- 29 Ապրիլի, 2019
- Ժողովրդավարություն եվ մարդու իրավունքներ
Հայաստանում գործող քրեակատարողական հիմնարկների առողջապահական հաստատությունները լիցենզավորված չեն և դրանցում մատուցվող առողջապահական ծառայությունների որակն էապես զիջում է քաղաքացիական բուժհաստատությունների մատուցած ծառայությունների որակին։
Թեև Հայաստանի կառավարության 2018 թվականի մարտին ընդունած որոշման համաձայն պետք է ստեղծվի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որն արդեն կլինի Առողջապահության նախարարության վերահսկողության ներքո և կլիցենզավորվի, ինչպես մյուս բուժհաստատությունները, այնուամենայնիվ, այդ գործընթացն ավարտին հասցված չէ, և բանտային առողջապահության կառավարումը դեռևս գտնվում է Քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի ենթակայության ներքո։
Ինչպես նշվում է «Քրեակատարողական համակարգի հիվանդանոցային այժմյան ծառայությունների արդիականացման արդյունավետ մոդելների առաջարկման նպատակով իրականացված գնահատողական առաքելության արդյունքների վերաբերյալ» 2018 թվականին հրապարակված զեկույցում, ՀՀ քրեակատարողական համակարգում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ են մատուցվում 12 քրեակատարողական հիմնարկներում, այդ թվում՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:
Սակայն, ի տարբերություն Հայաստանում գործող բոլոր մյուս առողջապահական հաստատությունների, քրեակատարողական հիմնարկների շրջանակում առողջապահական ծառայություններ մատուցող ստորաբաժանումները լիցենզավորված չեն:
Քրեակատարողական հիմնարկներում առողջության առաջնային պահպանման բաժանմունքները, կախված քրեակատարողական հիմնարկների չափից և հիմնարկում պահվող անձանց թվից, հիմնականում ունեն բժիշկներ (որպես կանոն նրանցից մեկը հանդիսանում է ստորաբաժանման պետ) և բուժքույրեր:
Երկրորդային բժշկական օգնության տրամադրումը իրականացվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում, որը ՀՀ քրեակատարողական համակարգում իր տեսակի մեջ միակ նման հաստատությունն է:
Ըստ վերոնշյալ զեկույցի, սույն հիվանդանոցն ունի նյութատեխնիկական և կադրային վերազինման խիստ անհրաժեշտություն: Հիվանդանոցում բացակայում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքը, մինչդեռ դա երկրորդային բժշկական ծառայություններ մատուցող հաստատության համար պարտադիր պահանջ է:
Նման վատ պայմաններում հիվանդանոցային որակյալ բժշկական ծառայությունների մատուցումը հնարավոր չէ ապահովել:
Ներկայացվող զեկույցի համաձայն, անհրաժեշտ է, նախ, քրեակատարողական հիմնարկներում ապահովել առաջնային բուժօգնության ամբողջ ծավալը, ներառյալ բուժքույրական խնամքը, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող ազատազրկված անձանց համար։ Անհրաժեշտ է նաև ապահովել պոլիկլինիկայի կազմակերպման մոդելի վրա հիմնված երկրորդային մակարդակի ամբուլատոր բժշկական օգնությունը և տուբերկուլոզով և դիմակայուն տուբերկուլոզով հիվանդների խնամքը:
Սրանով հանդերձ, որոշ դեպքերում քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար քաղաքացիական հիվանդանոցներում պետք է իրականացվեն բարդ վիրահատական միջամտությունները և ախտորոշիչ, թերապևտիկ ու բուժքույրական այն միջամտությունները, որոնք պահանջում են համապատասխան բժշկական սարքավորումներ և/կամ փորձ։
Բանտերում առողջապահական վիճակը կարող է ուղիղ ազդեցություն ունենալ ազատության մեջ ապրող բնակչության առողջության վրա, քանի որ քրեակատարողական հիմնարկները սերտորեն կապված են համայնքների հետ: Ազատազրկված անձինք արձակուրդ են գնում, ընդունում եմ այցելուներ և երբեմն հաճախում են դրսում գտնվող աշխատանքային վայրեր կամ առողջապահական հաստատություններ: Ազատազրկված անձանց գերակշիռ մասը, ի վերջո, լքում է բանտը և վերաինտեգրվում հասարակությանը:
Ինչպես նշվում է զեկույցում, թեև քրեակատարողական հիմնարկներից հաղորդվող առողջապահական տեղեկատվությունը բավականին աղքատիկ է, փաստերը վկայում են այն մասին, որ քրեակատարողական հիմնարկներում տուբերկուլոզի բռնկումները նպաստել են տուբերկուլոզի դեպքերի աճին նաև տեղական համայնքներում:
Հետևաբար, բանտային միջավայրն ինքնին մարտահրավեր է ներկայացնում հանրային առողջապահության համար և ազատազրկված անձանց ֆիզիկական ու հոգեկան հիվանդությունների հարցի լուծումը կնպաստի հանրային առողջապահության բարելավմանը»։
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։