- 24 Օգոստոսի, 2017
- Արտաքին քաղաքականություն
Օգոստոսի 23-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
Ընդհանուր առմամբ, սա Թուրքմենստանի նախագահների 3-րդ պաշտոնական այցն է Հայաստան: Առաջին անգամ 2001 թվականին Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք Հայաստան էր ժամանել Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրադ Նիյազովը՝ Թուրքմենբաշը: 2007-ին Նիյազովի մահից հետո երկրի ղեկավարումը ստանձնած Բերդիմուհամեդովը Հայաստան էր ժամանել 2012 թվականին և հիմա, փաստորեն, տեղի է ունենում Բերդիմուհամեդովի երկրորդ այցը Երևան:
Հայաստանի ղեկավարները պարբերաբար պաշտոնական այցերով լինում են Թուրքմենստանում սկսած 1993 թվականից: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Թուրքմենստան է այցելել 93 և 97 թվականներին, Ռոբերտ Քոչարյանը՝ 2000-ին, Սերժ Սարգսյանը՝ 2010-ին և 2014-ին:
Հայաստանի և Թուրքմենստանի միջև մինչ օրս ստորագրված է ավելի քան 70 պայմանագիր: Ըստ ՀՀ ԱԳՆ կայքի՝ Հայաստանի և Թուրքմենստանի միջև ապրանքաշրջանառությունը 2014 թվականի տվյալներով կազմում է շուրջ 26 մլն դոլար:
Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունը գործում է 1994 թվականից: Ըստ Վիքիփեդիայի՝ Թուրքմենստանում բնակվում է մինչև 35 հազար հայ:
Թուրքմենստանը հանդիսանում է աշխարհի ամենատոտալիտար երկրներից մեկը: Ըստ Freedom House-ի տվյալների՝ 5.3 միլիոն բնակչություն ունեցող Թուրքմենստանը դասվում է ոչ ազատ երկրների շարքին: Մամուլի ազատության ցուցանիշով 2015 թվականի դրությամբ Թուրքմենստանն աշխարհի ամենափակ երկրներից է՝ զիջելով միայն Հյուսիսային Կորեային և Ուզբեկստանին: Փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Բերդիմուհամեդովը հաղթել էր՝ հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 97 տոկոսը:
Նշենք, որ Թուրքմենստանը բնական գազ արդյունահանող խոշորագույն երկրներից է, գազի պաշարներով զբաղեցնում է երրորդ տեղն աշխարհում: Երկրի տնտեսությունը մեծապես կախված է էներգակիրների վաճառքից, իսկ դրանց գների անկումն ունենում է իր բացասական ազդեցությունը: 2016 թվականից դադարեցվել է ռուսական պետական «Գազպրոմ» ընկերության և Թուրքմենստանի միջև համագործակցությունը, որի համաձայն ռուսական կողմը գազ էր գնում Աշխաբադից: Ներկայում Թուրքմենստանն իրացնում է գազը Արևելքում, սակայն դեպի Չինաստան նոր գազամուղի շինարարությունը շարունակաբար հետաձգվում է:
Ավելացնենք, որ Թուրքմենստանը ԱՊՀ անդամ է, սակայն չի մասնակցում Ռուսաստանի նախաձեռնած եվրասիական ինտեգրացիոն ծրագրերին՝ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին:
Թուրքմենստանը նաև լուրջ հակասություններ ունի Ադրբեջանի հետ՝ կապված Կասպից ծովում վիճելի հանքավայրերի շահագործման հետ:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»