Ադրբեջանը պետք է պատժվի հայ ռազմագերիներին գլխատածներին պաշտպանելու համար․ Իոաննիսյանը՝ ԵԱՀԿ-ում

Այսօր՝ հունիսի 30-ին Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականության կոնֆերանսում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադարձել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի ռիսկերին՝ ընդգծելով, որ խնդիրը առկա է նաև քրեական քննությունների ընթացքում, այդ թվում՝ Հայաստանում, սակայն հատկապես համակարգային բնույթ է կրում ոչ ժողովրդավարական պետություններում։

Իր ելույթում Իոաննիսյանը նշել է, որ Ադրբեջանում հայ ռազմագերիների և քաղաքացիական գերիների նկատմամբ կիրառվում են ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումներ՝ հարկադիր խոստովանություններ կորզելու նպատակով, իսկ անկախ դատարանների բացակայության պայմաններում այդ «խոստովանությունները» հետագայում հաստատվում են դատարանների կողմից։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը ոչ միայն չի պատժում նման հանցագործությունների կատարողներին, այլև հաճախ պաշտպանում կամ հերոսացնում է նրանց։

Դանիել Իոաննիսյանի ելույթի տեքստը հայերեն թարգմանությամբ՝ ստորև:

«Հարգարժա՛ն մոդերատոր,

Այսօր մենք քննարկում ենք խոշտանգումների ու վատ վերաբերմունքի ռիսկը։ Սա լուրջ խնդիր է բազմաթիվ անդամ պետություններում, այդ թվում՝ իմ երկրում՝ Հայաստանում, որտեղ մենք արձանագրել ենք որոշ դեպքեր, երբ քրեական հետաքննությունների ընթացքում իրավապահ մարմինների կողմից կիրառվել է խոշտանգում կամ վատ վերաբերմունք՝ խոստովանություններ ստանալու, հանցագործությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու նպատակով։ Թեև այդ դեպքերի մեծ մասի առթիվ քննություններ են ընթանում, և իրականացվում են որոշ բարեփոխումներ, այդ քննությունների արդյունավետության ու արագության հարցում մենք դեռևս խնդիրներ ենք տեսնում։

Բայց թույլ տվեք պարզաբանել՝ քրեական հետաքննությունը միակ ոլորտը չէ, որտեղ խոշտանգումների ու վատ վերաբերմունքի ռիսկը բարձր է։ Որոշ ոչ ժողովրդավարական անդամ պետություններ, որոնք ներգրավված են եղել կամ վերջերս ներգրավված են զինված հակամարտություններում, հաճախ խոշտանգումներ և վատ վերաբերմունք են կիրառում ռազմագերիների և քաղաքացիական գերիների նկատմամբ։

Սա համակարգային խնդիր է, որը մենք տեսնում ենք այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը և Ադրբեջանը․ սկզբունքների ամբողջական համակարգային այլասերում, որոնք այս միջոցառումը նպատակ ունի պաշտպանել։

Թեև այս նիստն ընդգծում է Մենդեսի սկզբունքները, Ադրբեջանը կիրառում է ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումներ՝ հայ ռազմագերիներից և գերիներից հարկադրված խոստովանություններ կորզելու համար, որից հետո դրանք կնքում են իրենց դատարանները, քանի որ Ադրբեջանում անկախ դատարաններ գոյություն չունեն։

Հիմնարար երաշխիքները, ինչպիսիք են անկախ փաստաբանի ուղղակի հասանելիությունը կամ բժշկական օգնությունը, համակարգային կերպով մերժվում են Ադրբեջանում հայ ռազմագերիների և գերիների համար։

Ավելին, այն հանցագործները, ովքեր փաստագրված կերպով ռազմական ագրեսիաների ժամանակ խոշտանգել են, մահապատժի ենթարկել և նույնիսկ գլխատել հայ խաղաղ բնակիչների ու գերիների, համակարգային կերպով պաշտպանվում են հետապնդումից կամ նույնիսկ փառաբանվում որպես ազգային հերոսներ։

Ընդամենը 12 օր առաջ ՄԻԵԴ-ը հրապարակեց որոշում Ադրբեջանի դեմ, որով արձանագրեց, որ հայ ռազմագերի ենթարկվել է խոշտանգումների և սպանվել գլխատման միջոցով։ Զինծառայողներ, ինչպիսիք են Հայկ Թորոյանը, Քյարամ Սլոյանը, ինչպես նաև Յուրի Ասրյանը, կան փաստաթղթեր, որ նրանք գլխատվել են դեռևս ողջ վիճակում։

Այսպիսով, թույլ տվեք պարզաբանել՝ այն անձը, ով կիրառում է խոշտանգում, հանցագործ է այս դահլիճում ներկաներից շատերի համար, բայց ոչ Ադրբեջանի համար։

Սրա վառ օրինակ է հայտնի դեպքը, երբ նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրել է ադրբեջանցի զինծառայողի, ով գլխատել էր հայ զինվորի մարմինը և հպարտությամբ հրապարակել գլխատված գլխով լուսանկարն իր սոցիալական ցանցերում։

Ադրբեջանը պետք է պատժվի այն բանի համար, որ պաշտպանում և փակում է աչքերն այն զինծառայողների նկատմամբ, ովքեր գլխատել են հայ ռազմագերիներին։

Շնորհակալություն»։

Առնչվող