանուններով՝ «Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ»:
Ինչպես հետո պարզվեց այն ուներ գաղտնի մաս, որը ենթադրում էր Եվրոպայի նոր բաժանում: Այսպես, համաձայն այդ պայմանագրի, ԽՍՀՄ-ը ստանում էր Մերձբալթիկան (բացառությամբ Լիտվիայի), Լեհաստանի ու Ռումինիայի մի մասը: Համաձայն նույն պայմանագրի, ԽՍՀՄ-ի «հետաքրքության գոտի» էր դառնում նաև Ֆինլանդիան:
Արձանագրության 4-րդ կետով կողմերը պարտավորվում էին այն չհրապարակել: ԽՍՀՄ Գերագույն խորհուրդն այս պակտը հաստատեց օգոստոսի 31-ին: Ինչից անմիջապես հետո, սեպտեմբերի 1-ին հիտլերյան Գերմանիան հարձակվեց արևմտյան Լեհաստանի վրա: Իսկ սեպտեմբերի 17-ին Կարմիր բանակը մտավ Լեհաստանի արևելյան մասեր: Սեպտեմբերի 28-ին Լեհաստանի բաժանումն ավարտվեց «Բարեկամության և սահմանների մասին» պայմանագրով, որը կնքվեց ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև: Այս պայմանագիրը ևս ուներ երկու գաղտնի կետ, համաձայն որոնց Լիտվան անցնում էր ԽՍՀՄ հետաքրքրությունների շրջանակ (բացառությամբ Սուվալյան մարզի):
Եվրոպական մի շարք երկրներ զավթելուց հետո 1939 թվականի նոյեմբերի 30-ին Սովետական միությունը հարձակվեց Ֆինլանդիայի վրա, որի համար, որպես ակնհայտ ագրեսոր երկիր, ԽՍՀՄ-ը հեռացվեց Ազգերի Լիգայից: Չնայած այն հանգամանքին, որ մարտի 12-ին կնքված պայմանագրով Ֆինլանդիան համաձայնվեց Վիբորգ քաղաքը փոխանցել ԽՍՀՄ-ին, այդուհանդերձ, վերջինս մարտի 13-ին հարձակվեց Վիբորգի վրա՝ խախտելով նախորդ օրը կնքված խաղաղության համաձայնագիրը:
1940 թվականի հունիսի 14-ին ԽՍՀՄ ղեկավարությունը վերջնագիր ներկայացրեց Լիտվային, իսկ հունիսի 16-ին` Լատվիային և Էստոնիային: Հունիսի 15-ին, խորհրդային կարմիր բանակի ուժերը մտան Լիտվիա, իսկ հունիսի 17-ին՝ Լատվիա և Էստոնիա: Շատ արագ վերջ տրվեց մերձբալթյան այդ երկրների անկախությանը, իսկ դրան դիմադրող տասնյակ հազարավոր մարդիկ աքսորվեցին:
1940թ. հունիսի 26-ին Մոլոտովը ԽՍՀՄ-ում Ռումինայի դեսպանին հանձնեց խորհրդային կառավարության հայտարարությունը, որով նրանք պահանջում էին Բեսսարաբիան և Բուկովինայի հյուսիսային շրջանը: Վախենալով պատերազմից՝ հունիսի 27-ին Ռումինիայի արքայական խորհուրդը որոշեց բավարարել ԽՍՀՄ պահանջները և նրանց հանձնել վերոնշյալ տարածքները: Այս տարածքներում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո աքսորվեց 29․839 մարդ:
Ավելորդ չէ հիշեցնել, որ Ռիբենտրոպ-Մոլոտով պակտն ուներ կետ, համաձայն որի կողմերը չէին մտնում ռազմաքաղաքական դաշինքի մեջ երրորդ երկրների հետ, եթե դրանք սպառնում էին կողմերից մեկին: Անգլիայի և Ֆրանսիայի ջանքերը ԽՍՀՄ-ի հետ դաշինք կազմել ընդդեմ Գերմանական ագրեսիայի լիակատար ձախողվեցին մինչև 1941թ.:
Իրար արժանի ագրեսորները
Ինչպես տեսնում ենք, մինչ 1941թ. հունիսի 22-ը ԽՍՀՄ-ը ֆաշիստկան Գերմանիայի նման զբաղված էր հարևան երկրների վրա հարձակվելով և իր տարածքներն ընդլայնելով: Գերմանիան այդ ընթացքում հարձակվեց Լեհաստանի, Բելգիայի, Հոլանդիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի ու Մեծ Բրիտանիայի վրա, Իսկ Սովետայան միությունը՝ Լեհաստանի, Ֆինլանդիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի վրա և ագրեսիայի սպառնալիքով խլեց Ռումինիայի մի մասը: Որակական տարբերություն չկա:
Երկու ռազմական գերտերությունների բախումը պատմական օրինաչափություն էր, այլ ոչ թե «ուխտադրուժ Գերմանիայի հարձակում», ինչպես ներկայացվում է խորհրդային քարոզչամեքենայի կողմից և շարունակվում է ներկայացվել մինչ օրս: Տրամաբանական էր, որ երբ երկու ագրեսոր կայսրություններ փորձում են ձեռք բերել հեգեմոնիա, և այդ ճանապարհին գրավում են Եվրոպայի հսկայական մասը, վաղ թե ուշ բախվելու են միմյանց, քանի որ ընդլայնվելու այլ տարբերակ չկար:
Իսկ այդ տարածքներում ապրող տասնյակ ժողովուրդների կամքն ու իրավունքները չէր հետաքրքրում ոչ Սովետական միությանը, ոչ էլ ֆաշիստական Գերմանիային:
Վահրամ Թոքմաջյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»