- 28 Հուլիսի, 2026
- Ընտրություններ
Օտարերկյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության՝ FIMI-ի մասին Հայաստանում սկսեցին խոսել խորհրդարանական ընտրություններից դեռ ամիսներ առաջ։ Փաստեր ստուգող լրագրողներն ահազանգում էին, որ Կրեմլի հետ կապվող տեղեկատվական գործողությունների թիրախում Հայաստանի ժողովրդավարական գործընթացները, ընտրական համակարգն ու պետական ինստիտուտներն են։ Տարածվող ապատեղեկատվական նարատիվները միտված էին այդ ինստիտուտների նկատմամբ անվստահություն ձևավորելուն, ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դնելուն և պրոռուսական քաղաքական ուժերի համար նպաստավոր տեղեկատվական միջավայր ստեղծելուն։
Կրեմլի՝ Հայաստանի ընտրողների համար նախատեսված պատումներն ընտրություններից առաջ սկսեցին շրջանառվել ոչ միայն ռուսական պետական լրատվամիջոցներով, հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերի ու ներքին դերակատարների միջոցով, այլև Հայաստանին վերաբերող բովանդակություն տարածող ռուսալեզու տելեգրամյան ալիքներով։
Մեր թիմը մայիսի 1-ից հունիսի 30-ը դիտարկել է ավելի քան 25 տելեգրամյան այդպիսի ալիք։ Ուսումնասիրության ընթացքում առանձնացվել է հինգ ալիք՝ Mika Badalyan, Армянская вендетта, Анив Армения, Работает Альфа և Параллель, որոնք առերևույթ կապեր ունեն կրեմլամերձ «Եվրազիա» կազմակերպության հետ։
Դիտարկումը ցույց է տվել, որ այս ալիքները տարածել են նույն կամ նման նարատիվները, հղում արել նույն ռուսական պետական ու կրեմլամերձ աղբյուրներին, մեջբերել նույն դերակատարներին և ակտիվորեն լուսաբանել Հայաստանի ընդդիմադիր ուժերի քարոզարշավը։
«Եվրազիան» և Միկա Բադալյանի ալիքը
Դիտարկման համար առանձնացված 5 ալիքներից ամենաակտիվն ընդդիմադիր ակտիվիստ Միկա Բադալյանի ալիքն է, որի հետևորդների թիվն անցնում է 32 000-ը։ Լսարանի մեծությամբ ու ակտիվությամբ դրան հաջորդում են՝ Армянская вендетта, Анив Армения, Работает Альфа, Параллель ալիքները։
Միկա Բադալյանը նաև «Եվրազիա» ՀԿ-ի խորհրդի անդամ է։ Այս հասարակական կազմակերպությունը գորրծունեություն է ծավալում հետխորհրդային մի քանի երկրներում։ Հայաստանում «Եվրազիան» գործունեությունը սկսել է 2024 թվականին։ Այդ ժամանակ Միկա Բադալյանը հայտարարել էր, որ «որոշ երկրների, այդ թվում` Հայաստանի և Մոլդովայի իշխանությունները գործում են իրենց քաղաքացիների շահերի դեմ։ Նրա խոսքով, կազմակերպությունը ձգտում է ցույց տալ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը Եվրասիայի մյուս ժողովուրդների նկատմամբ և Ռուսաստանին ցույց տալ, որ մարդկանց միջև թշնամանք չկա»։
Բադալյանը Հայաստանում անցնում է մի քանի քրեական վարույթներով։ Վերջերս նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու պայմանով ՌԴ—ում բնակվող ՀՀ հարյուրավոր քաղաքացիների ծառայություն և այլ առավելություն խոստանալու տեսքով ընտրակաշառք տալու դեպքերի առիթով։
Բադալյանը չի ընդունում մեղադրանքը, մինչդեռ իր ալիքում մինչև ընտրությունները հրապարակավ պարբերաբար հայտարարում էր, որ պատրաստ է ֆինանսական միջոցներ տրամադրել ՌԴ—ում բնակվող ՀՀ քաղաքացիներին՝ Հայաստան մեկնելու և ընտրություններին մասնակցելու համար։
Միկա Բադալյանն իր Տելեգրամի ալիքում ընտրություններից մեկ ամիս առաջ ինտենսիվորեն սկսեց տարածել մի քանի պատումներ, որոնք օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության օրինակ են ու նպատակ ունեին ազդելու խորհրդարանական ընտրությունների վերջնարդյունքների վրա։
Այդ պատումներով հաճախ վարկաբեկում են գործող իշխանություններին՝ նրանց մեղադրելով դավաճանության, օտար ուժերին ծառայելու, հայկական ինքնության դեմ հանդես գալու ու Հայաստանը կործանման տանելու համար։
«Արևմտյան Ադրբեջան» և ինքնիշխանության կորուստ
Միկա Բադալյանի տելեգրամյան ալիքում ամենից հաճախ շրջանառվող թեմաներից մեկը «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվն էր։ Բադալյանը պարբերաբար անդրադառնում էր թեմային, վերահրապարակում Կրեմլի հետ փոխկապակցված այլ էջերի նյութերը, քաղաքագետների, վերլուծաբանների մեկնաբանությունները, ինչպես նաև հայաստանյան ընդդիմադիրների հայտարարությունները։ TRIPP նախագիծն ալիքում ներկայացվում է որպես «Զանգեզուրի միջանցք» և’ Մեղրիի, և’ Սյունիքի կորուստ։ Իսկ խորհրդարանական ընտրությունները նկարագրվում էին որպես Հայաստանի՝ ինքնիշխան պետություն մնալու համար վճռորոշ ընտրություն։ Հեղինակը Բաքվից հնչող «Արմտյան Ադրբեջանի» թեզը ներկայացնում էր որպես Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականության անխուսափելի հետևանք։
«Մենք ընտրում ենք՝ կապրենք Հայաստանում, թե՞ Արևմտյան Ադրբեջանում», — գրել էր Բադալյանը նույն թեմային առնչվող արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութի նկարագրությունում։
Այս ալիքում հրապարակումները հետևողականորեն ձևավորում էին այն ընկալումը, թե գործող իշխանությունների վերընտրությունը հավասարազոր է լինելու Հայաստանի ինքնիշխանության և տարածքների կորստին։
«Արևմտյան Ադրբեջան» և «սուվերենության կորուստ». հիմնական պատումները
Ընտրողների շրջանում վախ և անորոշություն ձևավորելու նպատակով ալիքներում պարբերաբար շրջանառվում էր Հայաստանի «ուկրաինացման», ինչպես նաև «մոլդովական» կամ «վրացական» սցենարի կրկնության հավանականությունը։ Այս պնդումները հիմնավորելու համար տելեգրամյան ալիքները հաճախ մեջբերում էին որպես «հեղինակավոր» վերլուծաբան ու քաղաքագետ ներկայացող անձանց։
Դրան զուգահեռ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող կամ հնարավոր տնտեսական սահմանափակումները ներկայացվում էին ոչ թե որպես քաղաքական ճնշման միջոց, այլ որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդեգրած կուրսի բնական հետևանք։ Միաժամանակ դեպի ԵՄ Հայաստանի որդեգրած ճանապարհը ներկայացվում էր որպես խաբեություն և սուվերենության կորուստ՝ հօգուտ Արևմուտքի և Բաքվի։
Այսպիսով, դիտարկված տելեգրամյան ալիքներում Հայաստանին առաջարկվում էր երկընտրանք․ Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանում կամ պատերազմ (ուկրաինացման ճանապարհ), տնտեսական խնդիրներ, ներքին ապակայունացում և տարածքային կորուստներ։
«Կեղծված ընտրությունների» նարատիվը՝ քվեարկությունից առաջ և հետո
Դիտարկված ալիքներում մեկ այլ գերակայող նարատիվ էր նաև սպասվող ընտրակեղծիքների մասին պնդումը։ Ընդ որում, նույն շրջանակները դեռ մինչև ընտրություններն էին հայտարարում ոչ լեգիտիմ, կեղծված արդյունքներով ընտրությունների մասին։
Այս համատեքստում հաճախ հիշատակվում էր Մոլդովայի օրինակը։ Տարածվում էր պնդում, թե այնտեղ գործող իշխանությունները երկու անգամ պարտվել են ընտրություններում, սակայն կեղծիքների շնորհիվ կարողացել են պահպանել իշխանությունը։
Տեսաուղերձում Բադալյանր հայտարարել էր․ «Կեղծիքներ (խմբ.- Հայաստանում), իհարկե, կլինեն, բայց նրանք անսահման չեն։ Եթե ձեզանից յուրանքաչյուրը մասնակցի ընտրություններին, ապա այդ կեղծիքներն արդեն դեր չեն խաղա»։
Ընտրությունները հայաստանյան իշխանությունների կողմից կեղծելու մեղադրանքները, սակայն, կտրուկ ակտիվացան արդեն հունիսի 7-ից հետո։ Միկա Բադալյանի և դիտարկված մյուս ալիքների միջոցով բազմաթիվ հրապարակումներ տարածվեցին, որոնք կասկածի տակ էին դնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքն ու ընտրությունների պաշտոնական արդյունքները։
Այսպիսով, ընտրությունների լեգիտիմության նկատմամբ անվստահությունը ձևավորվում էր դեռ քվեարկությունից առաջ, իսկ արդյունքների հրապարակումից հետո նույն նարատիվը կիրառվում էր ընտրական գործընթացն ամբողջությամբ կասկածի տակ դնելու համար։
Եկեղեցին, ընտանիքը և հայկական ինքնությունը
Մյուս կողմից այս ալիքներում պնդումներ էին հնչում, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատերազմ է մղում հայկական ինքնության դեմ՝ եկեղեցի, ընտանիք, հավատք։
Ընդ որում, այս թեմաները ներկայացվում էին Հայաստանի ինքնության դեմ ուղղված միասնական քաղաքականության դրսևորումներ։
Եկեղեցին, ազգային ինքնությունն ու ավանդական ընտանիքը մի տեսազգացմունքային մոբիլիզացիայի գործիք էին դառնում։ Դրանց միջոցով ձևավորվում էր այն ընկալումը, թե ընտրողները քաղաքական ուժերի միջև չէ, որ ընտրություն են կատարում, այլ որոշում են հայկական ինքնության պահպանման կամ կորստի հարցը։
Ընդդիմադիր ուժերի ակտիվ լուսաբանում
Նույնական էր նաև դիտարկված մյուս չորս՝ Армянская вендетта, Анив Армения, Работает Альфа, Параллель ալիքների գործունեությունը։
Այս ալիքները համակարգված կերպով տարածում էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության, մյուս պետական գերատեսչությունների, լրատվամիջոցների, կրեմլամերձ քաղաքագետների, լրագրողների, բլոգերների վերլուծությունները, մեկնաբանությունները, որոնք առնչվում են Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականությանը։
Դիտարկված ժամանակաշրջանում բոլոր հինգ ալիքներն ինտենսիվ լուսաբանում էին ընդդիմադիր երեք ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական քարոզչությունը, մեջբերում դրանց առաջնորդների, ներկայացուցիչների հարցազրույցներն ու հայտարարությունները։ Այս ալիքները նաև որպես իրազեկման հարթակ էին ծառայում երեք ընդդիմադիր ուժերի համար՝ տարածելով նրանց նախընտրական հավաքների տեղի ու ժամի վերաբերյալ տեղեկությունը։
Միաժամանակ գործող իշխանությունների մասին հրապարակումների մեծ մասը բացասական էր և կառուցված էր դավաճանության, ինքնիշխանության կորստի, ընտրակեղծիքների ու ազգային ինքնության դեմ պայքարի նարատիվների շուրջ։
Դիտարկումը ցույց է տվել, որ 5 ալիքներում տարածվող բովանդկությունը հաճախ համընկնում էր․ նույնն էին հիմնական նարատիվները, սկզբնաղբյուրները և տեղեկատվական ազդեցության դերակատարները՝ հայաստանյան ու ռուսաստանյան պաշտոնյաները, բլոգերներն ու լրագրողները։
Ընտրություններին Արևմուտքի միջամտության պնդումը
Դիտարկված ալիքներում պարբերաբար մեղադրանքներ էին հնչում Հայաստանի ընտրություններին Արևմուտքի միջամտության մասին։ Այս նարատիվը հանդես էր գալիս նաև որպես հակակշիռ ընտրական գործընթացներին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ մեղադրանքներին։
Այս ալիքներում1,2,3,4 էր տարածվել ընտրությունների օրը Կրեմլի ամենաակտիվ քարոզչամիջոցի՝ Russia Today-ի թարգմանությամբ հոդվածը, որում պնդում կար, թե ֆրանսիական հետախուզական գործակալությունները օգնում են արգելափակել Փաշինյանին քննադատող հրապարակումները։ Թե ինչպես, ինչ մեխանիզմով, հոդվածի հեղինակները՝ ընդհանրական ձևակերպում էին տվել։«Հրատարակության տվյալներով՝ ֆրանսիական VIGINUM թվային անվտանգության ստորաբաժանման աշխատակիցները հետևում և արգելափակում են առցանց հայտարարությունները, որոնք հակասում են Երևանի պաշտոնական դիրքորոշմանը», — գրում էր Russia Today-ը` ներկայացնելով, թե հոդվածը հրապարակվել է ֆրանսիական Le Journal du Dimanche շաբաթաթերթում։
Ընդ որում՝ RT-ի կայքում տեղադրված հղումում Le Journal du Dimanche-ի՝ Հայաստանի ընտրություններին վերաբերող մեկ այլ հոդված է՝ «Ազգային ժողովի ընտրությունների նախօրեին հայաստանյան քարոզարշավն ավարտվում է լարված մթնոլորտում» վերնագրով։ Հրապարակման մեջ, սակայն, որևէ նման պնդում չկա։
Ազգային ժողովի ընտրությունների նախօրեին հայաստանյան քարոզարշավն ավարտվում է լարված մթնոլորտում, Le Journal du Dimanche
Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Le Journal du Dimanche-ում նման հոդված ընդհանրապես չկա։ Հոդվածի սկզբնաղբյուրը անհայտ ծագում ունեցող արևմտյան պարբերակաների նմանակող easternherald.com անգլալեզու կայքն է, որն էլ իր հերթին որպես տեղեկության սկզբնաղբյուր-լրատվամիջոց հիշատակել էր Le Journal du Dimanche շաբաթաթերթը։
Չնայած պնդման սկզբնաղբյուրը և բովանդակությունը չէին հաստատվում, այն գրեթե նույնությամբ վերահրապարակվել էր հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում, այդ թվում՝ arminfo.info, Հրապարակ, Սպուտնիկ Արմենիան, alphanews.am, ArmeniaToday։
Այս դեպքը ցույց է տալիս, թե ինչպես կարող էր անհայտ ծագման կայքում հրապարակված, չհաստատված պնդումը ռուսական պետական լրատվամիջոցի, տելեգրամյան ալիքների և տեղական լրատվամիջոցների միջոցով տարածվել Հայաստանի տեղեկատվական դաշտ։
Նույն աղբյուրներն ու նույն դերակատարները
Դիտարկված 5 ալիքներում ոչ միայն տարածում կամ վերահրապարակում էին միանման տեղեկություններ, այլև հղում էին անում միևնույն հայաստանյան լրատվամիջոցներին։ Դրանց թվում էին՝ օրինակ՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող Yerevan Today-ը, 5-րդ ալիքը, Ալֆանյուզը։
Տեղեկատվական ազդեցության դերակատարների թվում ԲՀԿ-ական Արման Աբովյանն է, մեդիափորձագետ ներկայացվող Տիգրան Քոչարյանը, ռուսամետ քաղաքագետներ Բենիամին Մաթևոսյանը, Արթուր Խաչիկյանն ու այլք։
Այս ցանկին միանում են նաև ռուսական պետական գերատեսչությունների ներկայացուցիչները, նրանցից ամենից շատ մեջբերվողը ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է, որը պարբերաբար Արևմուտքին մեղադրում էր Հայաստանի ներքին գործերին և ընտրական գործընթացներին միջամտելու համար։
«Հայաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել ընդդիմության վրա աննախադեպ ճնշման և Արևմուտքի միջամտության պայմաններում», -ընտրություններից երեք օր անց հայտարարում էր Զախարովան։
«Թվային ինքնիշխանության կորստի» պնդումը
Ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դնող բազմաթիվ հրապարակումներից զատ, տելեգրամյան այս ալիքներում մեծ աղմուկ բարձրացրեց «Տելեկոմ Արմենիա»-ի և «Ազերտելեկոմ»-ի միջև կնքված համաձայնագիրը։ Ըստ այս համաձայնագրի՝ ադրբեջանական կողմը հնարավորություն է ստանում օգտվել «Տելեկոմ Արմենիա»-ի ենթակառուցվածքներից՝ Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև ինտերնետ ապահովելու համար։ «Ալֆանյուզ»-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանն այս նորությունը մեկնաբանեց որպես թվային ինքնիշխանության զիջում Ադրբեջանին.
«Ադրբեջանի միջով տրաֆիկի անցումը նրա հետախուզական ծառայություններին տեխնիկական հնարավորություն է տալիս հավաքելու մետատվյալներ հայ օգտատերերից, վերլուծելու պետական հատվածի տեղեկատվական հոսքերի կառուցվածքը և իրականացնելու վտանգավոր տվյալների որսման հարձակումներ։ Ավելին, Բաքուն ձեռք է բերում հզոր թվային անջատիչ», — պնդել էր Քոչարյանը։
Մինչդեռ Team Telecom-ից հերքել էին նման պնդումները՝ հայտարարելով, որ Ադրբեջանը հասանելիություն է ստանալու կապուղուն, ոչ թե տվյալներին.
«Մենք հայկական որևէ տվյալ իրենց չենք վաճառում, Հայաստանից որևէ բան իրենց չենք վաճառում, մենք մեր կապուղով իրենց հնարավորություն ենք տալիս, ոնց որ՝ Ա կետից Բ կետ հասնելու, որպեսզի իրենք կարողանան Նախիջևանից՝ Ադրբեջան և հակառակը»,- «Ազատությանը» հայտնել էր «Տելեկոմ Արմենիա»-ի փոխտնօրեն Արամ Բարսեղյանը։
Այնուամենայնիվ, դիտարկված ալիքներում համաձայնագիրը տեղավորվեց արդեն շրջանառվող՝ Ադրբեջանին Հայաստանի ինքնիշխանությունը զիջելու ընդհանուր նարատիվի մեջ։
Այսպիսով, մայիսի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում դիտարկված՝ բոլոր հինգ՝ Mika Badalyan, Армянская вендетта, Анив Армения, Работает Альфа, Параллель ալիքները միաժամանակ, համակարգված կերպով տարածել են գրեթե նույն նարատիվները, օգտվել են նույն աղբյուրներից և տեսանելիություն ապահովել նույն քաղաքական ու մեդիա դերակատարների համար։
Հրապարակումների հիմքում Հայաստանի հասարակության համար զգայուն թեմաներ էին՝ անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, եկեղեցին, ազգային ինքնությունը։ Դրան զուգահեռ տարածվում էին երկրի ապակայունացման, պատերազմի, տնտեսական սահմանափակումների և ինքնիշխանության կորստի մասին վախեր։
Հինգ ալիքներում նկատված բովանդակային ու ժամանակային համընկնումները ցույց են տալիս ընդհանուր տեղեկատվական համակարգ։ Այն ուղղված էր գործող իշխանությունների վարկաբեկմանը, ընդդիմադիր ուժերի տեսանելիության մեծացմանը և ընտրությունների ու պետական ինստիտուտների նկատմամբ անվստահության ձևավորմանը։
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Գլխավոր լուսանկարը գեներացված է ԱԲ—ի միջոցով





