Արդյո՞ք ՀՀ օրենսդրությունը նախատեսված է «ռումինական» սցենարի հակազդման համար

Ինչպես հայտնի է, նախորդ տարի նոյեմբերի 24-ին Ռումինիայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում 22.95% ձայներով առաջին տեղը զբաղեցրեց ծայրահեղ աջական հայացքներով հայտնի գործիչ Կալին Ջորջեսկուն (այլ արտասանությամբ՝ Գեորգեսկու, ռում.՝ Călin Georgescu)։ Դեկտեմբերի 6-ին Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց ընտրությունների արդյունքները՝ հղում անելով Ռուսաստանի միջամտության և քարոզարշավի չհայտարարագրված ֆինանսավորման մեղադրանքներին։ 2025 թ. փետրվարի 26-ին Ռումինիայի իշխանությունները ձերբակալեցին նրան՝ «սահմանադրական կարգի դեմ գործողություններ հրահրելու» մեղադրանքով։ Մարտի 9-ին Կենտրոնական ընտրական բյուրոն նրան արգելեց մասնակցել 2025 թ. նախագահական ընտրություններին։ Ընդ որում, ՄԻԵԴ-ը մերժեց քննել նրա բողոքը 2024 թ. ընտրությունների չեղարկման դեմ։

Այսպիսով, Կալին Ջորջեսկուին առաջադրվեցին մեղադրանքներ Ռումինիայի քրեական օրենսգրքով և դրան առնչվող օրենսդրությամբ սահմանված մի քանի հոդվածներով։ Մասնավորապես, Գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործը ներառում էր հետևյալ մեղադրանքները՝

  • Սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողությունների հրահրման փորձ (անգլ.` incitement to actions against the constitutional order)

Ռումինիայի քրեական օրենսգրքի 397(2)-րդ հոդված (47-րդ (դրդիչի սահմանումը) և 32-րդ (հանցափորձ) հոդվածների հետ համատեղ), որի համար նախատեսվում է մինչև 20 տարվա ազատազրկում:

  • Քարոզարշավի անօրինական ֆինանսավորում (անգլ.` illegal campaign financing). քարոզարշավի ֆինանսավորման և ակտիվների վերաբերյալ կեղծ հայտարարություններ (անգլ.` false declarations regarding campaign financing and assets)

Ռումինիայի քրեական օրենսգրքի 326(1)-րդ հոդված (35(1)-րդ հոդվածի (շարունակվող, բարդ հանցակազմեր) կիրառմամբ)` նա մեղադրվում է իր քարոզարշավի ֆինանսավորման աղբյուրների և ակտիվների հայտարարագրերի վերաբերյալ կեղծ հայտարարություններ անելու մեջ, որի համար նախատեսվում է մինչև 2 տարվա ազատազրկում:

  • Ազգային անվտանգությունը խաթարող կեղծ տեղեկություններ տարածելը (անգլ.` dissemination of false information undermining national security)

Ռումինիայի քրեական օրենսգրքի 404-րդ հոդված, որի պատիժը հասնում է 5 տարվա ազատազրկման:

  • Ֆաշիստական, ռասիստական կամ քսենոֆոբ կազմակերպության ստեղծում կամ աջակցություն (անգլ.` establishing or supporting a fascist, racist, or xenophobic organization)

31/2002 արտակարգ որոշման (Government emergency ordinance (GEO) No. 31/2002) 3(1)-րդ հոդված (որոշումն արգելում է ֆաշիստական, ռասիստական կամ քսենոֆոբ բնույթի կազմակերպությունների ստեղծումը, ինչպես նաև նման գաղափարախոսությունների և խորհրդանիշների տարածումը), որով նախատեսվում է մինչև 15 տարվա ազատազրկում:

  • Ցեղասպանության և պատերազմական հանցագործությունների մեջ մեղավոր անձանց պաշտամունքի խթանում (անգլ.` promotion of the cult of individuals guilty of genocide and war crimes)

31/2002 արտակարգ որոշման 5-րդ հոդված (որոշումը նաև քրեականացնում է մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների մեջ մեղավոր ճանաչված անձանց գովաբանումը), որի համար նախատեսվում է մինչև 5 տարվա ազատազրկում:

  • Հակասեմական կազմակերպության ստեղծում կամ աջակցություն (անգլ.` establishing or supporting an antisemitic organization), ատելության կամ խտրականության հրահրում (անգլ.` incitement to hatred or discrimination)

157/2018 օրենքի 6(1)-րդ հոդված, որը նախատեսում է մինչև 10 տարվա ազատազրկման ձևով պատիժ, և Ռումինիայի քրեական օրենսգրքի 369-րդ հոդված, որով սահմանվում է մինչև 3 տարվա ազատազրկում։

Այս մեղադրանքներից հետո Ջորջեսկուն 60-օրյա դատական կալանքի տակ է հայտնվել, որի ընթացքում նրան արգելվել է լքել երկիրը, սոցիալական ցանցերում հրապարակել ֆաշիստական, հակասեմական, ռասիստական կամ քսենոֆոբ բնույթի բովանդակություն, ինչպես նաև կրել հրազեն։ Իհարկե, նա հերքել է բոլոր մեղադրանքները՝ իր դեմ հարուցված դատական գործողությունները որակելով քաղաքական հետապնդում և իր թեկնածությունը ճնշելու փորձ։

Բացարձակապես մի կողմ թողնելով, թե որքանով են հիմնավորված վերը թվարկված մեղադրանքները Ջորջեսկուի դեմ, այստեղ միայն քննարկենք, թե ՀՀ քրեական օրենսդրությունը նշված հանցատեսակներից որի մասով է կարգավորումներ պարունակում և որոնց մասով՝ ոչ։

 

Կեղծ հայտարարությունները 

Ռումինիայի քրեական օրենսգրքի 326-րդ հոդված (պարտադիր հատկանիշ է այդ հայտարարությունը պաշտոնատար անձին ներկայացնելը՝ իրավական հետևանքներ առաջացնելու նպատակով)

Թեև ՀՀ քրեական օրենսգիրքը չի պարունակում նման հանցակազմ, սակայն բովանդակային առումով դրան որոշ մասով մոտ կարգավորումներ են պարունակում առանձին տեսակի տեղեկություններ, փաստաթղթեր և նյութեր կեղծելու վերաբերյալ դրույթները (այսպես՝ 444-րդ հոդվածը (ՀՀ օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը), 479-րդ հոդվածը (ապացույցներ, բացատրություններ (…) կեղծելը, փոխելը, ոչնչացնելը կամ թաքցնելը կամ կեղծ ապացույցներ ներկայացնելը), ընտրությունների հետ կապված փաստաթղթերի, տեղեկությունների կեղծմանը վերաբերող կարգավորումները և այլն)

 

Բռնություն, ատելություն կամ խտրականություն հրահրելը 

Ռումինիայի քրեական օրենսգրքի 369-րդ հոդված

 

Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը

ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդված

 

Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը

ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդված

 

Սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողությունները 

Ռումինիայի քրեական օրենսգրքի 397-րդ հոդված

 

Իշխանությունը յուրացնելը

ՀՀ քրեական օրենսգրքի 419-րդ հոդված

 

Սահմանադրական կարգը տապալելը

ՀՀ քրեական օրենսգրքի 420-րդ հոդված

 

Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը

ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդված

 

Ազգային անվտանգությունը խաթարող կեղծ տեղեկությունների տարածումը

Ռումինիայի քրեական օրենսգրքի 404-րդ հոդված

ՀՀ քրեական օրենսգրքում նման հանցակազմ առկա չէ
Ֆաշիստական, ռասիստական կամ քսենոֆոբ կազմակերպություն ստեղծելը կամ դրան աջակցելը 

31/2002 արտակարգ որոշման 3(1)-րդ հոդված

 

Թեև ՀՀ քրեական օրենսգիրքը չի պարունակում նման հանցակազմ, սակայն բովանդակային առումով այս գործողությունները կարող են որակվել դրա 318-րդ (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) կամ 319-րդ (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը) և 329-րդ (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) և/կամ 330-րդ (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) հոդվածների համադրմամբ (համակցությամբ)

 

Հակասեմական կազմակերպություն ստեղծելը կամ դրան աջակցելը 

157/2018 օրենքի 6-րդ հոդված

 

Ցեղասպանության և պատերազմական հանցագործությունների մեջ մեղավոր անձանց պաշտամունքի խթանումը 

31/2002 արտակարգ որոշման 5-րդ հոդված

 

ՀՀ քրեական օրենսգիրքը համարժեք հանցակազմ չի պարունակում, սակայն սահմանափակ դեպքերում՝ կախված փաստական հանգամանքներից, դրան մոտ կարգավորում կարող է դիտարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը (ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը)

 

 

Հավելենք նաև, որ ՀՀ ընտրական օրենսդրությամբ՝ անգամ եթե փորձենք վիճարկել ընտրությունների արդյունքները չհայտարարագրված ֆինանսավորման կամ օտարերկրյա միջամտության հիմքով, ապա ամեն դեպքում պետք է ապացուցենք դրանց ուղիղ ազդեցությունը վերջնական արդյունքների վրա, ինչը գրեթե անհնարին է, և դա նշանակում է, որ ռումինական սցենարը ՀՀ-ում կրկնվելու դեպքում մենք կլինենք շատ ավելի անպաշտպան։ Այնինչ, Ռումինիայում, չնայած նրան, որ որևէ կերպ ուղիղ ազդեցություն ընտրությունների վերջնարդյունքի վրա այդպես էլ չապացուցվեց, հավաքված փաստերի համակցությունը դիտվեց բավարար արդյունքներն անվավեր ճանաչելու և Ջորջեսկուի կողմից իր թեկնածությունը հետագայում առաջադրելու սահմանափակման համար։

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ ՀՀ քրեական և ընտրական օրենսդրությամբ առկա բացերը ռումինական սցենարի՝ այստեղ կրկնման պարագայում հնարավորություն են տալու օտարերկրյա ազդեցության և կասկածելի ֆինանսավորմամբ քաղաքական գործիչներին ոչ միայն խուսափել պատասխանատվությունից, այլ նաև ստանալ առաջնային մանդատ և զբաղեցնել բարձրագույն պետական պաշտոն։

Ռուզաննա Ավագիմյան

Իրազեկ քաղաքացիների միավորում

Առնչվող