- 10 Ապրիլի, 2025
- Հաղորդագրություններ

«Իրազեկ քաղաքացների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ելույթը «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումներին․
«Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, հարգելի պարոն փոխվարչապետ,
Երթևեկության անվտանգության կոնտեքստում ես կուզեի խոսել պետության և քաղաքացիների հարաբերությունների մասին և հարաբերությունների՝ հենց այս կոնտեքստում, որը, կարծում եմ, անբաժանելի մաս է, որովհետև, այո, շատ է քննարկվում բազմաթիվ կարգավորումների հարցը: Բայց շատ կարևոր է այս թեմայի գաղափարական մասը և այս թեմայի շուրջ պետության և քաղաքացիների հարաբերությունների հարցը:
Մենք «Իրազեկ քաղաքացիների միավորումում» առանձնացրել ենք մի քանի խնդիրներ, որոնց կուզեի այսօր անդրադառնալ: Մեկը իրավապահների օրինական պահվածքի հարցն է: Մասնավորապես, այստեղ առանձնացրել ենք մի քանի կետ: Առաջինը վերաբերում է, այսպես կոչված, օպերատիվ համարանիշներին և «հատուկ կտրոններին», որոնք երբեմն չարաշահվում են և երբեմն, ըստ էության, իրավապահներն իրենց թույլ են տալիս երթևեկության այնպիսի խախտումներ, որոնք այլ քաղաքացիները չեն իրականացնում կամ, իրականացնելու դեպքում, վարչարարության են ենթարկվում, և սա, կարծում եմ, վատ օրինակ է հանրության համար:
Մյուսը մի շարք իրավապահ մարմինների շենքերի, շինությունների մոտ տիրող՝ օրինականության հետ կապված իրավիճակն է, և սա վերաբերում է տարբեր իրավապահ մարմինների՝ սկսած դատախազությունից, քննչական մարմիններից, ԱԱԾ, ոստիկանություն․․․ հաճախ տեսնում ենք, որ այդ շենքերի հարակից հատվածներում մեքենաները կայանված են մայթերի վրա, մեքենաները կայանված են տարբեր տեղեր, և սա, կարծում եմ, ևս շատ վատ օրինակ է քաղաքացիների համար, թե ինչպիսին, առհասարակ, պետք է լինի իրավապահը:
Երրորդ խնդիրը վերաբերում է ՆԳՆ, ոստիկանության ծառայողների կողմից, իրենց պարտականությունները կատարելու սահմաններում, երթևեկության կանոնների խախտման հիմքով կարգապահական վարույթների հարցին, որը ժամանակին կար: Այսինքն, ժամանակին ծառայողների նկատմամբ կարգապահական վարույթներ էին իրականացվում, և գոնե պարզվում էր՝ այդ ծառայողը երթևեկության կանոնը խախտել է իրապե՞ս ծառայության անհրաժեշտությունից ելնելով, թե՞ ոչ, բայց հիմա՝ վերջին տարիներին, բոլոր վարույթների հարուցումը համատարած մերժվում է, և առհասարակ, Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում չի էլ քննարկվում՝ այս խախտումն արվել էր ծառայողակա՞ն անհրաժեշտությունից ելնելով, թե՞ ոչ:
Եվ, իհարկե, այստեղ վերջին կետը վերաբերում է նեպոտիզմին, որը, ամեն դեպքում, կա, և մենք հաճախ տեսնում ենք, որ վարչարարությունը տարբեր ազդեցիկ անձանց նկատմամբ, այդ թվում՝ ուժային կառույցների ծառայողների, ուժային կառույցների բարձրաստիճան ծառայողների հարազատների նկատմամբ այլ է, քան այլ քաղաքացիների կատմամբ: Սրա մասին տեղեկությունները շատ են, և ընդ որում, վերջին շրջանում կան տեղեկություններ՝ կապված ոստիկանության բարձրաստիճան ծառայողների, բարձրաստիճան պաշտոնյաների հարազատների կողմից կատարված և արդեն նույնիսկ արձանագրված խախտումների բեկանման հետ, որտեղ տեսնում ենք, որ երբեմն այդ բեկանումները, մեղմ ասած, այնքան էլ հիմնավոր չեն:
Խնդիրների հաջորդ խումբը վերաբերում է վարչարարության միասնական մոտեցման բացակայությանը: Մենք «Իրազեկ քաղաքացիների միավորումում» ուսումնասիրել և տեսել ենք, որ ոստիկանության Պարեկային ծառայությունում միասնական մոտեցում համարյա չկա, և քաղաքացու համար պետությունն ինչ-որ առումով անկանխատեսելի է դառնում: Մենք տեսնում ենք, որ, օրինակ, Երևան քաղաքի Պարեկային ծառայության գնդի չորս գումարտակների մասով էապես տարբերվող վիճակագրություն է: Այն գումարտակներում, որոնց հրամանատարները նախկինում ճանապարհային ոստիկան են եղել, օրինակ, շատ ավելի բարձր են արձանագրված ՃԵԿ խախտումները, բայց այն գումարտակներում, որտեղ ծառայողները նախկինում ոչ ճանապարհային ոստիկաններ են եղել, շատ ավելի բարձր է հանցագործությունների բացահայտումը, ցածր է ՃԵԿ խախտումների արձանագրումը, և ՃԵԿ խախտումների արձանագրումը գումարտակից գումարտակ 40 տոկոսի տարբերություն ունի, թեև այդ գումարտակները հավասար ծավալի ծառայություն են իրականացնում: Եվ սա նորից խոսում է այն մասին, որ նույնիսկ Երևան քաղաքի գնդում միասնական մոտեցում չկա:
Եվ նաև մարզային գումարտակներում: Տեսնում ենք, որ մի շարք ցուցանիշներ մարզային գումարտակներում շատ տարբեր են: Օրինակ՝ եթե նայենք հենց պարեկի կողմից բեկանվող ակտերի վիճակագրությունը, ինչը պետք է որ հավասար լիներ, մենք տեսնում ենք, որ մարզեր կան, որտեղ երկու տոկոսն է բեկանվում, մարզեր կան, որտեղ ինը տոկոսն է բեկանվում: Եվ սա ևս խոսում է այն մասին, որ միասնական մոտեցում չկա:
Հաջորդ խնդիրը այն է, որ պարեկները երբեմն անտեսում են խախտում անող վարորդներին, քանի որ ներգրավված են կանոնադրությամբ չնախատեսված գործառույթների իրականացման մեջ, օրինակ՝ երբ պարեկը ներգրավված է ուղեկցման մեջ և պետք է ուղեկցում սպասարկի, իր ներկայությամբ կարող է «բեսպրեդել» լինել, նա ստիպված կլինի չարձագանքել, այլ տեղում կանգնած մնալ, և սա կողմից նայող քաղաքացիների մոտ շատ վատ տպավորություն է ստեղծում, որ, այ, Հայաստանում նորից անպատժելիություն է, էսպես է, էնպես է․․․ այդպիսի տպավորություն է ստեղծվում, ինչը բավականին խնդրահարույց է և, իհարկե, ընդհանուր առմամբ անդրադառնում է վարորդական կարգապահության վրա:
Եվ նաև վերջին ենթախնդիրը այս խմբի այն է, որ պարեկները հաճախ, ներեցեք բառապաշարս, հավես չեն ունենում իրավախախտների հետևից գնալու, իրավախախտներին վարչարարության ենթարկելու, առավել ևս, եթե զգում են, որ սա ինչ-որ, կոպիտ ասած, թափով մարդ է, կարող է հանկարծ ինչ-որ խնդիրներ ստեղծել իրենց համար: Սա, նորից, տարբերվում է գումարտակից գումարտակ, կան գումարտակի հրամանատարներ, որոնք այլ միջավայր են ստեղծում, բայց կան այնպիսի գումարտակի հրամանատարներ, որոնք իրենց ենթակաների մոտ չեն ստեղծում այնպիսի միջավայր, այնպիսի տպավորություն, որ իրենք կանգնած են իրենց ենթակաների մեջքի հետևում: Եվ սա ևս էական խնդիր է:
Այս հարցը պետք է լուծվեր նաև Պարեկային ծառայության մոնիտորինգի կողմից, որը պետք է պատշաճ վերահսկեր և գնար այն պարեկների հետևից, որոնք տեսնում, բայց ոչինչ չեն ձեռնարկում երթևեկության կանոնների խախտման դեպքերով: Ցավոք, մենք տեսնում ենք, որ մոնիտորինգի ծառայությունն իր գործառույթները պատշաճ չի կատարում:
Նաև իմպլեմենտացիայի առումով: Այս վերջին ենթախնդրի տակ շատ օրինակներ կան, օրինակ՝ ձմեռային անվադողերի մասով: Բոլորս ականատես եղանք, դրա մասին շատ լուսաբանվեց, որ, այ, կառավարությունը 2007 թվականի 955 որոշման հավելվածի մեջ փոփոխություն է կատարել, ձմեռային անվադողերի հետ կապված կարգավորումներ է մտցրել, բայց հետո երբ նայում ենք վիճակագրությանը, թե ՀՀ-ում քանի վարորդ է վարչարարության ենթարկվել իքս ժամանակահատվածում ոչ ձմեռային անվադողերով երթևեկելու կամ այդ կարգավորումները խախտելու համար, տեսնում ենք, որ կառավարության որոշման իմպլեմենտացիան համարյա չի իրականացվել:
Եվ մի քանի խնդիր մենք նաև առանձնացրել ենք օրենսդրության հետ կապված: Իրականում, օրենսդրության հետ կապված խնդիրները շատ են, և սա չեմ ուզում նշել որպես ամբողջականություն, բայց մի քանի խնդիր կնշեմ:
Մեկը այն է, որ պատժիչ մեխանիզմներ ապահովող օրենսդրությունը՝ քրեական օրենսդրությունը և վարչական իրավախախտումների օրենսգիրքը, ըստ էության, խրախուսում են մարդկանց, որ չստանան վարորդական վկայական, որովհետև գործող կարգավորումներով, եթե դու չունես վարորդական վկայական, դու չես կարող զրկված վարորդականով մեքենա վարելու համար քրեական պատասխանատվության ենթարկվել: Դու կարող ես վարորդական վկայական չունենալով վարել, վարել, բռնում են, տուգանում են, մուծում ես, էլի քշում ես: Եվ պետությունը որևէ լուրջ լծակ այսպիսի պահվածքով վարորդների նկատմամբ չունի, այնինչ վարորդական իրավունքից զրկված վարորդների համար, որոնք ստացել են վարորդական վկայական, բայց զրկվել են, այսինքն, համեմատաբար ավելի օրինական պահվածք են դրսևորել, ավելի լուրջ գործիքակազմ ունի:
Այս հարցը մեկ անգամ ևս լսումների ժամանակ քննարկվել է, և կարծում եմ, որ ամեն դեպքում պետք է քրեական օրենսդրությունում փոփոխություններ կատարվեն:
Եվ հաջորդ հարցը վերաբերում է նրան, որ մի շարք արարքներ, որոնք աշխարհի տարբեր երկրներում արդեն, ըստ էության, զանցանք են համարվում, Հայաստանում դեռևս որևէ կերպ պատժելի չեն: Օրինակ՝ վտանգավոր երթևեկությունը, որը Հայաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքով սահմանված առանձին արարք չէ, բայց աշխարհի շատ երկրներում ոչ միայն զանցանք է համարվում, այլ նաև երթևեկության ամենակոպիտ խախտումներից մեկն է: Այսինքն, վտանգավոր երթևեկությունը շատ ավելի կոպիտ խախտում է համարվում, քան լուսացույցի արգելող նշանի տակ երթևեկելը: Այնինչ, Հայաստանում դա որևէ կերպ պատժելի արարք չէ, ինչը, կարծում եմ, ևս պետք է փոխվի: Այստեղ, իհարկե, իրավաբանները կասեն, որ մեկնաբանությունների և ճշգրիտ իմպլեմենտացիայի հետ կապված կարող են խնդիրներ լինել, բայց ավելի լավ է մենք ունենանք ճշգրիտ իմպլեմենտացիայի հետ խնդիրներ, գուցե ունենանք դատարանում բարձր տոկոսով բեկանված ակտեր, բայց ամեն դեպքում գոնե վարորդների համար հստակ կլինի, որ վտանգավոր երթևեկությունը, ժողովրդի լեզվով ասած, «շաշկի խաղալը» պատժելի արարք է:
Շնորհակալություն»: