102-րդ ռազմակայանում ընտրողին պարտադրելը ՀՀ իրավապահների քննությանը ենթակա հանցանք է

Վերջին շրջանում պարբերաբար շրջանառվում են տեղեկություններ՝ Գյումրու ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի՝ Հայաստանի քաղաքացի աշխատողներին ընտրությունների համատեքստում պարտադրանքի վերաբերյալ: Որոշ շրջանակներ այդ կապակցությամբ տարածում են մի թեզ, թե իբր ռազմակայանի տարածքում տեղի ունեցող գործընթացները դուրս են ՀՀ իրավապահ մարմինների իրավազորությունից։ Այդ առիթով «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ում ուսումնասիրել ենք վերաբերելի կարգավորումները:

Իրավակարգավորումները

Հայաստանն ինքնիշխան պետություն է, և այդ ինքնիշխանությունը տարածվում է ՀՀ ամբողջ տարածքի վրա՝ առանց բացառությունների։ Ռուսական ռազմակայանը գտնվում է ՀՀ տարածքում և չունի էքստրատերիտորիալ կարգավիճակ։

Այս հարցին առնչվող հիմնական փաստաթուղթը ՀՀ և ՌԴ միջև 1995թ. կնքված «ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագիրն է։ Այն հստակ սահմանում է, որ բազան տեղակայված է Հայաստանի ինքնիշխան տարածքում, և ոչ մի դրույթում չկա նշում, որ այն համարվում է ՌԴ տարածք։

Իրավասության բաշխումը կարգավորվում է առանձին՝ «ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրով՝ կնքված 1997թ.: Դրա 4-րդ հոդվածը սահմանում է՝ «Ռուսաստանյան ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ գործերով կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները»։

Հոդված 5-ը նախատեսում է բացառություն այն դեպքերի համար, երբ հանցագործությունը կատարվել է ռազմակայանի տեղակայման վայրում, ուղղված է բացառապես ռուսական կողմի դեմ, հանդիսանում է զինվորական (ծառայողական) հանցագործություն։ Այստեղ սահմանվում են այն դեպքերը, երբ կարող է առաջանալ ՌԴ իրավազորության առաջնային կամ մրցակցող կիրառման հարց, սակայն այս կետերը չեն ստեղծում ընդհանուր կամ ավտոմատ ռուսական իրավազորություն ռազմակայանի տարածքում. այսինքն՝ իրավազորության հարցը ենթակա է առանձին ուսումնասիրման և որոշման՝ պայմանավորված կոնկրետ գործի հանգամանքներով։ 

Ընդ որում՝ 15-րդ հոդվածով սահմանվում է, որ ռուսաստանյան ռազմական բազայի ներքին գործունեությունը կանոնակարգվում է ռուսաստանյան օրենսդրությամբ

Իսկ խնդրո առարկա արարքները՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսդրությամբ, որևէ կերպ չեն կարող համարվել ՌԴ ռազմակայանի ներքին գործունեությանն առնչվող խնդիր, այսինքն՝ Հայաստանի ընտրությունների համատեքստում ընտրական պարտադրանքը կամ ընտրակաշառքը չի կարող դիտվել բազայի «ներքին գործունեություն», հետևաբար՝ դրանք դուրս են նաև մեջբերված հոդվածով ՌԴ օրենսդրությամբ կարգավորման ենթակա հարցերի շրջանակից:

Ընտրողին պարտադրելը (հարկադրել քվեարկել կամ չքվեարկել) ուղղակիորեն քրեականացված է գործող օրենսդրությամբ. ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով դրա համար նախատեսվում է 4-10 տարվա ազատազրկում: Բացի դրանից, 218-220-րդ հոդվածները կարգավորում են ընտրակաշառքի հետ կապված արարքները (ընտրակաշառք ստանալը, տալը և դրա միջնորդությունը)։ Սրանք սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործություններ են, և այս գործերով քննությունն իր բնույթով չի դասվում այն դեպքերի շարքին, որոնք պայմանագրերով կարող են հանգեցնել ՌԴ իրավազորության կիրառմանը։

Այսպիսով՝ ՌԴ 102-րդ ռազմակայանի տարածքում ընտրողին պարտադրելը կատարվում է ՀՀ ինքնիշխան տարածքում, հանդիսանում է սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործություն և գտնվում է Հայաստանի իրավապահ մարմինների իրավազորության ներքո, դա չի ընկնում պայմանագրերով նախատեսված այն սահմանափակ բացառությունների տակ, որոնք կարող են առաջացնել այլ իրավազորության մրցակցության խնդիր։

Սա ոչ թե «հակառուսականություն» է, այլ` ՀՀ միջազգային պայմանագրերի և Սահմանադրության բառացի կիրառում։ Այս ակտերով սահմանված ՀՀ իրավազորության անտեսումն ուղղակի ոտնձգություն է մեր ինքնիշխանության նկատմամբ։

Միջազգային փորձը

Առհասարակ այս հարցերը տարբեր երկրների միջև հարաբերություններում լուծվում են՝ հաշվի առնելով հետևյալ գործոնները՝

  • սուբյեկտ (ով է կատարել),
  • հանցանքի բնույթ (ծառայողական, թե ոչ),
  • կատարման վայր,
  • պաշտպանվող շահեր։

Ռազմական օբյեկտների տարածքներում իրավազորության բաշխման հարցերով համաձայնագրեր գործում են նաև այլ պետություններում, և դրանք ունեն իրենց առանձնահատկությունները։

Տաջիկստանում Ռուսաստանի 201-րդ ռազմակայանի կարգավիճակը սահմանվում է 2012թ. հոկտեմբերի 5-ի համաձայնագրով՝ երկարաձգված մինչև 2042թ.։ Հստակ սահմանվում է ռուսական անձնակազմի և նրանց ընտանիքների ազատում տաջիկական քրեական, վարչական և քաղաքացիական իրավազորությունից (բացառությամբ առանձին դեպքերի): Պայմանագրի 13-րդ հոդվածի 5-րդ մասով՝ ռուսական ռազմակայանի անձնակազմի թվին պատկանող անձինք և նրանց ընտանիքների անդամներն անձեռնմխելի են: Առանց Ռուսական կողմի լիազոր մարմնի համաձայնության՝ ռազմակայանի անձնակազմի անդամները և նրանց ընտանիքների անդամները ենթակա չեն ձերբակալման, բացառությամբ հանցագործության կատարման վայրում նրանց ձերբակալելու դեպքերի: Այդ դեպքում Տաջիկական կողմի իրավասու մարմնիներն անհապաղ տեղեկացնում են Ռուսական կողմի իրավասու մարմիններին, որոնք էլ իրականացնում են համապատասխան դատավարական գործողություններ նշված անձանց նկատմամբ: Այսինքն՝ այս համաձայնագիրը նախատեսում է ռուսական անձնակազմի համար ավելի լայն իմունիտետի համակարգ՝ համեմատած Հայաստանի դեպքում գործող 1997թ. համաձայնագրի հետ, և զգալիորեն սահմանափակում հյուրընկալող պետության իրավազորությունը:

Ղրղզստանում գտնվող Կանտի ավիաբազայի կարգավիճակը սահմանվում է 2003թ. համաձայնագրով։ Այդ համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ ռուսական ավիաբազայի անձնակազմն անձեռնմխելի է, ենթակա չէ ձերբակալման կամ կալանավորման որևէ ձևով: Նույն հոդվածով սահմանվում է նաև, որ ռուսական ավիաբազայի անձնակազմը ազատվում է Ղրղզստանի քրեական, ինչպես նաև քաղաքացիական և վարչական իրավասությունից՝ համաձայնագրով նախատեսված իրենց պարտականությունները կատարելիս կատարված գործողությունների համար, բացառությամբ նույն փաստաթղթով նախատեսված սահմանափակ դեպքերի: Այս կարգավորումները ևս չեն նախատեսում բացարձակ տարածքային սկզբունքով իրավազորության փոխանցում, այլ դա կապում են այն ծառայողական պարտականությունների կատարման հետ։

Թե՛ Տաջիկստանում, թե՛ Ղրղզստանում ռուսական բազայի անձնակազմը պարտավոր չէ ցուցմունք տալ որպես վկա։

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների միջև ԶՈւ կարգավիճակի մասին համաձայնագրի (NATO SOFA 1951թ. Լոնդոն) VII հոդվածով սահմանվում է համընկնող իրավազորություն, երբ արարքը պատժելի է երկու երկրների օրենքներով էլ։ Ըստ առաջնահերթության սկզբունքի (3-րդ կետ)՝ ուղարկող պետությունն ունի առաջնահերթություն, եթե հանցանքն ուղղված է իր գույքի կամ անվտանգության դեմ, կամ իր անձնակազմի (ներառյալ խնամյալների) անձի կամ գույքի դեմ, ինչպես նաև այն դեպքերում, երբ հանցանքը բխում է պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակ թույլ տրված գործողությունից կամ անգործությունից։ Մնացած բոլոր դեպքերում առաջնահերթության իրավունքը պատկանում է հյուրընկալող պետությանը։

Գերմանիայի դեպքում (1959թ. Բոննի լրացուցիչ համաձայնագիր) կա շատ կարևոր առանձնահատկություն։ Գերմանիան կամավոր հրաժարվել է իր առաջնահերթ իրավազորությունից հօգուտ ուղարկող պետության (հոդված 19)՝ ոչ ծառայողական պարտականությունների ժամանակ կատարված հանցագործությունների մեծ մասի համար, սակայն կարող է հետ վերցնել այդ հրաժարումը 21 օրվա ընթացքում, եթե գործը առանձնակի կարևորություն ունի Գերմանիայի համար։

Ճապոնիայի դեպքում (1960թ. SOFA), ըստ համաձայնագրի XVII հոդվածի՝ Ճապոնիայի օրենսդրությամբ պատժելի իրավախախտումների դեպքում Ճապոնիան ունի առաջնային իրավազորություն, բացառությամբ այն դեպքերի, երբ արարքն ուղղված է ԱՄՆ գույքի, անվտանգության կամ անձնակազմի դեմ: Պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակ թույլ տրված գործողությունից կամ անգործությունից բխող հանցանքների դեպքում առաջնային իրավունքը պատկանում է ԱՄՆ-ին: Համաձայնագիրը նախատեսում է նաև իրավազորությունից հրաժարվելու մեխանիզմ և կողմերի միջև փոխադարձ ծանուցման ու աջակցության պարտավորություն։

Հարավային Կորեայի մասով (1966-1967թթ. US-ROK SOFA)` համաձայնագրի XXII հոդվածի համաձայն՝ ԱՄՆ-ն ունի առաջնային իրավազորություն այն դեպքերում, երբ հանցագործությունը կատարվել է ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում կամ ուղղված է ԱՄՆ շահերի դեմ, մնացած դեպքերում իրավազորության իրավունքը պատկանում է հյուրընկալող պետությանը՝ Կորեային։

Եզրակացություն

Միջազգային պայմանագրերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ռազմական բազաների կարգավիճակը չի ստեղծում էքստրատերիտորիալ ռեժիմ, այլ հիմնված է իրավազորության բաշխման վրա՝ կախված արարքի հատկանիշներից, հատկապես՝ ծառայողական պարտականությունների հետ կապից։ ՀՀ տարածքում գործող որևէ օտարերկրյա ռազմակայան չի կարող դիտվել իրավական «սև գոտի», քանի որ պայմանագրերը չեն նախատեսում ինքնիշխանության փոխանցում, այլ միայն իրավազորության պայմանական բաշխում, որի շրջանակում ընտրական իրավունքի դեմ ուղղված արարքները չեն կարող դիտվել ծառայողական գործունեության մաս և ենթակա են Հայաստանի իրավապահ մարմինների քննությանը։

Այսպիսով՝ Հայաստանի իրավապահ մարմինները պարտավոր են պատշաճ արձագանքել Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի ծառայողների կողմից Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշխատողների նկատմամբ հնարավոր ճնշումներին և դրանք քննեն ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Ավելին, անհրաժեշտության դեպքում որևէ իրավական խոչընդոտ չկա, որպեսզի նման հանցագործություններ կատարած անձինք ենթարկվեն Հայաստանի իրավապահ մարմինների կողմից քրեական հետապնդման և պատասխանատվության՝ ՀՀ իրավական կարգավորումների շրջանակում։

Ռուզաննա Ավագիմյան
«
Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող