Բիբինի նամակը Նազարյանին

Ինչպես հայտնի է, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի գնի թանկացման նախորդ օրը «Հայաստանի էլեկտրական ցանցերի»  գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը նամակ էր հղել հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին (նամակն ամբողջությամբ՝ այստեղ):

9 էջանոց նամակում, մասնավորապես, ՀԷՑ-ի ղեկավարը հայտնում է, որ բավարարված չի լինի էլեկտրաէներգիայի սակագների 7 դրամանոց թանկացմամբ և պնդում է հայտում նշված 17 դրամանոց թանկացման անհրաժեշտությունը: Նամակում նաև նշվում է 7 դրամանոց թանկացման մեջ չներառված բազմաթիվ ծախսերի անհրաժեշտությունը և հիմնավորվածությունը:

Նամակի եզրափակիչ մասն, ըստ էության, իրենից ներկայացնում է վերջնագիր: Մասնավորապես, այդտեղ գրված է,-«Նշված որոշման նախագիծը հաստատվելու դեպքում, ՀԵՑ-ը չի կարող երաշխավորել մատակարարվող էլեկտրաէներգիայի որակին և հուսանելիությանը ներկայացվող անհրաժեշտ պահանջների բավարարումը, ինչպես նաև ապահովել մատուցվող ծառայության որակի բարելավմանն ու պահպանմանն ուղղված անհրաժեշտ ներդրումների իրականացումը:

Վերը նշվածի առնչությամբ սակագների հաստատումից հետո ՀԵՑ-ը կդիմի ՀԾԿՀ-ին ստեղծված իրավիճակում լիցենզավորված գործունեության իրականացման հնարավորությունը քննարկելու նպատակով:

Ցանականում եմ ընդգծել, որ նման  մոտեցման դեպքում, երբ սակագնում անտեսվում է տնտեսապես հիմնավորված ծախսերի գերակշիռ մասը, ՀԵՑ-ը հորդորում է ՀԾԿՀ-ին ուշադրություն դարձնել կայացված որոշման կարևորությանը և դրանից բխող պատասխանատվությանը, քանի որ այս պարագայում ՀԵՑ-ը հայտնում է իր պարտականությունների՝ անհրաժեշտ ծավալով կատարման անհնարինության մասին:»

Իսկ ՀԷՑ-ը լիցենզավորված է անխափան էլեկտրաէներգիա մատակարարել (բաշխել) բնակչությանն ու հիմնարկներին: Այսինքն, կարելի է եզրակացնել, որ ՀԷՑ-ի ղեկավարն ասում է, որ իրենք այլևս չեն կարողանալու անխափան էլեկտրաէներգիա մատակարարել բաժանորդներին, կամ, ինչը պակաս վտանգավոր չէ, չեն կարողանալու էլեկտրակայաններին վճարել գնված էլեկտրաէներգիայի դիմաց:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Առնչվող