Իրավապահ մարմինների գործունեությունը վստահություն չի ներշնչում․ 2015-17 թթ․ ուսումնասիրություն

Հայաստանում հանրության վերաբերմունքն իրավապահ մարմիններին ոչ միանշանակ է, և հանրության շրջանում առկա է իրավապահ մարմինների նկատմամբ վստահության և ապահովության զգացման պակաս։ Այսպիսի եզրակացության կարելի է հանգել՝ ուսումնասիրելով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի՝ «ՀՀ իրավապահ մարմինների գործունեությունը բնորոշող համաթվերը» զեկույցը։

Զեկույցում բավական բարդ ու համապարփակ մեթոդաբանությամբ ուսումնասիրվել է հասարակության վերաբերմունքը իրավապահ մարմինների կամայականություններին, ինչպես նաև հասարակության շրջանում ոստիկանության ունեցած վստահության մակարդակը։ Ուսումնասիրությունն իրականացվել է 2015-17 թվականներին։

Ինչպես նշվում է զեկույցում, ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ իրավապահ մարմինների և ոստիկանության նկատմամբ հանրության վերաբերմունքն ուղիղ կապ ունի երկրում տեղի ունեցող հասարակական և քաղաքական իրադարձությունների, և դրանցում իրավապահ մարմինների ներգրավման աստիճանի հետ: Մասնավորապես, ըստ զեկույցի, 2016 թվականի ամռանը ՊՊԾ գնդի գրավման և դրան հաջորդած իրադարձությունների ժամանակ իրավապահ մարմինների նկատմամբ հանրության վերաբերմունքի համաթվերը եղել են զրոյից ցածր մակարդակում, այսինքն՝ այդ ընթացքում հանրությունը նվազագույնն է վստահել ուժային կառույցներին։

Ուշագրավ է նաև, որ իրավապահ մարմինների նկատմամբ ավելի թերահավատորեն են տրամադրված և պակաս ապահով են իրենց զգում սոցիալապես անապահով շերտերը։ Այսպես, ըստ զեկույցի, իրավապահ մարմինների կամայականությունների համաթիվն ավելի ցածր է այն հարցվածների մոտ, որոնք նշել են, որ իրենց գումարը չի բավարարում սնունդ գնելու համար։ Սա նշանակում է, որ սոցիալապես անապահով քաղաքացիներն իրենց պաշտպանված և ապահով չեն զգում իրավապահ մարմինների կամայականություններից։

Հատկանշական է ուսումնասիրության արդյունքում պարզված մեկ այլ հանգամանք ևս։ Իրավապահ մարմինների կամայականությունների համաթիվն ամենացածրն է Երևանում և այլ քաղաքային համայնքներում։ Ուսումնասիրության հեղինակների պնդմամբ, այս առանձնահատկությունը պայմանավորված է նրանով, որ քաղաքների բնակիչներն ավելի ակտիվ են սոցիալ-տնտեսական և քաղաքացիական գործընթացներում, ուստի՝ նրանց պատասխանները և դատողություններն ավելի շուտ հիմնված են սեփական փորձի կամ դիտարկումների վրա:

Ընդհանուր առմամբ, իրավապահ մարմինների և հատկապես ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը կախված է այդ մասին տեղեկատվության ստացման աղբյուրներից։ Մասնավորապես, ուսումնասիրության արդյունքների համաձայն, այն մարդիկ, որոնք ոստիկանության գործունեության մասին իմանում են հեռուստատեսությունից, ավելի շատ են վստահում, և ոստիկանության հանդեպ վստահության համաթիվը նրանց շրջանում, համապատասխանաբար, մեծ է։ Այլ է պատկերն այն մարդկանց մոտ, որոնց համար տեղեկատվության ստացման աղբյուր են առցանց լրատվամիջոցները, և նրանց շրջանում ոստիկանության հանդեպ վստահության համաթիվն ավելի ցածր է։

Զեկույցի հեղինակները, ըստ այդմ, պնդում են, որ անհրաժեշտ է ձեռնարկել քայլեր ոստիկանության հանդեպ հասարակության վստահությունը բարձրացնելու համար, ինչի համար հիմք պետք է ծառայի ոստիկանության գործելաոճի և առաքելության արմատական փոփոխությունը: «Պետք է հասարակական գիտակցության մեջ արմատավորվի այն դրույթը, որ ոստիկանությունն իրականացնում է օրենքով սահմանված իր պարտականությունները»,- նշվում է զեկույցում:

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Առնչվող