Տարկետման իրավունքը չպետք է ընկալվի որպես բանակից ազատվելու առիթ

Հայաստանում թեև հետհեղափոխական շրջանում որոշակի դրական զարգացումներ են տեղի ունենում կրթության ոլորտում, այնուամենայնիվ, որոշ հարցերում քաղաքացիական հասարակությունը տեսնում է բացեր և հանդես գալիս առաջարկություններով։

Մասնավորապես, կրթության ոլորտում զարգացումների վերաբերյալ Հանրային քաղաքականության ինստիտուտի՝ 2018-ի վերջին հրապարակված տեղեկագրում բերվում են մի շարք առաջարկություններ՝ կապված տարկետման իրավունքի տրման հետ։

Հայաստանի կառավարությունը 2018 թվականի ապրիլի 12-ին վիճահարույց փոփոխություններ էր կատարել պարտադիր զորակոչից գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին տարկետում տրամադրելու կարգի և պայմանների մեջ։ Արդեն հետհեղափոխական շրջանում, սակայն, 2018-ի հոկտեմբերի 4-ին կառավարությունն ընդունել է որոշման նախագիծ, որով ապրիլին ընդունված որոշումը ենթարկվել է փոփոխությունների։ Համաձայն այդ փոփոխությունների, տարկետման իրավունք տալու կարգից հանվել են «գերակա ուղղություններ» ձևակերպումը և հանձնաժողովների ու հարցազրույցների բաղադրիչը։

Հանրային քաղաքականության ինստիտուտը, սակայն, գտնում է, որ տարկետման իրավունքի տրման կարգի փոփոխությունները պետք է ընդունվեին որոշ փոփոխություններով և լրացումներով։

Մասնավորապես, ՀՔԻ-ն առաջարկում էր նոր նախագծում սահմանել, թե ինչ նպատակ է հետապնդում տարկետման իրավունքի շնորհումը: Համապատասխան ձևակերպումների բացակայությունը տարընթերցումների պատճառ է դառնում և խթանում է այն տարածված տեսակետը, թե տարկետումն ընդամենը զինվորական ծառայությունից խուսափելու առիթ է:

Անդրադառնալով գերակա ուղղությունների խնդրին՝ ՀՔԻ-ն առաջարկում է պահպանել այդ ձևակերպումը և ամեն տարի թարմացնել այն գերակա ուղղությունները, որոնցով զբաղվող քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ տարկետման իրավունք։ ՀՔԻ-ն գտնում է, որ գերակա ուղղություններով զբաղվող քաղաքացիներին տարկետում տալու ձևակերպումը հանելով՝ բաց է մնում այն հարցը, թե ինչպես, ինչ սկզբունքներով և համամասնությամբ են բաժանվելու տարկետման տեղերը բուհերի կամ մասնագիտությունների միջև:  Ըստ ՀՔԻ-ի, գերակա ուղղությունների տարեկան վերանայման հնարավորությունը բավարար ճկունություն կապահովի՝ հաշվի առնելու թե՛ գիտության ու կրթության ոլորտի, թե՛ աշխատաշուկայի ու տնտեսության նոր պահանջները:

Ինչ վերաբերում է տարկետման իրավունք տրամադրելու համար անցկացվող հարցազրույցներին, ապա ըստ ՀՔԻ-ի, հարցազրույցների ձևաչափն անհրաժեշտ էր պահպանել, սակայն կատարել որոշակի փոփոխություններ։ Մասնավորապես, առաջարկվում է հարցազրույցն անցկացնող հանձնաժողովում ներգրավել ԿԳ և ՊՆ ներկայացուցիչների, ինչպես նաև տարբեր ոլորտային փորձագետների: Հարցազրույցը թույլ կտա հասկանալ տվյալ անձի՝ տարկետում ստանալու մոտիվացիան, հետագա մասնագիտական և գիտական նպատակներն ու այլ կարողությունները։

Բացի սա, առաջարկվում է նաև սահմանել որոշակի պայմաններ, որոնց կատարման դեպքում քաղաքացին կկարողանա տարկետում ստանալ պարտադիր ժամկետային ծառայությունից։

Մասնավորապես, կարելի է որպես պայման սահմանել, որ քաղաքացին գիտական աստիճան ստանալուց հետո որոշակի ժամանակահատված (3 կամ 5 տարի) գիտամանկավարժական գործունեություն ծավալի։

Հարկ է նշել, որ թեև Հանրային քաղաքականության ինստիտուտի այս առաջարկությունները չեն ընդունվել կառավարության կողմից, բայց կազմակերպությունը շարունակելու է հետևողական աշխատանքներ տանել տարկետման հարցում անհրաժեշտ բարեփոխումների հասնելու համար։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Առնչվող