- 20 Ապրիլի, 2026
- Հաղորդագրություններ
Ապրիլի 18-19-ը Ծաղկաձորում կայացավ երկօրյա գործնական աշխատաժողով՝ «Ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների նկատմամբ հասարակության դիմակայության ամրապնդումը» խորագրով։ Աշխատաժողովը կազմակերպվել էր «Իրազեկ քաղաքացիների միավորման» և «Քաղաքացիական դիմակայունության նախաձեռնության» (CRI) կողմից։
Միջոցառմանը մասնակցեցին հասարակական կազմակերպությունների շուրջ 30 ներկայացուցիչներ՝ ընտրված մրցութային կարգով։ Երկու օրերի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանում ապատեղեկատվության հիմնական նարատիվներին, դրանց տարածման մեխանիզմներին, ինչպես նաև փաստերի ստուգման տեղական փորձին՝ փաստեր ստուգող լրագրողներ Օֆելյա Սիմոնյանի (Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, «Ստուգված է»), Անի Գրիգորյանի (CivilNetCheck) և Նանե Մանասյանի («Փաստերի ստուգման հարթակ»՝ FIP.am) մասնակցությամբ։
Աշխատաժողովի ընթացքում «Delfi» մեդիա հոլդինգի լրագրող Մոնիկա Յակիմչուկեն անցկացրեց հատուկ դասընթաց՝ նվիրված արհեստական բանականությամբ ստեղծված կեղծիքների, կեղծ հաշիվների և տեղեկատվական մանիպուլյացիաների բացահայտմանը, իսկ «Քաղաքացիական դիմակայունության նախաձեռնություն» ՀԿ-ի տնօրեն Տոմաս Կազուլենասը ներկայացրեց ապատեղեկատվության դեմ պայքարի բալթյան փորձը և վարեց OSINT գործնական աշխատարանը:
Աշխատաժողովը նպատակ ուներ զարգացնել քաղաքացիական հասարակության կարողությունները ապատեղեկատվության դեմ պայքարում և ամրապնդել հասարակության տեղեկատվական դիմակայունությունը։
Նախագիծը ֆինանսավորվում է Զարգացման համագործակցության և մարդասիրական օգնության հիմնադրամի կողմից։












































