- 4 Հուլիսի, 2018
- Արտաքին քաղաքականություն
2004 թվականին ԱՄՆ կոնգրեսը հիմնեց «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան, որի նպատակն էր ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցածր եկամուտ ունեցող այն երկրներին, որոնք համեմատաբար ժողովրդավար են:
2006 թվականին կորպորացիայի և Հայաստանի կառավարության միջև ստորագրվեց աջակցության համաձայնագիրը, որի իրագործումը, սակայն, 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների պատճառով մնաց անավարտ:
Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն ԱՄՆ պետքարտուղարին ուղղված նամակով բարձրացրեց Հայաստանի վերաբերյալ որոշումը վերանայելու հարցը: Ապա այդ հարցի հետ կապված քայլեր փորձեցին ձեռնարկել Հայաստանի իշխանություններն ու քաղաքացիական հասարակությունը:
Սակայն այս օրերին «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի՝ Հայաստանին դրամաշնորհ տալու հեռանկարը դարձել է գրեթե անհնար՝ բոլորովին նոր պատճառով:
Կոռուպցիան
Ինչպես այլ թեկնածու երկրների համար, այնպես էլ Հայաստանի համար հիմնադրամում կազմվում է քարտ, որով գնահատվում է երկրի համապատասխանելիությունը տնտեսական ազատությունների, արդարադատության և մարդկանց մեջ ներդրման (առողջապահություն և կրթություն) առումով: Տարբեր ցուցանիշների համար կորպորացիան օգտվում է տարբեր հեղինակավոր աղբյուրներից (Համաշխարհային բանկ, Freedom House, Արժույթի միջազգային հիմնադրամ և այլն):
Հայաստանի գործող քարտում հիմնական «կարմիր» (նվազգույն շեմից ներքև) ցուցանիշը կոռուպցիայի վերահսկման ցուցանիշն էր: Այն հիմնվում է Համաշխարհային բանկի զեկույցի վրա, որն իր հերթին հրապարակվում է ամեն տարվա սեպտեմբերին:
Ընդ որում, ՀԲ-ի զեկույցը, որպես կանոն, 12-18 ամսվա վաղեմության իրավիճակ է արտացոլում. հավաքագրվելուց հետո տվյալները բավական երկար ժամանակ մշակվում են և այնուհետև տեղ գտնում զեկույցում: Արդյունքում թավշյա հեղափոխությանը հաջորդող հակակոռուպցիոն զարգացումները հազիվ թե տեղ գտնեն Համաշխարհային բանկի՝ այս տարվա սեպտեմբերին հրապարակվելիք զեկույցում:
Ու թեև քննարկվում էին այս խնդիրը լուծելու որոշ տարբերակներ, սակայն այժմ ի հայտ եկավ նոր և ավելի լուրջ խնդիր:
Հայաստանը հարստացավ
Ինչպես նշվեց, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան ֆինանսավորում է ժողովրդավարական արժեքները հարգող ցածր եկամուտներ ունեցող երկրներին: Մասնավորապես, անհրաժեշտ է, որպեսզի երկրի եկամուտները գնահատվեն «lower-middle»-ից («ցածր միջին») ոչ ավել: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի պետությունում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն լինի 3896 ԱՄՆ դոլարից պակաս:
2016-2017 ֆիսկալ տարում (ամերիկյան ցիկլով) Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 3760 դոլար, այնինչ 2017-2018 ֆիսկալ տարում այդ ցուցանիշը հասավ 4000 դոլարի: Այդ հիմքով Համաշխարհային բանկը «ցածր միջին» եկամտով երկրների ցանկից Հայաստանը տեղափոխեց «բարձր միջին» երկրների ցանկ:
Ըստ այդմ, համաձայն 2003 թվականի «Հազարամյակի մարտահրավերին» վերաբերող ԱՄՆ կոնգրեսի ակտի՝ Հայաստանը դուրս կմնա «Հազարմյակի մարտահրավեր» կորպորացիայի դրամաշնորհների համար հայտ ներկայացնելու իրավունք ունեցող երկրների ցանկից:
Սա, թերևս, չի նշանակում, որ Հայաստանը զրկվել է այդ մոտ 100-150 միլիոն դոլարի դրամաշնորհը ստանալու հնարավորությունից: Այդ ամերիկյան գումարները Հայաստան բերելու այլ հնարավորություններ էլ կան, որոնք կապված չեն ֆորմալ չափանիշների բավարարման հետ և կարող են լինել քաղաքական որոշման արդյունք:
Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքաքացիների միավորում»