- 2 Հունիսի, 2017
- Հաղորդագրություններ
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը հանդես է եկել մի հրապարակմամբ, որում ասվում է, որ «ԱԺ ընտրություններում ՀՀԿ օգտին ձայներ հավաքագրելու սկանդալը շատ թանկ է նստել դպրոցների և մանկապարտեզների տնօրենների վրա: Ճիշտ է՝ հայաստանյան իրավապահ համակարգն աչք փակեց այդ աղմուկի վրա, և ՀՀԿ օգտին իրենց պաշտոնեական դիրքն օգտագործած տնօրեններն անպատիժ մնացին, սակայն «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ նրանք խնդիր են ունենալու օտարերկրյա պետությունների հետ, եթե որոշեն դիմել համապատասխան դեսպանատներ՝ արտերկիր մեկնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ ՀՀ–ում օտարերկրյա մի քանի պետությունների դեսպանատներ այդ սկանդալը բացահայտած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ–ից խնդրել են իրենց տրամադրել դպրոցի և մանկապարտեզների տնօրենների անունների ամբողջական ցանկը: Կազմակերպությունն էլ, բնականաբար, տրամադրել է հետաքրքրող տեղեկությունը: Թե ինչո՞ւ են դեսպանատներն ուզել այս տնօրենների անունները, դժվար չէ ենթադրել, նրանց անունը կհայտնվի սև ցուցակում, և այդ երկրները կարգելեն ընտրակեղծարարների մուտքն իրենց երկիր՝ մերժելով վիզայի տրամադրումը»:
Որոշ լրատվամիջոցներ, անգամ մեկնաբանելով այս նյութը, հայտնել են, որ «ՀՀԿ-ի համար աշխատած տնօրեններին չի տրամադրվի ելքի վիզա»:
Այս կապակցությամբ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հարկ է համարում հայտնել, որ՝
- SUT.am կայքում հայտնի հրապարակման մեջ նշված 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրենների ամբողջ ցուցակը հրապարակային է, այն հասանելի է նշված կայքում (https://sut.am/archives/803):
- ՀԿ-ի և դրա ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ դատական հայցեր ներկայացրած 30 տնօրենների անուններն ու ազգանունները հրապարակված են ՀՀ դատական դեպարտամենտի datalex.am կայքում: Այդ հղումը փաստացի ևս հասանելի է բոլոր ցանկացողների համար:
- «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որևէ կապ չունի քաղաքացիներին մուտքի և ելքի վիզաների տրամադրման հետ: Մուտքի վիզաները տրամադրում են դիվանագիտական ներկայացուցչությունները, ելքի վիզները՝ ՀՀ ԿԱ Ոստիկանությունը: Դիվանագիտական ներկայացուցչությունները գործում են իրենց երկրների ու միությունների օրենսդրությամբ, ՀՀ ոստիկանությունը՝ Հայաստանի օրենսդրությամբ:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»