Աթոռազուրկ կաթողիկոսներ

Անցնող օրերին շատ է քննարկվում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի հարցը: Պատմության ընթացքում եղել են դեպքեր, երբ հայոց կաթողիկոսները չեն գահակալել մինչև իրենց մահը: Նաև եղել են կաթողիկոսներ, որոնք հրաժարվել կամ հեռացվել են գահից: Անդրադառնանք նրանցից մի քանիսին:

Հուսիկ Ա Պարթև (341-347թթ.): Տիրան արքայի հրամանով բրածեծ է արվել և սպանվել  Ծոփքի Բնաբեղ բերդում:

Դանիել քորեպիսկոպոս: Հուսիկ Ա-ից հետո՝ 347 թվականին, Տիրանի հրամանով կարգվել է հայոց կաթողիկոս (եկեղեցու պաշտոնական ցանկում Դանիել քորեպիսկոպոսը չի նշվում որպես կաթողիկոս): Նույն թվականին խեղդամահ է արվել:

Սահակ Ա Պարթև: 387-436թթ. ժամանակահատվածում ընդհատումներով գահակալել է որպես Ամենայն հայոց կաթողիկոս: 428-429թթ. նրան փոխարինել է Սուրմակը: Վերջինս, մինչ Մանազկերտի եպիսկոպոս ձեռնադրվելը, հայոց կաթողիկոսների գավազանագրքում[1] ընդգրկված չէ: Այն բանից հետո, երբ Սահակ Պարթևը հրաժարվել է վերադառնալ կաթողիկոսական գահին, Սուրմակը կրկին ստանձնել է Մայր Աթոռի ղեկավարումը (437-443թթ.): 429-432թթ. կաթողիկոսական աթոռին է հայտնվել Բրքիշոն: Վերջինիս վարած ճոխ կյանքը դժգոհությունների տեղիք է տվել, ինչը հանգեցրել է նրա աթոռազրկմանը: 432 թվականից որպես Սահակ Ա Պարթևին ընդդիմադիր և հակաթոռ[2] հայրապետ է նշանակվել Շմուելը կամ Շամվելը: Շամվելի մահից հետո նախարարները խնդրում են Սահակ Պարթևին վերադառնալ կաթողիկոսական աթոռին: Թեև հրաժարվում է, սակայն մինչ մահը՝ 439թ., փաստացի իր ձեռքում է պահում հոգևոր իշխանությունը:

Քրիստափոր Բ Ապահունի (628-630թթ.): Սեբեոսի հաղորդմամբ՝ բնավորությամբ հպարտ էր, ամբարտավան և սուր լեզու ուներ: Հակադրվել է մարզպանին, որն էլ ստիպել է կաթողիկոսին հրաժարական տալ:

Սարգիս Ա Սևանցի (992–1019թթ.): Ինքնակամ հրաժարվել է գահից և կաթողիկոս օծել Պետրոս Գետադարձին:

Պետրոս Ա Գետադարձ (1019-1058թթ.): Նրա բյուզանդամետ քաղաքականությունը զայրացնում է Հովհաննես-Սմբատ արքային: Վերջինս 1037թ. զրկում է նրան կաթողիկոսական աթոռից և արգելափակում Բջնու ամրոցում: 1039թ. Պետրոսին հաջողվում է վերահաստատվել կաթողիկոսական աթոռին:

Հակոբ Բ Անավարզեցի: Որպես հայոց կաթողիկոս գահակալել է երկու անգամ: Առաջին փուլը եղել է 1327-1341թթ.: Քաղաքական հանգամանքներից և ճնշումներից ելնելով՝ 1341թ. հրաժարվել է կաթողիկոսական աթոռից: Նրան հաջորդած Մխիթար Ա Գռներցու մահից (1355) հետո նորից ընտրվել է հայոց կաթողիկոս (աննախադեպ է հայ եկեղեցու պատմության մեջ):

Հովհաննես Է Աջակիր  (1474-1484թթ.): 1484թ. մեկնում է Լեհաստան՝ տեղի հոգևոր գործերը կարգավորելու և հայ գաղթականներից նվիրատվություններ հավաքելու համար: Լեհաստանից այլևս չի վերադառնում: Նրա մեկնելուց հետո հայոց կաթողիկոսական գահին բազմում է Սարգիս Գ Մյուսայլը, ով մինչ այդ Հովհաննեսի աթոռակիցն էր[3]:

Դավիթ Դ Վաղարշապատցի (1590-1629): Այս կաթողիկոսն ունեցել է մի քանի աթոռակիցներ: Որոշ ուսումնասիրողներ նրան անվանում են Դավիթ Ե: Պարտքերի պատճառով կաթողիկոսական աթոռը զբաղեցնելու տարիների հիմնական մասն Էջմիածնում չի անցկացրել: Աթոռից զրկվել է 1629թ., մահացել է 1633 թվականին:

 

Վահրամ Թոքմաջյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

 

[1] Գավազանագիրք- գահացանկ, հոգևոր և աշխարհիկ իշխանավորների հաջորդության ժամանակագրական ցանկ, կարգ, աղյուսակ։ Հայ միջնադարյան մատենագրության տեսակ:
[2] Հակաթոռ- (եկեղ.) օրինական աթոռակալի դեմ աթոռ գրավող: Ընդունված պրակտիկա էր օտար ուժերի կողմից, որոնք Հայաստանում իրենց դիրքերն ամրապնդելու համար նշանակում էին կաթողիկոսի հակակշիռ:
[3] Աթոռակից-(եկեղ․) միաժամանակ տարբեր վայրերում աթոռակալողներից յուրաքանչյուրը: Սովորաբար աթոռակիցներ ունենում էին կաթողիկոսները, ելնելով ներքին ու արտաքին տարբեր խնդիրներից:

Առնչվող